Ուղիղ 19 տարի առաջ՝ 1988թ. այս օրը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի հայտնի որոշմամբ սկսվեց ղարաբաղյան շարժումը, որն արագորեն վերածվեց Հայոց համազգային շարժման: Այդ շարժումը ծնեց հայտնի ու անհայտ բազմաթիվ նորօրյա հերոսներ, գաղափարներ, երազանքներ…: Ու թեեւ շարժման արդյունքներն անգնահատելի են՝ անկախ Հայաստան, ազատագրված Լեռնային Ղարաբաղ, սակայն ինքներս էլ չնկատեցինք, թե վերջին տարիներին ինչպես արժեզրկեցինք այդ շարժման գաղափարները: Նույն հաջողությամբ մենք կարող ենք ոչնչացնել մեր նորագույն պատմության այդ փառահեղ նվաճումները, եթե փող աշխատելու մոլուցքի փոխարեն չսթափվենք ու թույլ տանք, որ այդ գաղափարների արժեզրկումը վտանգավոր սահմանագծից ներքեւ իջնի, ինչին, ցավոք, այսօր այն շատ մոտ է: