Գեղեցկությունը գումար է պահանջում

28/02/2007 Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ

«Եթե հայ հաճախորդների մեծամասնությանն առաջարկենք այն սանրվածքը, որն ընտրում է եվրոպացին, ապա չի բացառվում, որ ֆենով հարվածի վարսավիրի գլխին»,- այս կարծիքին է «Լիզա» գեղեցկության սրահի ստիլիստ-վարսահարդար Արայիկ Չինարյանը: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում այնքան էլ չեն ընդունվում եվրոպական սանրվածքները, օրինակ` մի կողմը երկար, մյուսը` կարճ, սակայն գտնվում են համարձակներ, ովքեր հայտնվում են փողոցում շատերի համար անսովոր սանրվածքով: «Սանրվածքներն ու մարդկային բնավորությունները տարբեր են լինում: Այսօր կարելի է հանդիպել տղաների, որոնց մազերը «միլիրովկա» են արված: Դա, իհարկե, ոչ բոլորն են ընդունում, սակայն, երբ տվյալ մարդուն դուր է գալիս, ապա ոչ մի խնդիր չկա»,- ասաց «Հմայք» ուսումնական կենտրոնի գործադիր տնօրեն Կարինե Խաչատրյանը:

Վարսահարդարներն իրենց մասնագիտությունը համարում են եւ՛ արհեստ, եւ՛ արվեստ: Արվեստ, քանի որ նրանք յուրաքանչյուր վայրկյան ստեղծագործում են, նոր շունչ տալիս սանրվածքին: Այսօր Հայաստանում գոյություն չունի վարսավիրներին միավորող, վարսավիրությունը զարգացնող կազմակերպություն, իսկ բացը փորձում են լրացնել վարսահարդարման պարագաներ արտադրող եւ ներմուծող կազմակերպությունները՝ հաճախակի կազմակերպվող սեմինար-պարապմունքների միջոցով: Վարսավիրների մեծամասնությունը դժգոհ չէ իր աշխատանքից եւ աշխատավարձից: Սակայն հաճախ վարսավիրները գերադասում են տանն աշխատել, որպեսզի աշխատածի 50 տոկոսը ստիպված չլինեն տալ վարսավիրանոցին կամ պլանային աշխատանքի դեպքում` օրական վճարել նվազագույնը 3000 դրամ:

Ա. Չինարյանը համոզված է, որ «Վարսավիրանոցի անվան վրա աշխատողը վարսավիրն է: Այսօր ամեն ինչ թանկացել է, բացի վարսավիրությունից: Որոշ վարսավիրներ գումարի համար կարող են մազը գունաթափել այնքան, որ այն փչանա: Սակայն նա պետք է ոչ միայն վարսավիր լինի, այլեւ հոգեբան: Մեկ հաճախորդն իր հետ 5 մարդ է բերում, բայց գնացողն իր հետեւից տանում է 10 հաճախորդ: Շատ բան էլ կախված է վարսավիրի վերաբերմունքից: Կարող է գեղեցկության սրահը շատ լավ վերանորոգված լինի, բայց մտնողին «գնդակահարեն»՝ ճանապարհեն»:

Գրեթե բոլոր գեղեցկության սրահներում կարելի է 3-4 ամսում սովորել վարսավիրություն: Սակայն տարբեր տեղերում ուսուցման գինը եւ ժամանակահատվածը տարբեր են: Ուսումնարանում ամսական վարձը կազմում է 7000-12000 դրամ, իսկ ուսուցումը տեւում է 10 ամիս:

«Միայն ուսումնարանում սովորածով հնարավոր չէ դառնալ վարսավիր, իսկ մասնագետ դառնալու համար պետք է առնվազն 2 ամիս վերապատրաստվել գեղեցկության սրահում»,- այս կարծիքին են տարբեր ուսումնարաններում շուրջ մեկ տարի սովորած, սակայն այսօր գեղեցկության սրահում վերապատրաստվող Անին եւ Լենան: Ուսումնական կենտրոններում մեկ ամսվա համար վճարվող գումարը սկսում է 15.000 դրամից, իսկ գեղեցկության սրահներում` 35.000-ից եւ հասնում 100.000-ի:

Երեւանի ծայրամասերում գտնվող գեղեցկության սրահներում մազ կտրելը սկսում է 500 դրամից: Սակայն, ինչպես վստահեցնում են վարսավիրները եւ հաճախորդները, դա բնավ չի նշանակում, թե իրենց աշխատանքի որակը զիջում է ավելի թանկ գներով աշխատող վարսավիրների կատարած աշխատանքի որակին: Երեւանի կենտրոնական հատվածների վարսավիրանոցներում կտրվածքի գները սկսվում են 2000 դրամից եւ հասնում 10.000-ի, չնայած, որ կատարած աշխատանքը գրեթե նույնն է:

Տարբեր գեղեցկության սրահներում մազ ներկելու գինը եւս տարբեր է: Այն սկսում է 1000 դրամից եւ կարող է հասնել 10.000-ի, եթե ներկը լինի սրահի կողմից: Իսկ թե հոգնել եք կարճ մազերից` հոգ չէ: Պետք է միայն գումար` 80.000-150.000 դրամ, եւ վարսահարդարները ձեր կարճ սանրվածքն արհեստականորեն կերկարացնեն այնքան, որքան ցանկանաք: Իսկ եթե ձեր մազերն արդեն իսկ երկար են եւ միայն պակասում է երեկոյան սանրվածքը, ապա ձեզ պետք է նվազագույնը 5000 դրամ եւ վարսավիրի աթոռին որոշ ժամանակ նստելու համբերություն:

Այսպիսին են երեւանյան տարբեր գեղեցկության սրահների սպասարկման գները, անկախ այն հանգամանքից` նրանց միջեւ հեռավորությունը մի քանի քա՞յլ է, թե՞ մի քանի կիլոմետր: