Կարեւոր մտքերից մի քանիսը

07/05/2005

Ֆրանսիական «LE MONDE» պարբերականը օնլայն զրույց է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Ստորեւ ներկայացնում ենք Վրաստանի ԱԳ նախարարի կարեւոր մտքերից մի քանիսը։

«Վարդերի հեղափոխության հաղթանակից հետո Վրաստանի արտաքին քաղաքականությունն ունեցել է երեք ուղղություն։ Մի կողմից դա մերձեցումն է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, գործընկերությունը ԱՄՆ-ի հետ եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումը։ Սրանք այլընտրանք չունեցող ուղղություններ են։ Ամենաբարդը Ռուսաստանի հետ հարաբերությունների նորմալացումն է, քանի որ այն կախված չէ Վրաստանի կառավարության ղեկավարի փոփոխությունից։ Խոսքն այն մասին է, թե Մոսկվան, հատկապես ուկրաինական ճգնաժամից հետո, պատրաստվո՞ւմ է վերջապես հաշտվել իրականության հետ, հրաժարվել կայսերական ամբիցիաներից եւ հարեւանների հետ հաստատել նորմալ, վստահելի, ինչո՞ւ չէ, նաեւ բարեկամական հարաբերություններ»:

«Վրաստանը պարտավոր է մերձենալ Եվրոպային, քանի որ վրացի ժողովուրդն իրեն եվրոպացի է համարում եւ պատկանում է եվրոպական մշակույթին։ Միաժամանակ Վրաստանը պետք է ապրի Ռուսաստանի հարեւանությամբ, եւ այդ պատճառով պետք է կայուն հարաբերություններ հաստատի այդ երկրի հետ։ Բայց միայն Վրաստանի ցանկությունը բավարար չէ, Ռուսաստանը եւս պետք է ընտրություն կատարի եւ հրաժարվի տիրակալության ու ճնշման մեթոդներից»։

«Վրաստանի նպատակն է՝ ժամանակի ընթացքում մտնել Եվրամիություն։ Ինչպես ես արդեն ասացի, վրացիներն իրենց ոչ միայն եվրոպացի են համարում, այլեւ, ինչ-որ տեղ, առաջին եվրոպացիներ եւ մտածում են, որ իրենց պատկանելությունը պետք է օրինականորեն ճանաչվի։ Ուկրաինական գործոնը կարագացնի այդ մերձեցումը, եւ ես կարծում եմ, որ Վրաստանը կանդամակցի Եվրամիությանը տասը տարուց շուտ»։