Ընտանեկան բժիշկներ են պետք

27/02/2007

ՀՀ առողջապահության բնագավառում առաջիկայում նախատեսվում է ներդնել Առողջապահության նախարարության կողմից մշակված ընտանեկան բժիշկների խմբային եւ անհատական պրակտիկայի կանոնները: Երեւանի քաղաքապետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ կառավարության կողմից նշված կանոնների վերաբերյալ համապատասխան որոշման ընդունումից հետո հնարավորություն կընձեռվի առանց խնդիրների, հետեւողականորեն իրականացնել ընտանեկան բժշկության ինստիտուտի ներդրումը: Ըստ Ա. Սողոյանի, դա բարդ եւ երկարատեւ գործընթաց է, քանի որ շատերի շահերին է հակասում: Մի շարք զարգացած երկրներում դրա ներդրման փորձը ձախողվել է: «Ընտանեկան բժշկությունը մեր երկրին անհրաժեշտ է: Որպեսզի գործընթացն արդյունք ունենա, պետք է բոլոր տեսակի փաստաթղթերի մշակման մեջ հնարավորինս շատ կազմակերպություններ ներգրավվեն»,- ասել է Ա. Սողոյանը: Այսօր ընտանեկան բժիշկներ են աշխատում մայրաքաղաքի գրեթե բոլոր պոլիկլինիկաներում, սակայն` որպես տեղամասային թերապեւտներ եւ մանկաբույժներ: Ընտանեկան բժշկությունը որոշ չափով ներդրված է թիվ 17, «Մանուկ» պոլիկլինիկաներում եւ «Էրեբունի» կենտրոնում: ՀՀ-ում այսօր ընտանեկան բժիշկներ եւ բուժքույրեր են վերապատրաստվում Համաշխարհային բանկի աջակցությամբ: