«Արարատ, մերին սիրուն արարատ»

20/02/2007 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Համառ պարբերականությամբ` «Հայաստան-Սփյուռք», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» եւ նման տիպի միջոցառումներից հետո Մայր Հայաստանի վերաբերմունքը սփյուռքից Հայաստան ներգաղթել փորձող մեր հայրենակիցների հանդեպ հիշեցնում է այն փոքրիկ տղայի պատմությունը, որը ծնողների ննջարանի դռան ճեղքից տեսնում է այն, ինչ տեսնում է, եւ ընկերներին դժգոհում, թե այդքանից հետո ծնողներն իրեն արգելում են մատը քիթը մտցնել: Մեր 30 հազար քմ տարածք եւ երկուսուկես միլիոն բնակչություն ունեցող հայրենիքի կիսադատարկ գյուղերով շրջելուց հետո անտրամաբանական են թվում Արեւմտյան Հայաստանի եւ հարակից այլ տարածքների հանդեպ մեր հավակնությունները, երբ անգամ եղած տարածքը բնակեցնելու որեւէ ցանկություն պետական մակարդակով չի դրսեւորվում: Հայաստանի եւ Սփյուռքի անմեկնելի կապի կենսունակությունն ապացուցում է բացառապես մի պրոյեկտ. «Հայաստան» համահայկական հիմնադրամը, երբ սփյուռքի հայերը կանխիկ փող են տալիս հիմնադրամին: Իսկ ի՞նչ է տալիս սփյուռքի իր հայրենակիցներին Հայաստանը` հեռվում հայրենիք ունենալու բանավոր երաշխիքից եւ ժամանակավոր, բայց վճարովի կացարան լինելուց բացի: Ոչինչ: Մերձավոր Արեւելքում ծավալվող իրադարձությունները, Իրաքում ամեն օր տեղի ունեցող ահաբեկչական գործողությունները տեղի հայերին ստիպում են, եթե ոչ հայրենիքի հանդեպ սիրուց, գոնե սեփական ընտանիքի կյանքն ապահովելու մղումով վերադառնալ Հայաստան: Եթե Լիբանանում, Սիրիայում, Իսրայելում հայերը կարող են վաճառել իրենց ունեցվածքը եւ Հայաստան գալ ինչ-որ կապիտալով, ապա Իրաքում բնակվող մեր հայրենակիցները խիստ անհուսալի վիճակում են: Իրաքում անշարժ գույք վաճառել համարյա հնարավոր չէ, հետեւաբար նրանք Հայաստան են գալիս հիմնականում առանց միջոցների: Հայրենիքի եւ Սփյուռքի միասնության, մեկ մշակույթ ունենալու կողմնակիցներից եւ ոչ մեկն այդ մարդկանց Հայաստանում չի սպասում: Դա հաստատեց նաեւ Հայաստանում իրաքահայերի միության փոխնախագահ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Երվանդ Մինասյանը. «Իրաքից դուրս են գալիս բոլոր հայերը` զանգվածաբար: Մի մասը (շուրջ 4000-ը) արտագաղթել է Սիրիա եւ Հորդանան: Իրաքում այսօր մնացել է 5-6 հազար հայ: Ամեն շաբաթ Հալեպից ժամանող ինքնաթիռով տասնյակ իրաքահայեր են գալիս Հայաստան: Սակայն այստեղ նրանց ոչ մի պետական կառույց չի սպասում, այստեղ նրանք չեն կարողանում գտնել ոչ կացարան, ոչ աշխատանք: Բերած գումարները վերջանում են, եւ նրանք մնում են անտեր-անտիրական: Դիմել են թե՛ ՀՀ նախագահին, թե՛ արտգործնախարարին, սակայն ոչ մի արձագանք: Հետեւաբար, Իրաքի մեր հայրենակիցները Հայաստանն օգտագործում են որպես ժամանակավոր հանգրվան: Թեեւ ներգաղթածների համար առաջին մի քանի տարիներին օրենքով նախատեսված են հարկային եւ մի շարք այլ արտոնություններ, սակայն գործ սկսելու երկրորդ օրը նրանց դուռը թակում են Հարկայինի աշխատակիցները, սպառնում, թե` մեզ այսքան կտաք, հանգիստ կթողնենք: Եթե լիներ Փախստականների կոմիտեի նման մի մարմին, որը Հայաստան ներգաղթած սփյուռքահայերին կանչեր, հարցուփորձ աներ, փորձեր բնակեցնել թեկուզ սահմանամերձ վայրերում, արտոնյալ վարկեր տրամադրեր, այդ մարդիկ կմնային Հայաստանում` դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բայց հակառակը՝ այդ մարդկանց անտերության են մատնել: Նրանք էլ մնում են փերուշան (խեղճ, կարեկցության կարոտ.-Լ.Ա.)»: Ի պատասխան հարցի, թե այսօր Իրաքում եղած հայերը որքանով են ներգրավված այդ երկրի քաղաքական, մշակութային կյանքում, Երվանդ Մինասյանը պատմեց հետեւյալը. Իրաքում զուտ հայկական թաղամասեր այլեւս չկան: Նոր կառավարությունը փորձեց հայերին ներգրավել խորհրդարանում, մասնավորապես, հայազգի Պերճ Կիրակոսյանին, որն, ի դեպ, բավական մտերիմ է Իրաքի նախագահի հետ, առաջարկեցին մտնել խորհրդարան, սակայն նա, լինելով ժողովրդավարական արժեքների կրող, հրաժարվեց, քանի որ իրեն, փաստորեն, առաջարկում էին ոչ թե ընտրվել, այլ նշանակվել պատգամավոր: Պերճ Կիրակոսյանը վերջերս Երեւանում էր, եւ Երվանդ Մինասյանը նրա միջոցով նամակ է ուղարկել Իրաքի նախագահին` խնդրելով Հայաստանը եւս ներառել այն 30 երկրների ցանկում, ուր Իրաքը պատրաստվում է դեսպանատներ ունենալ. բանն այն է, որ Իրաքից Հայաստան ներգաղթածների վիճակը բարդ է ոչ միայն նյութական ու բարոյական, այլեւ իրավական տեսակետից: Այն, որ Հայաստանի տեղեկատվական դաշտում իրաքահայերի մասին ինֆորմացիա ձեռք բերել գրեթե հնարավոր չէ, որ Հայաստան ներգաղթած իրաքահայերի վիճակը խիստ անհեռանկար է, փաստում է նաեւ պատմական գիտությունների թեկնածու, արեւելագետ Արաքս Փաշայանը. «Փաստորեն, մենք չենք իմանում, թե մեր հայրենակիցներն Իրաքում ինչպես են ապրում: Եղած տեղեկության համաձայն` ներկա իրաքահայ համայնքի զգալի մասը (մինչեւ 2003թ. պատերազմն այն 22-25 հազար էր) ճարահատյալ փախել է հարեւան երկրներ` հիմնականում Սիրիա, Լիբանան, Հորդանան, մի մասն էլ` Հոլանդիա, ԱՄՆ: Իրաքահայերի մի փոքրիկ խումբ էլ հայտնվել է Հայաստանում: Չկա մի կառույց, որը հստակ ներկայացնի իրաքահայերի միգրացիոն վիճակը: Հայաստանում նրանք ժամանակավոր ապաստան խնդրողի կարգավիճակով են: Մարդիկ, ովքեր հասցրել են իրենց բնակարանն Իրաքում վաճառել (իսկ այդ երկրում ունեցվածքը վաճառելը գրեթե անհնար է), ժամանակին Երեւանում տուն են գնել: Նրանք, ովքեր չեն կարողացել դեռեւս լքել Իրաքը, պարզապես հեռացել են բախումների ամենաթեժ կետ համարվող Բաղդադից` գյուղական շրջաններ: Խնդիրն այն է, որ իսլամիստները, ովքեր պայքարում են ամերիկյան զորքի դեմ, Իրաքի պատերազմը համարում են պայքար իսլամական աշխարհի եւ խաչակիրների միջեւ, հետեւաբար, որպես պայքարի թիրախ, ընտրում են նաեւ Իրաքի քրիստոնյաներին` քաղդեացիներին, հայերին ու ասորիներին»: Քանի որ իրաքահայ համայնքի ներկայացուցիչներն իրենց մասին գոնե մեկ րոպեանոց լրատվություն հաղորդելու համար մեր հեռուստաընկերություններին 80-120 հազար դրամ չեն վճարում, մեզ այդպես էլ ոչինչ հայտնի չէ այն հայերի մասին, որոնք եւս զոհ են դառնում ամեն օր տեղի ունեցող ահաբեկություններին: Մասնավորապես, ամերիկացիների մոտ կենցաղային աշխատանքներ կատարող կանանց ավտոբուսի ռմբահարման հետեւանքով զոհվել էր մեր զրուցակցի` Երվանդ Մինասյանի մորաքրոջ հարսը: Բացի դա, Իրաքում շատ են մեծահարուստ հայերի կամ նրանց ընտանիքի անդամներից որեւէ մեկի առեւանգման դեպքերը: Առեւանգում են, ապա պահանջում 100.000 դոլար, հակառակ դեպքում սպառնում են սպանել պատանդներին:

Իսկ Հայաստանում շարունակվում եւ նոր թափ է առնում Հյուսիսային ոչ այն է` փողոցի, ոչ այն է` ճառագայթի շինարարությունը:

Հ.Գ. Քանի որ Երվանդ Մինասյանը ժամանակին բնակվել է Իրաքում, ավելին՝ ուսանել Իրաքի դիկտատոր Սադամ Հուսեյնի հետ, հետաքրքիր էր նրա տպավորությունը Սադամի մահապատժից. «Ես կողմ եմ, որ էդպիսի դիկտատորները պատժվեն: Դա դաս կլինի բոլոր արնախումների համար: Սակայն դեմ էի, որ դա կատարվեց ոչ թե իրաքցիների, այլ ամերիկացիների ձեռքով»: