Հայաստանում օրենքների կամ պետական կառույցների հետ կատարվող ցանկացած փոփոխություն մեզ մոտ առաջին հերթին առաջացնում է այն միտքը, թե ինչ-որ մարդկանց համար նորից գումար աշխատելու հնարավորություն է ստեղծվում: Այդ փոփոխություններից մեկն էլ ավտոմեքենաների պարտադիր տեխնիկական զննությունը Պետավտոտեսչությունից մասնավոր ընկերություններին փոխանցելու որոշումն է:
Հիմա աստիճանաբար ստեղծվում է իրավաբանական այն դաշտը, ինչն անհրաժեշտ է այդ փոփոխությունը կատարելու համար: Անցած հինգշաբթի կառավարությունը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ հաստատեց տրանսպորտային միջոցների պարտադիր տեխզննության անցկացման կարգը, որի համաձայն՝ այդ գործընթացն իրականացվելու է «լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի արտադրական բազայում՝ տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ»: Իմիջիայլոց, հիշեցնենք, որ անցած օգոստոսին, երբ կառավարությունը հաստատեց նույն ոլորտը կարգավորող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, նիստը նորից նախագահում էր Ռոբերտ Քոչարյանը: Եվ նախապատրաստական այս աշխատանքներից հետո Հայաստանի վարորդներն իրենց մեքենաները տեխզննման կտանեն ոչ թե Պետավտոտեսչություն, այլ որեւէ մի մասնավոր ավտոտեխզննման կետ: Նրանց տված կտրոնն էլ կլինի մեքենան շահագործելու թույլտվության երաշխիքը:
Ոլորտի մասնագետներն ասում են, թե աշխարհի շատ երկրներում է ընդունված, որ ավտոմեքենաների տեխզննումն իրականացնեն մասնավոր ընկերությունները: Իսկ ոլորտի պատասխանատուներն այս փոփոխությունը բացատրում են համակարգի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու եւ, որ ամենակարեւորն է՝ կոռուպցիայից հեռու պահելու համար: Սակայն արդյունավետ դարձնելու եւ կոռուպցիայից հեռու պահելու ցանկացած որոշում, որ ընդունում են մեր իշխանությունները, վերջում ավելի է խորացնում տիրող անմխիթար վիճակն ու կոռուպցիան: Միաժամանակ նպաստում է, որ մի խումբ մարդիկ հսկայական եկամուտներ կուտակեն: Եվ ահա ավտոտեխզննությունը Պետավտոտեսչությունից լիցենզավորված մասնավոր կառույցներին փոխանցելը հենց այս փոփոխություններից է: Այս տեղափոխությունը վերջնականապես տեղի կունենա հավանաբար մինչեւ այս տարվա վերջը, իսկ մինչ այդ Ռ.Քոչարյանը Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին հանձնարարել է մինչեւ մարտի 15-ը կառավարություն ներկայացնել տեխզննություն իրականացնող հոսքագծերի նվազագույն քանակի մասին որոշումը: Ի դեպ, ավելացնենք, որ այս փոփոխության հիմնական նպատակներից մեկն էլ այն է, որ տեխզննությունը վերահսկի ոչ թե Ոստիկանությունը, այլ Կապի եւ տրանսպորտի նախարարությունը: Իսկ տեխզննությունն իրականացնելու են ոչ թե մասնագետները, այլ հատուկ սարքերը: Այդ սարքավորումներն են որոշելու, թե մեքենան սարքի՞ն է, թե՞ ոչ, կարելի՞ է թույլ տալ շահագործել: Սա նաեւ նշանակում է, որ այն մասնավոր ընկերությունները, որոնք ցանկանում են համապատասխան լիցենզիա ստանալ, նախօրոք պետք է ունենան համապատասխան տեխնիկական հնարավորություններն ու հոսքագծերը: Ի դեպ, կառավարության սահմանած կարգի համաձայն, ավտոտեխզննում իրականացնող ընկերություններն ընտրվելու են մրցույթի միջոցով: Մրցույթն անցկացնելու է Տրանսպորտի նախարարությունը: Առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ նորմալ է, սակայն, երբ փորձում ենք տրամաբանել մեր իշխանություններին հատուկ գործելաոճին համապատասխան, հասկանում ենք, թե այս փոփոխությունն իրականում իրենից ինչ է ներկայացնում: Նախ` մրցույթի մասին: Առանց չափազանցնելու կարելի է ասել, որ Հայաստանում չկա մի քաղաքացի, ով կհավատա, թե մեր երկրում մրցույթներն անցկացվում են ազատ, արդար եւ թափանցիկ: Հակառակը՝ բոլորն էլ համոզված են, որ այդ մրցույթներն իրականում ձեւական բնույթ են կրում: Նախօրոք արդեն որոշված է լինում, թե ովքե՞ր են հաղթողները, հետո նոր անցկացվում է «մրցույթ» կոչվող ձեւական արարողությունը: Օրինակներ շատ կարող ենք բերել, թեկուզ` հենց նույն ոլորտից: Անցած տարի նույն ձեւով կառավարությունը որոշեց լիցենզավորել մեքենաների արտանետած CO գազի ստուգումը: Մինչ այդ, CO գազի ստուգումն էլ իրականացնում էին Պետավտոտեսչությանը կից գործող ինչ-որ ծառայություններ, նաեւ որոշ ընկերություններ: Այս փոփոխության նպատակն էլ իբր այն էր, որ հնարավորինս կրճատվի մթնոլորտ արտանետվող թունավոր գազերի քանակը: Դրա համար էլ մրցույթի եւ լիցենզավորման պարտականությունը դրվեց Բնապահպանության նախարարության վրա: Բնապահպանության նախարարությունն, իհարկե, անցկացրեց մրցույթները եւ ընտրեց այն ընկերություններին, որոնք հիմա ստուգում են՝ մեքենաների արտանետած գազը համապատասխանո՞ւմ է սահմանված չափանիշներին, թե՞ ոչ: Բայց դժվար է ասել, թե մրցույթն անցկացվել է ազատ եւ արդար: Այն ժամանակ էլ մամուլում հրապարակումներ եղան, թե մինչեւ մրցույթն արդեն հայտնի էր, թե որ ընկերություններն են հաղթելու: Ուղղակի հիշեցնենք, որ Երեւանում CO գազի ստուգման 5-6 կետերի համար հաղթեց ինչ-որ «Միլտա» ընկերություն, որն, ասում են, պատկանում է ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանին ու ոմն Ավանի Վլադի:
Այդ փոփոխությունից հետո դժվար է ասել, թե նվազել է օդի աղտոտումը, մանավանդ, որ վարորդները նորից խոստովանում են, թե օրինական 1500-2000 դրամից բացի, մի այդքան էլ կաշառք են տալիս, որ ավելորդ գլխացավանքի մեջ չընկնեն: Հիմա նույնը վերաբերում է նաեւ տեխզննությանը: Կապի եւ տրանսպորտի նախարարությունը մրցույթ կանցկացնի եւ կընտրի արդեն նախապես ընտրված ընկերություններին, որոնք էլ, սահմանված գումարը գանձելուց բացի, մի այդքան էլ «լեւի» կվերցնեն: Եվ չի բացառվում, որ այդ լիցենզավորված ընկերություններից մի մասին վերահսկի, ասենք, ավտոմեքենաների մեծ սիրահար նախարար Անդրանիկ Մանուկյանը, ում էլ ոչ վաղ անցյալում պատկանում էր ավտոտեխսպասարկման հսկա «Արարատ լադա» ընկերությունը, որը հետո դարձավ «Արմենիա լադայի» սեփականատեր Ռաֆայել Շահմուրադյանի սեփականությունը:
Արժե նաեւ հիշեցնել, որ վերջին մի քանի տարիներին կտրուկ ավելացել է մեքենաների ներկրումը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կա մոտ 350.000 ավտոմեքենա: Մեր իշխանությունները տեսան, որ տեխզննումը պետական կառույցից մասնավորին փոխանցելն իրենց մեծ շահույթ կապահովի: Այդ գումարներն ինչո՞ւ գնան պետբյուջե կամ Ոստիկանության պաշտոնյաների գրպանը, եթե մեծ հաջողությամբ կարող են հանգրվանել մի քանի հոգու գրպանում: Ավտոտեխզննության համար պետական վճարը 6000 դրամ է: Ավելորդ քաշքշուկից ազատվելու համար վարորդները մոտ 5000 դրամ էլ ավելի են տալիս: Հիմա իշխանությունները որոշել են այդ «լեւի եւ պռավի» գումարներն ուղղորդել իրենց գրպանը: Պետությանը կմնա միայն դրանցից գանձվող հարկերը: Թեպետ այդ լիցենզավորված ընկերությունների տերերը, ովքեր, ենթադրում ենք, կլինեն պետական պաշտոնյաներ կամ օլիգարխներ, իրենց գործելաոճին համապատասխան ձեւեր կգտնեն, որ հարկերից հնարավորինս շատ կարողանան խուսափել: