ՀՀ նախկին վարչապետները՝ Հրանտ Բագրատյանը եւ Խոսրով Հարությունյանը, այսօր առանձին կուսակցությունների ղեկավարներ են: Համապատասխանաբար` «Ազատություն» եւ «Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական Միություն» կուսակցությունների։ Լրագրողները երեկ «Հայելի» ակումբում նրանց հետ հանդիպման ժամանակ փորձել են ճշտել՝ նրանցից ո՞վ՝ ինչպե՞ս է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Խ. Հարությունյանը տեղեկացրեց, որ իրենց քաղաքական ուժը ընտրությունների կգնա միայնակ, քանի որ դեմ են նախընտրական դաշինքներին։ «Դրանք «արհեստածին քաղաքական ամուսնություններ են, որոնք, որպես կանոն, վերջանում են հետընտրական ծանր ապահարզաններով»: Խ. Հարությունյանը, սակայն, չբացառեց հետընտրական համագործակցությունը տարբեր ուժերի հետ՝ գաղափարական հիմքի վրա։ Նա նաեւ տեղեկացրեց, որ հնարավոր է՝ իր թեկնածությունն առաջադրի նաեւ մեծամասնական ընտրակարգով։ Իսկ Հ. Բագրատյանը՝ իր կուսակցությամբ, թերեւս չմասնակցի առաջիկա ընտրություններին, քանի որ ներկայիս ընդդիմադիր դաշտը նրան չի բավարարում։ «Որոշ ընդդիմադիրներ ուղղակի ընդդիմություն են աշխատում իշխանության համար»,- ասաց Հ. Բագրատյանը` պարզաբանելով, որ դրա պատճառը գաղափարական կարծիքների բացակայությունն է։ Այլապես, ըստ պրն Բագրատյանի, ընդդիմությունը պետք է միավորվեր։ Այս ամենը հաշվի առնելով, նախկին վարչապետը ենթադրում է. «Ընտրությունները կանցնեն բավականին հանգիստ, արդյունքում կհաղթի իշխանությունը… Ցավալին այն է, որ հենց իշխանությունն է որոշելու, որ ընդդիմությանը պառլամենտում հասնում է 20-25 տոկոս տեղ: Այսինքն, ընդդիմությունը պառլամենտական պայքարում պայքարում է հենց իր մեջ, այլ ոչ թե դիմության դեմ»։ Հ. Բագրատյանը նաեւ նշեց, որ որոշ քաղաքական ուժեր արդեն դիմել են իրենց միավորվելու առաջարկով, սակայն նրանց անունները չտվեց։ Այնուամենայնիվ, կա ուժ, որը շանսեր ունի դառնալու իրական ընդդիմություն։ Հ. Բագրատյանը որպես այդպիսին հիշատակեց «Այլընտրանքը» եւ ասաց. «Հուսով եմ, որ այն կդառնա իրական ընդդիմություն»։