Երեկ «Դաշինք» կուսակցության քաղխորհրդի անդամ Անդրանիկ Թեւանյանն անդրադառնալով Սամվել Բաբայանի ՀՀ քաղաքացիության հարցին` հիշեցրել է, որ կա ՀԽՍՀ Գերագույն խորհրդի որոշում, որով Ղարաբաղը Հայաստանի մաս է կազմում, եւ որը մինչ օրս որեւէ մեկը դեռ չի բեկանել: Այսպիսով, 1989թ. դեկտեմբերի 1-ին ընդունված այդ որոշման առկայությամբ է Անդրանիկ Թեւանյանը պայմանավորել Սամվել Բաբայանի` Հայաստանի ընտրական գործընթացներում մասնակցելու իրավունքը: Նկատենք, որ այս հիմնավորումը բերելիս «Դաշինքի» քաղխորհրդի անդամն օրիգինալ չէ. 1998թ. ՀՀ նախագահի թեկնածու գրանցելիս հենց այս հիմնավորումն էին բերում նաեւ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները: Բայց թե՛ այն ժամանակ, եւ թե՛ հիմա որեւէ համոզիչ պատասխան չի տրվում այն հարցին, թե ինչո՞ւ 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշման հիման վրա հայաստանյան համապետական ընտրություններում կարող են մասնակցել ղարաբաղյան ծնունդ ունեցող միայն որոշ անհատներ, իսկ, օրինակ, ընտրություններին չեն մասնակցում (դրա իրավունքը չունեն) Ղարաբաղի մնացած բնակիչները: Բացի այդ, անհասկանալի է, իրավական եւ միջազգային իրավունքի տեսանկյունից ինչպե՞ս են իրար հետ հարաբերվում 1989թ. ընդունված եւ, ինչպես պարզվում է, լավ էլ գործող այդ որոշումը եւ հետագայում Ղարաբաղի Անկախության հանրաքվեի արդյունքների հիման վրա ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը: