Մեր տեղեկություններով, «ԱրմենՏել» ընկերությունը մտադիր է վերացնել իր արհմիությունը: Ընկերության մի քանի աշխատակիցներ մեզ հետ զրույցում մտահոգություն էին հայտնում, որ դրանից հետո աշխատակիցների վիճակը կվատանա, քանզի արհմիությունը բավական ակտիվ է գործում այսօր: Սակայն, «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հասմիկ Չութիլյանը հերքեց այդ տեղեկատվությունն` ասելով, թե դրա մասին առաջին անգամ է լսում: Նա նշեց, որ արհմիության խորհուրդն ընտրովի մարմին է, ու, եթե այն վերանար, ապա պետք է արհմիության անդամները ժողով անեին ու նման որոշում կայացնեին: «Ես ինքս արհմիության անդամ եմ եւ հավատացնում եմ, որ նման մտադրություն չկա»,- պատասխանեց Հ. Չութիլյանը: Սակայն, չի բացառվում, որ նման մտադրության մասին արհմիության անդամները դեռեւս չգիտեն: Նկատենք, որ, փորձագետների կարծիքով, գոյություն ունի արհմիությունների «ռուսական» մոդել, որի համաձայն, արհմիություններն, ըստ էության, ձեւական բնույթ են կրում: Այսինքն՝ ռուսական շատ ընկերությունների արհմիություններ գործում են ոչ այնքան աշխատակիցների, որքան ղեկավարների շահերից: Չի բացառվում, որ այս մոդելը հետզհետե փորձում է ներդնել «ՎիմպելԿոմը»` քանդելով «ԱրմենՏելում» հույների թողած միակ դրական ժառանգությունը:
Հիշեցնենք, որ երբ «ՎիմպելԿոմը» դարձավ «ԱրմենՏելի» սեփականատերը, ընկերությունը խոստացավ, որ «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբում գոյություն ունեցող սոցիալական ծրագրերը կտարածվեն նաեւ «ԱրմենՏելի» աշխատակիցների վրա: Վերջիններս կունենան ծառայողական բջջային կապ, հեռախոս եւ ծառայողական սակագնին միացում` համապատասխան սահմանաքանակով: Բացի այդ, «ԱրմենՏելի» աշխատակիցներին մատուցվող բժշկական օգնության ծախսերը կհոգա ընկերությունը: Երբ «ՎիմպելԿոմը» ներկայանում էր իր հայաստանյան աշխատողներին, նրանց բաժանած «այցեքարտերի» մեջ բացի վերոնշյալ խոստումներից, գրված էին նաեւ «եւ այլն» բառերը: Այսինքն, հնարավոր է, որ այդքանով «ԱրմենՏելի» ղեկավարությունը սահմանափակի իր սոցիալական ծրագրերը: Աշխատակիցները մտահոգված են նաեւ այն պատճառով, որ եթե ընկերության արհմիությունը վերանա, ապա հնարավոր է, որ նրանք զրկվեն այն «արտոնություններից», որ այսօր ունեն: Մասնավորապես, նրանց փոխհատուցում են աշխատանքի համար ծախսած բենզինի, տրանսպորտի եւ այլ գումարները: Ինչ վերաբերում է «ԱրմենՏելի» աշխատողների աշխատավարձերին, ապա դրանք ընկերության սեփականատիրոջ փոփոխությունից հետո չեն նվազել: Սակայն, «ՎիմպելԿոմն» աշխատավարձերի բարձրացում չի խոստացել: «ՎիմպելԿոմը» ձգտում է սահմանել վարձատրության այնպիսի մակարդակ, որը կհամապատասխանի շուկայականին եւ հաշվի կառնի ամեն աշխատակցի անձնական ներդրումն ընկերության աշխատանքի արդյունքներում»,- աշխատավարձերի նման քաղաքականություն է խոստանում վարել «ՎիմպելԿոմը»:
Նշենք, որ «ԱրմենՏելի» աշխատողների վիճակը հունական «ՕTE»-ից հետո դեռ չի փոխվել` ո՛չ լավացել է, ո՛չ վատացել: Սակայն այսօր նրանք մտահոգված են արհմիության վերացման մասին շրջանառվող լուրով:
Հ. Գ. Ընկերության աշխատակիցները փաստում են նաեւ, որ նոր սեփականատերերը «ոչինչ չեն հասկանում» ֆիքսված հեռախոսակապի ծառայություններից: Դա էլ ունի իր օբյեկտիվ պատճառները. չէ՞ որ «ՎիմպելԿոմի» համար հայաստանյան շուկան ֆիքսված հեռախոսակապի ոլորտում առաջին փորձությունն է: