Եվրախորհրդի մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համարբերգը Վրաստանի իշխանություններից պահանջում Է մսխեթցի թուրքերի հայրենադարձման օրենքի շուտափույթ ընդունում եւ դրա իրագործում: Ըստ «Արմենպրեսի», նախօրեին այս մասին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Համարբերգն ինքը: Նա ընդգծել է, որ հայրենադարձման վերաբերյալ օրինագիծն արդեն գոյություն ունի, եւ ինքը ծանոթացել է դրան, սակայն փաստաթղթի պատրաստումը չի լուծում հիմնախնդիրները, ուստիեւ օրենքը պետք է ընդունվի, եւ 1944թ. արտաքսված մսխեթցի թուրքերի վերադարձման պայմանները որոշված են: Համարբերգն ընդգծել է, որ, ըստ իր տեղեկատվության, կան դեպքեր, երբ մսխեթցի թուրքերն իրենց նախաձեռնությամբ փորձում են վերադառնալ եւ բնակություն հաստատել Վրաստանում, սակայն նրանք աջակցություն չեն զգում պետության կողմից: «Վրաստանի իշխանությունները որոշակի վախ ունեն այն բանից, որ մսխեթցի թուրքերի զանգվածային վերադարձը կարող է նրանց նախկին բնակության վայրերում հարուցել բախումներ տեղացի հայերի հետ, բայց իշխանությունները պետք է նախաձեռնող լինեն եւ տեղացի բնակչությանը պարզաբանեն, որ մարդիկ իրավունք ունեն վերադառնալու պատմական հայրենիք, եւ Ստալինի հանցագործությունը պետք է ուղղվի»,- նշել Է հանձնակատարը: