Լավագույն տարբերակը 100 տոկոսով համամասնականին անցնելն է

27/02/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Ընտրական օրենսգրքում համամասնական տեղերի ավելացումը վերջին շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների ու վերլուծությունների առիթ էր դարձել: Ուստի՝ պարզելու համար, թե իրականում համամասնական ընտրակարգով առաջադրվողների թվի ավելացումն արդյոք կնպաստի՞ քաղաքական եւ կուսակցական համակարգի կայացմանը Հայաստանի Հանրապետությունում, դիմեցինք քաղաքագետների:

Աղասի Ենոքյան, քաղաքագետ – Համամասնական ընտրակարգով առաջադրվողների թվի ավելացումը կնպաստի ինչպես քաղաքական, այնպես էլ կուսակցական համակարգի կայացմանը: Թեպետ կարծում եմ, որ կուսակցական համակարգի կայացման համար այլ գործոններ եւս կարեւոր են, մասնավորապես սեփականության ինստիտուտի ստեղծումն ու ամրապնդումը: 90/41 համամասնության սահմանումը դրական քայլ է, սակայն համոզված եմ, որ սա կոմպրոմիսային լուծում է: Լավագույն տարբերակը 100 տոկոսով համամասնականին անցնելն է: Չեմ կարող պնդել, որ այս հանգամանքը կնպաստի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդար անցկացմանը: Առաջիկա ընտրությունների արդյունքը ժողովրդի ձայներով չի որոշվելու, կրկին իշխանության վերարտադրման նպատակով կգործեն այլ մեխանիզմներ:

Գարիկ Քեռյան, քաղաքական գիտությունների դոկտոր – Միանշանակ, համամասնական ընտրակարգով առաջադրվողների թվի ավելացումը կբերի քաղաքական եւ կուսակցական համակարգի կայացմանը: Այն երկրներում, որտեղ անցկացվում են համամասնական կամ մեծամասնությամբ համամասնական ընտրություններ, քաղաքական եւ կուսակցական համակարգն առավել կայացած է: Իտալիայում 4-5 տարի առաջ ընտրություններն անցկացվում էին միմիայն համամասնական ընտրակարգով: Միայն վերջերս փոքր տեղ հատկացվեց մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներին: Այդ երկրում անգամ 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցություններն անցնում էին խորհրդարան, իսկ կոալիցիոն կառավարությունը կազմված էր 5-6 կուսակցություններից: Համամասնական ընտրակարգը նպաստեց բազմակուսակցական համակարգի կայացմանը, սակայն չարգելեց հանցագործ աշխարհի մուտքը խորհրդարան: Պատճառը, թերեւս, պետք է փնտրել Իտալիայի քաղաքական մշակույթի եւ կուսակցությունների գործունեությունը վերահսկող մեխանիզմների բացակայության մեջ: Միայն համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններն, իհարկե, իդեալական տարբերակ է, բայց այս դեպքում կարեւոր է, որպեսզի պետությունն ունենա կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրները վերահսկելու լծակներ: Հակառակ դեպքում՝ խորհրդարանում կրկին տեղ կունենան հանցագործ ուժերը, որոնք հեռու են օրենսդրական գործունեությունից: Համամասնական ընտրությունների լավագույն օրինակը Սկանդինավյան երկրներն են, որտեղ խորհրդարանն 99 տոկոսով մաքրազերծված է մաֆիոզ ուժերից: Այդ երկրներում կուսակցությունները պետությանը մանրամասն հաշվետվություն են ներկայացնում ծախսած յուրաքանչյուր կոպեկի համար, պետությունն էլ իր հերթին գումարներ է տրամադրում կուսակցություններին:

Ահարոն Ադիբեկյան, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն – Չեմ կարծում, թե համամասնական ընտրակարգով առաջադրվողների թվի ավելացումն էական ազդեցություն կունենա թե՛ քաղաքական եւ թե՛ կուսակցական համակարգի վրա: Քաղաքական համակարգի կայացումը կախված է բազմաթիվ այլ գործոններից: Կարեւոր գործոնն ընտրությունների ազատ ու թափանցիկ անցկացումն է: Այդ դեպքում նախընտրական պայքարը կուսակցությունների համար լուրջ նշանակություն կունենար: Ընտրությունների արդար անցկացումը մեծ ազդեցություն կունենար քաղաքական համակարգի կայացման վրա, եւ տնտեսական լծակներն այդ դեպքում այն նշանակությունը չէին ունենա, ինչ այսօր է: Եթե ընտրություններն անցկացվեին միայն համամասնական ընտրակարգով, այդ դեպքում գուցե որոշակի աշխուժություն նկատվեր եւ կուսակցությունների միջեւ ակտիվ պայքար լիներ: Փոքր կուսակցությունների համար 90/41-ի համամասնությունը որեւէ փոփոխություն չի կարող ունենալ, իսկ խոշոր կուսակցությունների համար էլ համամասնական ընտրակարգով առաջադրվողների թվի ավելացումն իրականում մեծ փոփոխություն չի ենթադրում: Արմատական փոփոխություն կլիներ, եթե ամբողջովին անցնեինք համամասնականի: Այդ դեպքում կուսակցությունների միջեւ համախմբում տեղի կունենար, եւ թղթի ու գրպանային կուսակցությունների գոյությունն անիմաստ կդառնար: Թե չէ՝ ի՞նչ է ստացվում. փոքր երկիր ենք, բայց յոթ տասնյակից ավելի կուսակցություններ կան: Այդ թիվը գոնե 10 անգամ պետք է կրճատվի:

Մարիամ Մարգարյան, քաղաքական գիտությունների դոկտոր – Համամասնականի ավելացումն, անխոս, կնպաստի ժողովրդավարական արժեքների ռեալ ներդրմանը (հասարակաքաղաքական կյանք կամ հանրային կառավարում), եթե միայն ընտրությունները` որպես քաղաքական գործընթացի կազմակերպում, տեղի չունենան միայն ընտրություններից կես տարի կամ 4 ամիս առաջ: Ցանկացած հասարակական օրգանիզմ էվոլյուցիոն զարգացման կարիք ունի, իսկ հասարակական քաղաքական գիտակցության կրթման հարցով պետք է զբաղվել քրտնաջան: Քաղաքացին պետք է պատրաստ լինի այդ համամասնական ընտրակարգի առավելություններն ու թերությունները տեսնելուն եւ ոչ թե միայն մեխանիկորեն մասնակցի ընտրություններին: Քաղաքացին պետք է գիտակցված գնա ընտրության եւ ունենա ընտրության հնարավորություն, որովհետեւ, ի վերջո, ընտրում է իր ապագան: Ժողովրդավարական անցման գործընթացում գտնվող հասարակություններում, այդ թվում` նաեւ Հայաստանի Հանրապետությունում, կարեւորը հասարակության քաղաքական գիտակցությունն է եւ այն աջակցությունը, որ պատրաստվում է տալ այն քաղաքական լիդերներին, ովքեր փորձում են ընտրվել այս ընտրությունների միջոցով: Պետք է ենթադրել, որ ժողովրդավարական անցման փուլը մեզ համար վերջացած էտապ է, եւ որպեսզի քաղաքական զարգացման անորոշությունները կանխենք եւ մտնենք քաղաքական զարգացման կայունության փուլ, հարկավոր է համախմբում եւ քաղաքացիների գիտակցված մասնակցություն ընտրություններին:

Ալեքսանդր Իսկանդարյան, քաղաքագետ – Համամասնական ընտրակարգով առաջադրվողների թվի ավելացումն, ընդհանուր առմամբ, կնպաստի քաղաքական եւ կուսակցական համակարգի կայացմանը: Այն մարդիկ, ովքեր քաղաքական ուժի ներկայացուցիչ չեն հանդիսանում եւ զբաղված են սեփական բիզնեսով, պատգամավոր դառնալու համար ավելի ակտիվ պետք է պայքարեն: Միտում կա, որ համամասնական ցուցակներում գործարարների անուններ քիչ կլինեն: Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա համամասնական տեղերի ավելացումը կուժեղացնի պայքարը նրանց միջեւ: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ նախընտրական շրջանում Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ հետաքրքիր պայքար է սպասվում, քանի որ այդ կուսակցությունների ուժերը համեմատական կարգով հավասար են: