Ես չգիտեմ, թե ինչ է ասել պարոն Գյուլն իր զրուցակիցներին Կոնգրեսում՝ վերջերս Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: Բայց եթե ես լինեի նրա փոխարեն, ես կասեի այն, ինչի մասին գրում եմ ստորեւ, եւ էլի ուրիշ բաներ:
Այս մեկնաբանությունը հրապարակվել է «Միլիեթ» օրաթերթի իմ սյունակում, մի քանի օր առաջ: Ես այստեղ ներկայացնում եմ դրա թարգմանությունը, հետեւելով ընթերցողների բազմաթիվ ցանկություններին: Իմ բազում թուրքալեզու ընթերցողները, այդ թվում` շատ ազդեցիկ մարդիկ, առաջարկել են թարգմանել հոդվածը: Ահա այն: Ես ինձ պատկերացրի Արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Գյուլի փոխարեն եւ ինքս ինձ հարցրի՝ իսկ ի՞նչ կասեի ես ԱՄՆ-ի Կոնգրեսում, երբ հայամետ տրամադրված կոնգրեսականները ներկայացնեին ինձ Հայաստանի Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հոդվածը՝ տպագրված «Լոս Անջելես թայմս» թերթում, որտեղ նա հայտարարում է, որ Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան բաց է թողել Հայաստանի հետ երկխոսություն հաստատելու հնարավորությունը: Ես որոշեցի, որ, հավանաբար, նմանատիպ մի բան կասեի. «Պարոնայք, դուք խոսում եք բաց թողած հնարավորությունների մասին: Հայացք նետեք շրջապատող աշխարհին եւ այն ամենին, ինչ կատարվում է այնտեղ: Մինչ դուք փորձում եք ինձ պատին սեղմել հարյուր տարի առաջ կատարված միջադեպերի առնչությամբ, հենց այս րոպեին Թբիլիսիում երկաթուղային նախագծի վերաբերյալ կարեւորագույն համաձայնագիր է ստորագրվում, որը կմիացնի Եվրոպան եւ Հեռավոր Արեւելքը: Ընդ որում, Հայաստանը նախագծում ներգրավված չէ: Դուք փորձեցիք կանխարգելել այդ պայմանագրի ստորագրումը՝ այս պալատում որոշակի փաստաթղթերի ընդունմամբ: Եվ ի՞նչ:
Ճիշտ այդպես կասպյան նավթն այսօր համաշխարհային շուկա է մտնում Թուրքիայի միջով, եւ այդ երթուղին նույնպես շրջանցում է Հայաստանը: Դուք այդ նախագիծն էլ փորձեցիք կանխարգելել, եւ նույնպես անհաջող: Եվ որպեսզի հասկանաք, թե ինչքան վատ է այս ամենը Հայաստանի համար, պետք է կարդալ հայկական թերթեր, ոչ թե «Լոս Անջելես թայմս»:
Այն ժամանակ, երբ Ամերիկայի հայկական համայնքը, որից դուք հույս ունեք քաղաքական դիվիդենտներ ստանալ, ԱՄՆ-ում ապրում է հարմարավետ եւ բարեկեցիկ պայմաններում, Հայաստանից մոտ 70.000 հայեր ստիպված են աշխատել Թուրքիայում կենսական նվազագույնը ապահովելու համար, ինչը նրանք անում են առանց առանձնահատուկ խնդիրների: Հարկ չկա նաեւ մոռանալ, որ հայկական կազմակերպությունների վերջերս անցկացրած սոցհարցումները ցույց են տալիս, որ ցեղասպանության ճանաչումը վերջինն է, ինչի մասին մտածում է Հայաստանի միջին վիճակագրական հայը: Այլ խոսքով, Հայաստանն այսօր հսկայական տնտեսական դժվարություններն ու արտաքին աշխարհից իր մեկուսացման բացասական հետեւանքներն է ապրում: Ակնհայտ է, որ քանի դեռ այդ երկրի կառավարությունն ապարդյուն հույս է դնում ձեր վրա, հրաժարվելով Թուրքիայի հետ փոխըմբռնման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման հասնելուց, այս անբարենպաստ իրավիճակը կշարունակվի: Մյուս կողմից, սպանված թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի հիշատակը հարգելու եկած տասնյակ հազարավոր մարդիկ պետք է համոզեին ձեզ, որ Թուրքիայում բազմաթիվ են այն մարդիկ, որոնք պատրաստ են կարեկցանքով նայել 1915 թվականի դեպքերին:
Բացի այդ, մի՞թե թուրքեր չեն նրանք, որոնց մասին դուք երբեք չեք հիշում՝ Էլիֆ Շաֆաք, Օրհան Փամուկ, Հալիք Բերքթայ, Թաներ Աքչամ, Մյուրատ Բելգե եւ Հասան Ջեմալ: Ի՞նչ դիվիդենտներ եք ակնկալում ստանալ սփյուռքի դաշնակների ծայրահեղ ազգայնական հայացքներին հարմարվելով, միաժամանակ խռովելով Թուրքիայում ամենաարմատական ազգայնական տարրերին եւ առավել վատթարացնելով առանց այն էլ դժվար իրավիճակը: Եվ մի՞թե «ամերիկյան կենսակերպը», որով դուք բոլորդ հպարտանում եք, չի պահանջում լսել վեճի բոլոր կողմերին, գոնե քաղաքավարությունից դրդված: Եվ եթե դա այդպես է, ի՞նչը կարող է ավելի տրամաբանական լինել, քան Թուրքիայի, Հայաստանի եւ այլ երկրների պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի խնդրանքը, որոնք կհետազոտեին 1915 թվականի դեպքերը եւ ընդհանուր եզրահանգման կգային: Եթե դուք պնդում եք, որ «այդ հարցի վերաբերյալ պատմությունն արդեն հանդես է եկել», իսկ ձեզ հետ ոչ բոլոր պատմաբաններն են համամիտ, դա արդյո՞ք նշանակում է, որ մենք պետք է աղբաման նետենք այնպիսի հայտնի գիտնականների հայացքները, ինչպես Բերնարդ Լյուիսը, որոնցով հպարտանում են նաեւ այս երկրում եւ նույնիսկ բազմաթիվ պարգեւներ շնորհում:
Բացի այդ, մի՞թե դուք չեք տեսնում, որ քաղաքական կառույցի փոխարեն` պատմաբանների հանձնաժողով ստեղծելուց Հայաստանի հրաժարվելը վկայում է այն մասին, որ այդ երկրի խնդիրները չեն սպառվում ցեղասպանության ճանաչման բարոյական բավարարվածությամբ: Իմ ողջ ասածի լույսի ներքո, վստա՞հ եք արդյոք, որ լիովին եք գնահատել այն քայլի հետեւանքը, որը փորձում եք կատարել՝ Կոնգրեսում ընդունել հայերի ցեղասպանության մասին բանաձեւը, որը բացասաբար կանդրադառնա ոչ միայն Թուրքիայի եւ ԱՄՆ-ի, այլեւ կարող է վերջնականապես փակուղի մտցնել Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունները»:
Ես Արտաքին գործերի նախարարը չեմ եւ չգիտեմ, թե ինչ է ասել պարոն Գյուլն իր զրուցակիցներին Կոնգրեսում՝ վերջերս Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: Բայց եթե ես լինեի նրա փոխարեն, ես կասեի այս ամենը եւ էլի շատ բաներ:
www.mediadialogue.org