Հիվանդանոցները կկրճատվեն, բժիշկները՝ ոչ

07/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Վերջերս հայտնի դարձավ, որ Համաշխարհային բանկը (ՀԲ) Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի համար կտրամադրի 19 մլն դոլար: Հայաստանի առողջապահական համակարգի վերակառուցման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու եւ համաշխարհային փորձը երկրում ներդնելու համար հզոր միջազգային կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), USAID-ն ու այլք իրենց աջակցությունն առաջարկեցին: Բազմաթիվ ու բազմաբովանդակ ծրագրերից մեկն էլ հաստատվեց մեկ ամիս առաջ: Դա Համաշխարհային բանկի վարկային ծրագիրն է, ըստ որի` մինչեւ 2008 թվականը Հայաստանում կիրականացվեն համակարգի արդիականացման աշխատանքներ: Այն ներառում է երեք բաղադրիչ՝ ընտանեկան բժշկության հետագա զարգացում, հիվանդանոցային համակարգի արդիականացում եւ կառավարչական ֆունկցիաների ինստիտուցիոնալ զարգացում:

Ունիվերսալ մասնագիտություն

Ծրագրի առաջին մասով նախատեսվում է պատրաստել 950 ընտանեկան բժիշկ եւ նույնքան բուժքույր: Ինչպես նշում է ծրագրի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) ղեկավար Սերգեյ Խաչատրյանը, «պոլիկլինիկա ասածն իր էությամբ եւ ֆիզիկապես փոխվելու է: Հատուկ ռեֆորմ ոչ ոք չի անելու, ոչ ոք չի ուզում հանձնել կամ օտարել այդ հիմնարկները: Կարող են լինել նույնիսկ պոլիկլինիկաներ, որոնք կմնան որպես այդպիսիք: Մարդու ընտրությունից կախված կլինի պոլիկլինիկայի լինել-չլինելը»: Գործելու է այսպես կոչված ազատ հավաքագրման սկզբունքը: Ամեն մարդ իրավունք ունի իր վստահելի բժշկին ընտրել, անկախ նրանից, թե որ պոլիկլինիկայում է նա աշխատում եւ անկախ գլխավոր բժշկի ցանկությունից: Ս. Խաչատրյանի խոսքերով, այսօր ինչ-ինչ պատճառներով այս սկզբունքները չեն աշխատում, օրենքով ամրագրված քաղաքացու ընտրության իրավունքը խախտվում է: Համակարգի զարգացման մյուս խթանիչն անկախ խմբային պրակտիկաների ստեղծումն է: Լավագույն ընտանեկան 3-4 բժիշկները մոտ ապագայում հնարավորություն կստանան առանձնանալու, ձեւավորելու նոր կազմակերպություն, որն իրավունք է ունենալու անմիջականորեն պայմանագիր կնքել Ֆինանսավորման պետական առողջապահական գործակալության հետ: «Իրականում այսօր Երեւան քաղաքին անհրաժեշտ են շատ հզոր 5-6 կամ, ամենաշատը, 10 հիվանդանոցներ: Ամբուլատոր բուժման համար` երկու հազար բնակչին՝ մեկ ընտանեկան բժիշկ: Երեւանում դա մոտավորապես կազմում է 1200 բժիշկ»,- վստահեցնում է ծրագրի ղեկավարը: Ինչ վերաբերում է նեղ մասնագետներին, ապա նրանց դերն, ըստ Ս. Խաչատրյանի, թերագնահատել հնարավոր չէ, եթե նրանք իրենց ճիշտ տեղում են` հիվանդանոցում: Ի դեպ, ընտանեկան բժշկի ծառայությունները մարզերում շատ ավելի մատչելի են, քան Երեւանում պոլիկլինիկայի թերապեւտի ծառայությունը՝ հատկապես ֆինանսական տեսակետից, որովհետեւ պոլիկլինիկայի բժիշկը ստանում է 30.000 դրամ, իսկ գյուղերում` 75-100.000 դրամ, ինչն էապես նվազեցնում է կոռուպցիոն ռիսկը:

Առանց կադրային կրճատումների

Առողջապահության բյուջեի աճի հետ մեկտեղ խնդիր է առաջացել նաեւ պետական միջոցների ծախսման արդյունավետության հարցում: Արդյո՞ք մենք կարիք ունենք կիսադատարկ շենքի, որը 30% է հագեցված հիվանդներով, թե՞ կարելի է մի քանի շենք իրար միացնելով ազատել երեք շենք եւ ունենալ մի բաժանմունք, որտեղ մահճակալները զբաղված են 85%-ով, որի բժիշկները լարված աշխատում են եւ, բնականաբար, իրենց որակավորումը չեն կորցնում: Արդիականացման ծրագրի շրջանակներում օպտիմալացվելու է չորս բուժհիմնարկ՝ Մ. Հերացու անվան Բժշկական համալսարանի կլինիկական հիվանդանոցը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Քանաքեռ-Զեյթուն» եւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնները: Վերջինիս միանալու է մեծահասակների թիվ 6 հիվանդանոցը: Սերգեյ Խաչատրյանի խոսքերով, ոչ մի կադրային օպտիմալացում չի նախատեսվում: Կրճատվելու է միայն 35.000 ք/մ տարածքն ու մահճակալների թիվը: Բժշկական կենտրոնները ավելի քան 70 անուն սարքավորումներով ու պարագաներով են համալրվելու՝ ռենտգենի, սոնոգրաֆիայի, արյան փոխներարկման ապարատներ, վիրասրահների, վերակենդանացման ու ինտենսիվ թերապիայի բաժանմունքների անհրաժեշտ սարքեր:

«Թափանցիկ» հիվանդանոցներ

«19 մլն դոլարն աբստրակտ գումար չէ: Կոպեկ առ կոպեկ հաշված է, թե որ նպատակի համար ինչքան պետք է ծախսվի, ինչպես եւ ինչ հաճախականությամբ»,- ասում է Սերգեյ Խաչատրյանը եւ ավելացնում, որ ծրագիրը բավականին ամբիցիոզ է այն առումով, որ հավակնում է մոտակա տարիների ընթացքում թափանցիկ դարձնել հիվանդանոցների աշխատանքը: Դրան հասնելու միջոցը հիվանդանոցների տարեկան պլանավորումն է, հաշվի առնելով ոչ միայն պետական միջոցները, այլեւ` վճարովի ծառայություններից եկած գումարները: Ընդ որում, պլանավորումը պետք է սկսվի բաժանմունքից: Ինստիտուցիոնալ զարգացման մեջ կմտնի նաեւ Առողջապահական գործակալության ֆունկցիաների ուժեղացումը, որն այսօր գործում է որպես պետականորեն ֆինանսավորող կառույց: Այն կնքում է պայմանագրեր առողջապահական հաստատությունների հետ եւ փոխհատուցման մեխանիզմով վճարում նրանց կատարած աշխատանքի ծավալի դիմաց: Եթե բուժհիմնարկը կատարի իրեն առաջադրված պայմանները՝ ամենամյա ֆինանսական աուդիտ եւ թափանցիկ աշխատանք, ապա կստանա պետպատվեր: Բուժծառայության որակի բարձրացման նպատակով կվերականգնվի բժիշկների լիցենզավորման գործընթացը, սակայն ավելի խիստ ու օբյեկտիվ: «Նախորդ փորձի ժամանակ բոլոր դիմած բժիշկներն անխտիր լիցենզիա ստացան, այն դեպքում, երբ նրանց 20%-ը վստահաբար չեն կարող ունենալ լիցենզիա: Որովհետեւ տարին մեկ անգամ վիրահատություն անող բժիշկը չի կարող վիրաբույժ համարվել»,- ասում է Ս.Խաչատրյանը:
Խորհրդատվության կարիք կա

Այս տարի երկիրը ստացել է նաեւ 1մլն 250.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ Ճապոնիայի կառավարության կողմից: Այն ամբողջությամբ ծախսվելու է արտասահմանյան խորհրդատվության եւ տեղական փորձագիտական խմբերի աշխատանքի վրա: Իրականացվելու է նաեւ ՁԻԱՀ-ի խնդրով մի ծրագիր, որին կտրամադրվի 50.000 ԱՄՆ դոլար սիմվոլիկ, բայց, այնուամենայնիվ, կարեւոր գումարը: Ձեռք են բերվելու այնպիսի լաբորատոր սարքավորումներ, որոնք օգտագործվելու են նաեւ հանրային առողջությանը վտանգ սպառնացող այլ ինֆեկցիաների ախտորոշման համար:

Երկրի եւ ՀԲ-ի միջեւ բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել որոշ չափանիշների վերաբերյալ: Եթե երկիրը հասնում է այդ չափանիշներին, ապա այդ վարկը եւս երեք տարով կերկարաձգվի, նույն փոփոխությունները խորացնելու եւ զարգացնելու համար:

Հ.Գ. Օպտիմալացման եւ արդիականացման ենթակա հիվանդանոցների տնօրենների եւ բժիշկների կարծիքը ծրագրի վերաբերյալ կներկայացնենք հաջորդ համարում: