Ըստ «Արմենպրեսի», Արմավիրի շրջանի Թաիրով գյուղի տարածքում գործող «Ապարան» ռեստորանի սենյակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դիակ եւ երկու անձ` անգիտակից վիճակում: ՀՀ Ոստիկանության Հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրել են, որ մահացածը 1987թ. ծնված Էդգար Սամվելյանն է, իսկ մյուսները` Լուսինե Հ-ն եւ Հակոբ Ս-ն։ Ռեստորանի այդ` թիվ 24 սենյակը, ըստ ոստիկանության հաղորդած տվյալների, ջեռուցվել է գազի վառարանով: Դեպքի հանգամանքները պարզվում են։ Քննությունը վարում է Արմավիրի մարզի դատախազությունը: Ի դեպ, նախորդ օրը մեկ այլ նման դեպք էլ եղել է Ապարան քաղաքի Հարությունյան փողոցի 28 տանը: 1993թ. ծնված Մարիամ եւ 1997թ. ծնված Էլեն Գեւորգյանները թունավորվել են լոգարանում շմոլ գազի արտանետումից: Տուժածները տեղափոխվել են Ապարանի հիվանդանոց: Բժիշկների տեղեկացմամբ, նրանց վիճակն այժմ բարվոք է: Բնակարանն, ի դեպ, օգտագործում է ոչ թե բնական, այլ` հեղուկ գազ: