Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն այն կարծիքին է, որ հետխորհրդային տարածքում տեղի ունեցած «գունավոր հեղափոխությունները» չարդարացրին մարդկանց ակնկալիքները: «Գունավոր հեղափոխությունների» արդյունքը դարձավ ճգնաժամը եւ մարդկանց խաբված հույսերը»,- ըստ «Արմենպրեսի», երեկ Աստանայում հայտարարել է նա:
Նազարբաեւը ճիշտ չի համարում ազատականության՝ որպես իշխանության թուլության, պարզունակ ըմբռնումը: «Ազատությունն ու ազատականությունը պետք է համապատասխանեն օրենքի առջեւ մարդու պատասխանատվությանը»,- հավելել է նա: «ԱՊՀ-ից մեր հարեւանների մոտ վերջերս տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ ժողովրդավարություն չի կարող լինել այնտեղ, որտեղ բարիկադային տրամադրություններն են իշխում,- ասել է Ղազախստանի ղեկավարը,- Ուժեղ իշխանությունը եւ ժողովրդավարությունը հակոտնյաներ չեն»: