Կարող է առաջադրվել

27/02/2007

«Հայ կամավորականների համախմբում» շարժման նախաձեռնողներից Վարդան Մալխասյանը կարող է պատգամավորության թեկնածու առաջադրվել մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում: «Ազատություն» ռ/կ-ն, վկայակոչելով Մալխասյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանին, տեղեկացնում է, որ Մալխասյանը, արձագանքելով Մտավորականների ֆորումի ավագանու առաջարկությանը, տվել է իր նախնական համաձայնությունը` առաջադրվել մեծամասնական ընտրակարգով, ինչպես նաեւ համամասնականով` «եթե իր թեկնածությունը պաշտպանվի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների դաշինքի կողմից»: Փաստաբանը նաեւ հույս է հայտնել, որ առաջիկա օրերին վերաքննիչ դատարանը կվերացնի առաջին ատյանի դատարանի «անհիմն որոշումը Մալխասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց եւս երկու ամսով երկարաձգելու մասին» եւ հնարավորություն կտա, որպեսզի Վարդան Մալխասյանը լիարժեք մասնակցի ընտրություններին: Հիշեցնենք, որ «Հայ կամավորականների համախմբում» շարժման ղեկավար անդամներ Ժիրայր Սէֆիլյանն ու Վարդան Մալխասյանը ձերբակալվել են անցած դեկտեմբերի 10-ին` «Սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» մեղադրանքով: