Եթե իշխանամետ ուժերը վերջին ամիսներին օր ու գիշեր զբաղված են նախընտրական բարեգործություններով, տարբեր տեսակի միջոցառումներ կազմակերպելով ու մարզային այցերով, ապա անհասկանալի է, թե ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը: Բացի այն, որ նրանք վերջին մի քանի ամիսների ընթացքում իրենց տարածքային կառույցներն են ամրապնդում, այլ բան, կարծես թե, չեն անում: Համենայնդեպս, ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց հրապարակային ելույթներում ասում են, որ զբաղված են այդ գործերով:
Սակայն բոլորովին վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, թե ընդդիմությունը քաղաքից դուրս՝ խորհրդավոր պայմաններում, նիստեր է անցկացնում ընդդիմության միասնական համամասնական ցուցակը կազմելու շուրջ, եւ, որպեսզի իրենց բանակցությունները մինչեւ ընտրություններ գաղտնի մնան, նրանք որոշել են դա անել օտար ականջներից հեռու: Ճիշտ է, ընդդիմությունը հերքեց քաղաքից դուրս խորհրդավոր պայմաններում ցուցակ կազմելու մասին լուրերը՝ ասելով, թե դրանք անցնում են քաղաքի կենտրոնում՝ բաց ու ոչ խորհրդավոր պայմաններում, սակայն բոլորին էլ հայտնի է, որ որեւէ լրատվամիջոց մինչ օրս չի հրավիրվել այդ բանակցություններին:
Այդուհանդերձ, մեզ հաջողվեց պարզել, թե իրականում որտեղ եւ ինչ խնդիրների շուրջ են վերջին օրերին քննարկումներ անցկացրել ընդդիմության որոշ ներկայացուցիչներ: Իրականում այդ բանակցությունները տեղի են ունենում Երեւանում, «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում, որին մասնակցում են մի քանի ընդդիմադիր լիդերներ՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը եւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը: Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 9-ին՝ «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում: Գաղտնիությունն ապահովելու համար, վերջիններս նախապես պայմանավորվել են, որ հանդիպումն ու քննարկվող հարցերը պետք է հրապարակային քննարկման թեմա չդառնան: Հենց առաջին հանդիպման ժամանակ, մեր աղբյուրների հավաստմամբ, Արամ Սարգսյանն առաջարկել է ձեւավորել իրավահավասար քաղաքական դաշինք, որտեղ ներկայացված ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերը համամասնական ցուցակում կունենան յուրաքանչյուրը 25 տեղ: Սակայն Ա. Սարգսյանի առաջարկը պաշտպանել են միայն Ր. Հովհաննիսյանն ու Վ. Մանուկյանը, իսկ Ս. Դեմիրճյանը հայտարարել է, թե ՀԺԿ-ի ներսում իր վրա ճնշում կա, որպեսզի ընտրություններին մասնակցի ոչ թե որեւէ ուժի հետ դաշինք կազմած, այլ՝ միայնակ: Իսկ հետո ասել է, որ ՀԺԿ-ն կհամաձայնի դաշինքային տարբերակին, եթե ընդդիմադիր մյուս ուժերն ընդունեն իր կուսակիցների ներկայացրած երկու նախապայմանները: Այսպես. ՀԺԿ առաջին նախապայմանն այն է, որ ընդդիմադիր համամասնական ցուցակը պետք է գլխավորի իրենց առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Իսկ հետո Ս. Դեմիրճյանն ասել է, թե ՀԺԿ-ում իրեն պարտադրում են նաեւ, որ դաշինք կազմելուց առաջ ընդդիմադիր իր գործընկերների հետ գա համաձայնության, որ համամասնական ցուցակի 60 տեղերը տրվեն ՀԺԿ-ին, իսկ մնացած 60-ը բաշխվեն մյուս երեք՝ ԱԺՄ, «Հանրապետություն» եւ «Ժառանգություն» կուսակցությունների միջեւ: Այս պայմանները թվարկելուց հետո Ս. Դեմիրճյանը վստահեցրել է, որ դրանք չբարավարելու դեպքում` ինքը չի կարող միանալ ընդդիմությանը: Սակայն Վազգեն Մանուկյանն ընդվզել է՝ ասելով, որ եթե համամասնական ցուցակում տեղերը չորս կուսակցությունների միջեւ հավասար չբաշխվեն, ապա իրենք ստիպված կլինեն դաշինք կազմել առանց ՀԺԿ-ի: Վ. Մանուկյանի այս սպառնալիք-հայտարարությունը, մեր աղբյուրների հավաստմամբ, վախեցրել է Ս. Դեմիրճյանին, եւ վերջինս առաջարկել է հապշտապ որոշումներ չկայացնել եւ քննարկումը շարունակելու համար հանդիպել երեք օր անց՝ փետրվարի 12-ին, նույն տեղում:
Պայմանավորվածության համաձայն` փետրվարի 12-ին նույն տեղում հանդիպումը կայացել է, սակայն այս անգամ Արամ Սարգսյանի փոխարեն քննարկմանը ներկա է եղել «Հանրապետության» քաղաքական խորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Բնականաբար, նրանք դարձյալ անդրադարձել են իրավահավասար դաշինք ձեւավորելու խնդրին, ինչը դուր չի եկել Ստեփան Դեմիրճյանին, ու մեկ ժամ հետո որպես բողոքի նշան` նա հեռացել է «Ժառանգության» գրասենյակից: Դրանից հետո Ր. Հովհաննիսյանը, Սմբատ Այվազյանն ու Վ. Մանուկյանը որոշել են քննարկումը շարունակել եւ բանակցել իրենց երեք կուսակցություններով դաշինք ձեւավորելու շուրջ: Սակայն Սմբատ Այվազյանը, մեր աղբյուրի փոխանցմամբ, առաջարկել է ընդլայնել դաշինքի կազմը ու նույն քննարկումներին հրավիրել նաեւ «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին: Բայց վերջինիս մասնակցությանը դեմ է եղել Վազգեն Մանուկյանը՝ ասելով, թե բացի այն, որ Ա. Կարապետյանը սերտ կապերի մեջ է ռուսական ուժերի հետ, իրենց՝ երեք ուժերի համար խորթ է նաեւ ՆԺԿ գաղափարախոսությունը: Իսկ հետո ասել է, թե կհանդուրժի Արամ Կարապետյանի ներկայությունը դաշինքում միայն այն պարագայում, եթե Ա. Կարապետյանը հայտարարի ու խոստանա, որ նախագահական ընտրություններում չի առաջադրվելու իր թեկնածությունը: Վ. Մանուկյանի այս դիրքորոշումը պաշտպանել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը, ուստի Ս. Այվազյանը միայնակ անկարող է եղել պնդել իր առաջարկը: Ս. Այվազյանը, սակայն՝ ցանկանալով առաջ տանել ընդդիմադիր լայն ճակատի միավորման իր գաղափարը, Ր. Հովհաննիսյանին ու Վ. Մանուկյանին առաջարկել է դաշինքում գոնե ընդգրկել որոշ ՀՀՇ-ականների: Վ. Մանուկյանը, ճիշտ է, այս անգամ դեմ չի եղել Ս. Այվազյանի առաջարկին, սակայն պահանջել է, որպեսզի այդ անձանց թեկնածություններն առանձին-առանձին քննարկեն: Դրանից հետո Ս. Այվազյանը փորձել է եւս մեկ անգամ համոզել նրանց Ա. Կարապետյանին դաշինքի կազմում ընդգրկելու հարցում, սակայն որեւէ արդյունքի չի հասել: Ու հենց այդ նոտայով էլ ավարտվել է փետրվարի 12-ի որոշումը:
Այս ընթացքում նրանք փորձել են Ս. Դեմիրճյանին համոզելու համար սեպարատ բանակցություններ վարել Ս. Դեմիրճյանի մտերիմ-կուսակիցների հետ: Նրանք հանդիպել են ՀԺԿ-ական Փայլակ Ուռուսյանին եւ ԿԸՀ-ում «Արդարության» ներկայացուցիչ, ՀԺԿ Ֆելիքս Խաչատրյանին: Նրանք խոստացել են եւս մեկ անգամ լրջորեն զրուցել Ս. Դեմիրճյանի հետ, եւ մինչեւ ՀԺԿ համագումարը՝ այսինքն՝ այսօր, արդյունքների մասին տեղյակ պահել «Հանրապետություն» կուսակցությանը:
Բայց մինչ ՀԺԿ-ից պատասխան կստացվի, բանակցությունների մասին՝ բոլոր մանրամասնություններով, իմանում է նաեւ Արամ Կարապետյանը, եւ որոշում է քայլեր ձեռնարկել, անձամբ միավորել ընդդիմադիր կուսակցություններին ու նրանցով ձեւավորել ընդդիմադիր մեծ ճակատ: Հենց այս ճակատը ձեւավորելու նպատակով են, ըստ մեր աղբյուրների, ընդդիմադիր ուժերի որոշ ներկայացուցիչները փետրվարի 14-ին Արամ Կարապետյանի գլխավորությամբ հավաքվել Դավիթաշենում գտնվող ռեստորաններից մեկում: Այնպես որ՝ չի բացառվում, որ մի քանի ընդդիմադիր ուժեր էլ, որոնց դեմ կլինի Ա. Կարապետյանը, որոշեն ստեղծել առանձին ճակատ: Բայց ամենահետաքրքիրն այս իրադարձություններում այն է, որ ընդդիմադիրները պայքարում են ոչ թե իշխանությունների դեմ, այլ միմյանց: Իսկ ընտրություններին, ինչպես հայտնի է, մնացել է ընդամենը 86 օր:
Հ.Գ. Ինչ վերաբերում է Վ. Մանուկյան-Ր.Հովհաննիսյան-Ա. Սարգսյան եւ ՀԺԿ հնարավոր դաշինքին, ապա այսօր ՀԺԿ համագումարում պարզ կդառնա` ՀԺԿ-ն մաս կկազմի՞ դաշինքին, թե՞ ոչ: Սակայն, մեր աղբյուրների հավաստմամբ, ՀԺԿ-ն որոշել է ընտրություններին մասնակցել առանց որեւէ միավորման մաս կազմելու: