Բժշկական կադրերի պատրաստման հարցն առողջապահական համակարգի ամենալուրջ խնդիրներից է: Քանի դեռ համակարգը շարունակում է տարեցտարի «արտադրել» բժիշկներ, որոնք, ըստ էության, պետք չեն երկրին, համակարգի զարգացումը չի կարող իրական արդյունքի հասնել:
Մարդը, որն ընդունվել է ինստիտուտ, իր կյանքի մոտ տասը տարին նվիրել այդ մասնագիտությանը, տասնյակ հազարավոր դոլարներ ծախսել այն ձեռք բերելու համար, ուսման ընթացքում նաեւ հոգացել է այլ ծախսեր, ամեն ինչի կարող է դիմել՝ աշխատանքի ընդունվելու համար: Իսկ աշխատանքի ընդունվելուց հետո փորձելու է այդ տասը տարիների ընթացքում ծախսած գումարները հետ վերադարձնել տարբեր եղանակներով՝ հիվանդից գումար վերցնելով, ուրիշ բժշկից հիվանդ «փախցնելով» եւ այլն: Հաշվի առնելով, որ հիվանդների քանակը բժիշկների թվաքանակից քիչ է, ստացվում է, որ յուրաքանչյուր հիվանդի վրա ընկնում է մի քանի բժշկի եւ բուժքրոջ «ֆինանսավորման» բեռը: Այսպիսով, առողջապահության այդքան բաղձալի մատչելիությունը մշուշապատվում է: Բժշկության մեջ գոյություն ունեն պոպուլյար եւ ոչ պոպուլյար մասնագիտություններ, որոնց գրավչության չափանիշը որոշվում է «փողաբերությամբ»: Դրանց թվում են ստոմատոլոգիան, գինեկոլոգիան, կարդիոլոգիան, վիրաբուժությունը եւ այլն: Իսկ, օրինակ, ֆիզիատորի, մաշկաբանի, ինֆեկցիոնիստի կամ ուռուցքաբանի մասնագիտություններն այնքան էլ հարգի չեն: Նման պայմաններում դաշտում անհամաչափություն է ստեղծվում: Այդ մի քանի պոպուլյար ոլորտներում տարեկան հայտնվում են 15-20 բժիշկներ, որոնք հարկավոր են ոչ այնքան Երեւանին, որքան մարզերին: Ընդհանուր առմամբ, այսօր մարզերում բժշկի երեք հարյուրից ավելի թափուր տեղեր կան: Բայց ակնհայտ է, որ քաղաքում աշխատող բժիշկը նույն պայմաններով, որոնցով աշխատում է մայրաքաղաքում, քաղաքից դուրս աշխատել չի համաձայնի:
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում մարզերում բժշկական ծառայության որակն ու մատչելիությունն ապահովելու համար: ՀՀ կառավարության կողմից հաստատված աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում (ԱՀՌԾ) նշվում է, որ «Առողջապահության ոլորտում ծրագիրը նպատակ ունի շրջադարձ կատարել համակարգի զարգացման վերջին տարիներին նկատված անբարենպաստ միտումներից եւ առավելագույնս իրականացնել քաղաքացիների առողջության պահպանման սահմանադրական իրավունքը` կտրուկ բարձրացնելով պետության կողմից երաշխավորվող բուժօգնության մատչելիությունը եւ որակը (առաջին հերթին՝ բնակչության աղքատ խմբերի համար)»: Իսկ առավել աղքատ խմբերը տեղաբաշխված են հենց մարզերում:
Ընդհանուր առմամբ, Երեւանում են կենտրոնացած հանրապետության բոլոր բժիշկների 67,4%-ը (երկրի բնակչության թվաքանակի 34,3%-ի պայմաններում): Այսինքն, բոլոր մարզերում միասին վերցրած ավելի քիչ բժիշկներ կան, քան միայն Երեւանում: Կադրային հարցը հատկապես սուր է հեռավոր, լեռնային եւ սահմանամերձ բնակավայրերում, մինչդեռ մարզային կենտրոններում գտնվող բուժհիմնարկները համեմատաբար ավելի ապահովված են անհրաժեշտ բժիշկներով: «Դիագնոստիկա» բժշկական միավորման տնօրեն եւ առողջապահության տնտեսագետ Սարո Ծատուրյանի կարծիքով մարզերը բժշկական կադրերով ապահովելու հարցը կարող է լուծվել` հիմնվելով առողջապահության բյուջեի տարեցտարի աճելու միտման եւ բժիշկների ֆինանսական խրախուսման վրա:
«1. Բժշկի ամսական աշխատավարձի չափը (150.000 դրամ` ներառյալ հարկերը, ինչը թույլ կտա ապահովել ամսական մոտ 200 ԱՄՆ դոլարի համարժեք մաքուր եկամուտ):
2. Մարզում ապրելու եւ աշխատելու համար անհրաժեշտ այլ ծախսերի միջին ամսական չափը, ներառյալ բնակարանի վարձակալության վճարը, ճանապարհածախսը եւ այլն (60.000 դրամ):
3. Որոշակի սկզբնական գումար, որը կարող է հատկացվել Երեւանից մարզ մեկնող յուրաքանչյուր բժշկի` երկարաժամկետ վարկի տեսքով, սկզբնական շրջանում առավել հրատապ կենցաղային խնդիրների լուծման համար (բնակարանի վերանորոգում, կահավորում եւ այլն) – 1.000.000 դրամ:
Այսպիսով, մեկ հոգու հաշվով անհրաժեշտ ներդրումն առաջին տարվա համար կկազմի 3.520.000 դրամ, երկրորդ եւ հետագա տարիների համար` 2.520.000 դրամ: Հաշվարկների պարզության համար կարող ենք հաշվի չառնել այն հանգամանքը, որ որպես վարկ տրամադրված գումարն ինչ-որ պահից (ենթադրենք` երկրորդ կամ երրորդ տարուց սկսած) պետք է աստիճանաբար մարվի` այսպիսով լրացուցիչ ռեսուրսներ ստեղծելով այս ծրագրի հետագա ֆինանսավորման համար: Եթե պետությունը որոշեր նման մոտեցում որդեգրել այս հարցում, ապա այս պահին պահանջվող 311 թափուր հաստիքների լրացման համար (ենթադրելով, որ դրանց համար կհայտարարվեր մրցույթ եւ կընտրվեին համապատասխան որակավորման մասնագետներ) կպահանջվեր մոտ 1.1 միլիարդ դրամ (առաջին տարվա համար): Այլ կերպ ասած` ավելի քան 300 բժիշկների դեպի մարզեր գործուղելու համար կարող էր ծախսվել պետական բյուջեից առողջապահությանը նախորդ տարվա համեմատ լրացուցիչ հատկացվող շուրջ 5 միլիարդ դրամի մոտ 20 տոկոսը»:
ՀՀ ԱԺ «Սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի» նախագահ Գագիկ Մխեյանի խոսքերով, մարզերում բժիշկների թափուր տեղերի խնդիրը պահանջում է օրենսդրական լուծում, ինչի վրա հանձնաժողովն այժմ աշխատում է: Գ. Մխեյանը, սակայն, նշեց, որ ծանոթ չէ Սարո Ծատուրյանի առաջարկներին եւ ցանկություն հայտնեց քննարկել դրանք: