Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը փետրվարի 5-14-ը քաղաքական գործիչների լուսաբանման մոնիտորինգի է ենթարկել Հանրային ռադիո եւ «Հ1» հեռուստառադիոընկերությունների եւ մասնավոր «ԱԼՄ», «Երկիր Մեդիա», «Շանթ» TV-ների, «Ազատություն» ռ/կ եթերը: Մոնիտորինգի 2-րդ փուլն, ըստ «Արմենպրեսի», կմեկնարկի պաշտոնական քարոզարշավից 2 շաբաթ առաջ, որտեղ կընդգրկվեն ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները, եւ կավելացվեն «Արմենիա» եւ «Կենտրոն» TV-ները: Երեկ ասուլիսի ժամանակ ծրագրի ղեկավար Նինա Իսկանդարյանը տեղեկացրել է, որ, ընդհանուր առմամբ, եթերում կոալիցիայից դուրս կուսակցությունները լուսաբանվել են 60, իսկ կոալիցան ներկայացնող ուժերը` 40%-ով: Լրատվական ծրագրերում առաջիններին հատկացվել է 58, իշխող կոալիցիայի անդամներին՝ 42%: Այս հարցում առավել անհավասարակշիռ է Հ1-ը. ընդհանուր ժամանակի 52%-ը տրամադրում է իշխող կոալիցիայի անդամ կուսակցություններին, լրատվական ծրագրում այն հասնում է 75%-ի: Հանրային ռադիոն միտված է լուրերի թողարկումներում առավելագույն ժամանակ հատկացնել ոչ իշխող կուսակցությունների լուսաբանմանը՝ տրամադրելով 60%, իսկ ընդհանուր լուսաբանման մեջ` 52%: Մասնավորներից «Շանթ» եւ «Երկիր մեդիա» TV-ներն իրենց հաղորդումներում իշխող կոալիցիայի անդամ կուսակցությունների լուսաբանմանը հատկացրել են 44 եւ 47%: «Ազատության» հաղորդումներն ուղղված են ոչ իշխող կուսակցությունների լուսաբանմանը՝ կազմելով 63%, իսկ լրատվական թողարկումներում նրանց հատկացվում է եթերի 64%-ը: «ԱԼՄ»-ի գերիշխող մասը զբաղեցրել է հեռուստաընկերության սեփականատեր, «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը, որի արդյունքում իշխող կոալիցիայի անդամ չհանդիսացող կուսակցությունները ստացել են ընդհանուր լուսաբանման 77%-ը: Լրատվամիջոցների մոնիտորինգն իրականացվում է Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ: