Բաղադրությունը: Ջուր` 83-85%, գլյուկոզա` 3-3,2%, ֆրուկտոզա` 3-3,1%, սախարոզա` 0,8-1%, օրգանական թթուներ` 0,9-1% (հիմնականում` խնձորաթթու), բջջաթաղանթ` 3,8-4%, մոխրացող նյութեր` 0,52%, վիտամին A` 0,5-0,9 մգ, 20-25 մգ C եւ B խմբի վիտամիններ, մակրո եւ միկրոէլեմենտներ:
Կիրառությունը: Դիսկորիդը եւ Պլինիուսը տերեւների ու արմատների թուրմը, որը պարունակում է բավականին շատ տանին, կիրառել են ջերմությունն իջեցնելու, իսկ տերեւների եփուկը` կոկորդային վերքերի, արյունաթքության եւ լուծի դեպքում: Ծեծված տերեւները լավ է դնել հին վերքերի, մկնատամի վրա: Ըստ Պլենկի` ծեծված թարմ տերեւները թարախոտ վերքերի վրա դնելուց պակասեցնում են ցավերը եւ նպաստում թարախից վերքերը մաքրելուն: Հասուն պտուղները փորը թուլացնող հատկություն ունեն, չհասունացածները` պնդացնող:
Ըստ Ամիրդովլաթ Ամասիացու` ճյուղերի եփուկով գլուխը լվանալը նպաստում է մազերի աճին, ողողումների դեպքում դադարեցնում է լնդերի արյունահոսությունը, ականջների աղմուկը:
Արմատների եփուկը լուծում է օրգանիզմի քարերը: Տերեւներն ամրացնում են ստամոքսը, օգնում են արյունոտ լուծի դեպքում:
Ամեն առավոտ սոված վիճակում 0,5-1 բաժակ մոշի թարմ հյութ խմելը կամ 2-3 բաժակ պտուղներ ուտելը (20-25 օր) բարձրացնում է արյան ցածր ճնշումը, բուժվում է գլխապտույտը, նորմալացնում սրտի աշխատանքը: