Լիբանանաիսրայելյան 30-օրյա պատերազմի պատճառով 2006թ. կեսերին Հայաստանը ստիպված եղավ ընդունել մոտ 700 լիբանանահայերի, որոնք հիմնականում ժամանեցին տարանցիկ երկիր Սիրիայից: Այդ օրերին Միջին Արեւելքից հայ գաղթականներին հիմնական տեղափոխողն ազգային ավիափոխադրող ընկերություն «Արմավիան» էր: Այս տարվա սկզբներին կառավարությունը որոշում է ընդունել, 2007թ. պետբյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից` Լիբանանի եւ Իսրայելի սահմանում տիրող պատերազմական գոտուց մարդկանց ՀՀ տեղափոխելու, եւ բարեգործական բեռի փոխադրման դիմաց` «Արմավիա» ՍՊԸ-ին 116մլն 47.178 հազար դրամ փոխհատուցում կատարելու մասին: Մենք հարցում էինք արել ընկերությանը, թե ի՞նչ ծավալների բարեգործական փոխադրումներ է իրականացրել, քանի որ այդ օրերին մամուլում բազմիցս ակնարկվում էր «Արմավիայի» տոմսերի բարձր գների մասին: Ավիաընկերության մամուլի պատասխանատու Ժասմեն Վիլյանը պատասխանել է, որ 2006թ. հուլիսի 14-ից հոկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը Երեւան-Հալեպ-Երեւան, Երեւան-Բեյրութ-Երեւան, Երեւան-Թել Ավիվ-Երեւան ուղղություններով իրականացրել է 14 չվերթ` տեղափոխելով 1609 ուղեւոր: Մենք նաեւ այդ օրերին Հալեպից Հայաստան ժամանած ուղեւորներից մեկի օրինակն էինք մեջբերել, նկատելով, որ «Արմավիայի» միակողմանի չվերթի տոմսի գինն ավելի թանկ է եղել, քան «Սիրիական ավիաուղիների» երկկողմանի չվերթի տոմսերի գինը: Այդ իսկ պատճառով ուղեւորների մեծ մասը նախընտրել էր օգտվել սիրիական ընկերության ծառայությունից: Պարզաբանելով սակագնային տարբերությունը, Ժ. Վիլյանը նշել է, որ «Արմավիա» ընկերությունն իր տոմսերի գինը սահմանում է` ուսումնասիրելով շուկան: «Բնականաբար, տոմսի գինը չի կարող թանկ սահմանվել նույն ուղղությամբ չվերթ իրականացնող գործընկեր ավիափոխադրող ընկերության տոմսի գնից: Իսկ թե ինչո՞ւ են ուղեւորները Հայաստան ժամանել սիրիական ավիաուղիներով, այլ ոչ թե հայկականով, ապա դա ընտրության հարց է եւ կապ չունի «Արմավիայի» եւ «Սիրիական ավիաուղիների» գների հետ»,- ասել է Ժ. Վիլյանը: