Ուղեւորները պայքարում են ծխող վարորդների դեմ

28/02/2007 Նոննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

– Գոնե պատուհանը բացեք: Ավելի լավ է մրսեմ, քան շնչեմ այդ թույնը,- ծխող վարորդին դիմեց 69 համարի երթուղային տաքսու ուղեւորներից մեկը:

– Էս գրածն էլ չի ազդում,- ասաց ուղեւորը, ով նկատել էր երթուղային տաքսու ապակիներից մեկին փակցված հուշաթերթիկն, ըստ որի, եթե վարորդը ծխում է, ապա ուղեւորը կարող է դիմել նշված հեռախոսահամարով:

Ուղեւորի դժգոհությունից հետո վարորդը գցեց ծխախոտը, փակեց պատուհանը եւ քմծիծաղ տվեց:

Ինչպես տեղեկացանք ՀՀ Առողջապահության նախարարության հակածխախոտային ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանից, այդ հաղորդագրությունները պարզապես իրազեկում են մարդկանց, եթե տեղյակ չեն` տեղեկանան, ցանկության դեպքում` նաեւ բողոքեն: «Հատուկ վերահսկող մարմին չկա, այս պահին այն իրականացվում է ղեկավար մարմինների կողմից: Բացի այդ, ՀՀ օրենքի համաձայն, երթուղային տաքսիներում ծխելն արգելվում է»:

Իսկ թե ինչո՞ւ բոլոր երթուղայիններում չեն փակցված նման թերթիկներ, Ալեքսանդր Բազարչյանը պատասխանեց. «Օրենքով չի կանոնակարգվում այն փաստը, որ բոլոր երթուղայիններում պետք է պարտադիր փակցված լինեն այդ հուշումները»:

Ուղեւորը բողոքում է, բայց ոչ համապատասխան մարմիններին, այլ պարզապես զգուշացնում կամ խնդրում է վարորդին, որպեսզի հետեւի օրենքին: Նման մի ուղեւոր էլ` Սուսաննա Նադարյանը, ով պետք է երկու ժամ ճանապարհ գնար իրենց գյուղ հասնելու համար, դիմել է վարորդին: Գրեթե նոր էին շարժվել, երբ վարորդը սկսեց ծխել: Ս. Նադարյանի դժգոհությունից՝ թե ծխում եք նույնիսկ հուշաթերթիկը փակցված լինելու դեպքում, վարորդը պատասխանում է. «Ո՞նց կարող եմ չծխել, բացի էդ էլ, մենք արդեն քաղաքում չենք»:

Սակայն քիչ անց, վարորդը շուրջը նայելով՝ նկատել է, որ դեռ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում են, եւ գցել է ծխախոտը: Այդ զգուշացումից հետո վարորդը մինչեւ գյուղ հասնելը ծխել է ընդամենը մեկ ծխախոտ, այն էլ, երբ ճանապարհին կանգ են առել:

Փաստորեն, վարորդի պատասխանից կարելի է ենթադրել, որ այդ հուշագրերը վերաբերում են միայն մայրաքաղաքի երթուղային տաքսիներին: Միգուցե պատճառն այն է, որ նրանք ավելի երկա՞ր ճանապարհ են գնում: Սակայն օրենքը օրենք է բոլորի համար: «Վիրաբույժ կա, որ չի կարողանում չծխել, դե, թող վիրահատության ժամանակ էլ ծխի: Կամ պետք է կարողանան, կամ պետք է չաշխատեն,- ասաց Ալեքսանդր Բազարչյանը` ավելացնելով,- Վարորդն ընդհանրապես պետք է չծխի, քանի որ նա նստած է ղեկին եւ վտանգում է մարդկանց: Եվ այդ հուշումների նպատակն էլ հենց դա է, որպեսզի չվտանգեն այն մարդկանց, ովքեր գտնվում են երթուղայինում` չենթարկելով նրանց երկրորդ վտանգի` ծխի ազդեցությանը»:

Ամսական տուգանք չկա, բայց համապատասխան մարմինն ասում է, որ կարող է հասնել ընդհուպ վարորդին աշխատանքից ազատելուն: Ալեքսանդր Բազարչյանը համոզված է, որ տարիների ընթացքում կհասնեն արդյունքի: Մեկ-մեկուկես տարի հետո հետազոտություն կանցկացնեն, որով պարզ կդառնա, թե որքանով է կրճատվել ծխող վարորդների թիվը: Իսկ միգուցե տեսնեն, որ ոչ մի փոփոխություն էլ տեղի չի՞ ունեցել: Ալեքսանդր Բազարչյանի կարծիքով, սակայն, իրավիճակը չի կարելի համեմատել կես տարի առաջվա հետ. «Չեմ ասում` չկա, չեն ծխում: Բնակչությունը լավ հետեւում է դրան: Առաջ նույնիսկ չէին բողոքում, չէին ասում»:

Չպետք է մոռանալ, որ այսօր մեր երթուղայինների գրեթե մեծ մասը, եթե ոչ ամբողջությամբ, աշխատում են գազով: Մի դեպք էլ հանդիպել է 50 համարի երթուղայինում, երբ ուղեւորը, մտնելով երթուղային տաքսի, գազի արտահոսքի ձայն է լսել եւ հոտ է զգացել: Այդ մասին անմիջապես տեղեկացրել է վարորդին, իսկ վարորդն ասել է. «Ոչինչ, նոր եմ գազ լցրել»: Եվ հանելով ծխախոտը` սկսել է ծխել: Չնայած ուղեւորների դժգոհությանը` վարորդը հանգստացրել է նրանց եւ շարունակել ծխել: