Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգան հռչակագիր է ստորագրել, որում մասնավորապես կարծիք է հայտնվում 2005 թվականի մայիսի 9-ին կայանալիք տոնակատարությունների առիթով։ «2005 թվականի մայիսի 9-ին Լատվիան եվրոպական 24 այլ երկրների հետ կտոնի Եվրոպայի օրը։ Մենք կտոնենք Շումանի հռչակագրի ստորագրման 55-ամյակը, որը նպատակ ուներ պատերազմից ավերված Եվրոպայում վերականգնել կայուն խաղաղություն եւ որը ճանապարհ էր բացում ներկա Եվրոպական Միության կազմավորման համար։
Մայիսի 8-ին Եվրոպան կնշի նաեւ Երկրորդ աշխարհամարտի ավարտի 60-ամյակը։ Իր բարբարոսությամբ եւ դաժանությամբ աննախադեպ այդ հակամարտությունը հանգեցրեց մարդկության պատմության մեջ զոհերի ամենամեծ քանակին։ Պատերազմի ավարտը դրական մեկ արդյունք ունեցավ։ Այն Գերմանիայում բերեց նացիստական ռեժիմի անկման»։
Դատապարտելով նացիստական Գերմանիայի դաժան վարքագիծը Եվրոպական մի շարք երկրներում եւ իր հայրենիքում, Լատվիայի նախագահը չի մոռացել նաեւ ռուսների դաժանությունները։ «Հիսուն երկարուձիգ տարվա ընթացքում Լատվիան, Էստոնիան եւ Լիտվան ջնջված էին Եվրոպայի քարտեզից։ Խորհրդային ռեժիմի օրոք Մերձբալթյան երեք երկրները ենթարկվեցին զանգվածային տեղահանումների եւ գնդակահարությունների։ Նրանց բնակավայրերը լցվեցին ռուսալեզու վերաբնակներով»։
Որպես Երկրորդ աշխարհամարտից տառապած երկրի նախագահ, նա հիշեցնում է աշխարհին, որ այդ արյունալի հակամարտությունը կարող էր չլինել, եթե տոտալիտար երկու երկրները՝ նացիստական Գերմանիան եւ Սովետական Միությունը չպայմանավորվեին գաղտնի բաժանել Արեւելյան Եվրոպայի տարածքները։
– Ես նկատի ունեմ Սովետական Միության եւ նացիստական Գերմանիայի արտգործնախարարներ Մոլոտովի եւ Ռիբենտրոպի միջեւ 1939-ի օգոստոսի 23-ին կնքված ամոթալի պայմանագիրը,- ասում է Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրայբերգան։ -Այդ պակտի գաղտնի արձանագրությունները հանգեցրին նրան, որ մեկուկես շաբաթ անց Հիտլերը մտավ Լեհաստան եւ սանձազերծեց Երկրորդ աշխարհամարտը, ինչից հետո Հիտլերի անվերապահ համաձայնությամբ Սովետական Միությունը բռնազավթեց Լեհաստանի արեւելյան մասը, իսկ ավելի ուշ հարձակվեց Ֆինլանդիայի վրա։ 1940-ի հունիսին բռնազավթվեցին նաեւ Լատվիան, Էստոնիան եւ Լիտվան։
Նա գտնում է, որ հատկապես այս երկու բռնապետերն են մեղավոր մարդկային ահռելի զոհերի եւ տառապանքների համար։ «Հիշելով Երկրորդ աշխարհամարտի զոհերին, մենք չպետք է մոռանանք Հիտլերի եւ Ստալինի՝ մարդկության դեմ կատարած հանցանքը»,- ասում է Լատվիայի նախագահն ու ավելացնում, որ իր երկրի համար այդ պատերազմն ավարտվել է հիսուն տարի անց միայն, երբ 1990-ի մայիսի 4-ին ընդունվել է հռչակագիրն անկախության մասին։
2005-ի մայիսին լատվիացիները նշելու են իրենց անկախության 5-ամյակն ու Եվրամիության անդամ դառնալու առաջին տարեդարձը, իսկ Երկրորդ աշխարհամարտի ավարտի տոնակատարություններին մասնակցելու են որպես եվրոպական երկիր։