Վաճառվում է պետություն

18/02/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Նախորդ շաբաթ ԱԺ-ն սկսեց քննարկել երկքաղաքացիությանը վերաբերող օրենսդրական փաթեթը: Ինչպես եւ սպասվում էր, հիմնական բանավեճն ընթանում էր ՀՀ քաղաքացի երկքաղաքացիների ընտրելու կամ ընտրվելու իրավունքի շուրջ:

Ըստ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, ելնելով այն մտահոգություններից, որ մարդիկ, երբեւէ չբնակվելով Հայաստանում՝ կարող են ազդեցություն ունենալ ՀՀ ընտրական գործընթացների վրա, առաջարկվում են փոփոխություններ «Ընտրական օրենսգրքում»: Այդ փոփոխությունների սկզբունքն էլ այն է, որ ընտրություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացի այն երկքաղաքացիները, ովքեր ընտրության օրը կգտնվեն ՀՀ տարածքում: Հասկանալի է, որ երկքաղաքացիներին ընտրություններին մասնակցելու իրավունքի տրամադրումն անմիջականորեն առնչվում է մեր երկրի ինքնիշխանությանը: Այս կապակցությամբ ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանն օրերս ԱԺ-ում քննարկումների ժամանակ հայտարարել էր, թե` «եթե Հայաստանի 3 միլիոնանոց բնակչությունն այդքան անտարբեր է իր ճակատագրի նկատմամբ, որ այն կարող է լուծվել դրսից՝ ուրեմն, պետք է լուծվի դրսից»: Մի կողմ թողնենք երկքաղաքացիների իրավունքների ու պարտականությունների հետ կապված բազմաթիվ հարցերն ու փորձենք հասկանալ, թե մեր պետությունը կոնկրետ ի՞նչ խնդիր է ուզում լուծել, որի համար որպես միջոց է ծառայում երկքաղաքացիության ընդունումը: Եվ մի՞թե այդ խնդրի լուծումը մեզ համար այնքան կարեւոր է, որ հանուն դրա պատրաստ ենք զոհաբերել կամ հարցականի տակ դնել մեր երկրի ինքնիշխանությունը: Կամ արդյո՞ք այդ ենթադրյալ նպատակին հասնելու միակ միջոցը երկքաղաքացիության ընդունումն է: Եվ այսպես, ի՞նչ խնդիր ենք փորձում լուծել, որի լուծման համար որպես միջոց պետք է ծառայի երկքաղաքացիության ընդունումը: Այս հարցն ուղղեցինք երկքաղաքացիության ընդունման հիմնական ջատագով, ՀՅԴ-ի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանին: «Հայ ժողովուրդն իր վերանկախացումից հետո հռչակել է հիմնական այն դրույթները, որոնց ուղղությամբ ինքը զարգանալու է, աճելու է, եւ այդ դրույթների թվում արձանագրված է նաեւ երկքաղաքացիությունը»,- պատասխանեց Գ. Մանուկյանն ու հավելեց, թե ՀՀ-ն իր անկախության հռչակագրում «իր բոլոր հայրենակիցների իրավունքների մասին է խոսել»: Ըստ Գ. Մանուկյանի, երկքաղաքացիությունը «բխում է մեր ժողովրդի ճակատագրից, կենսագրությունից»: «Հայ ժողովուրդը, որը, ճակատագրի բերումով, ցեղասպանության հետեւանքով հայտնվել է պառակտված, կիսված վիճակում, երկքաղաքացիության նորմի ամրագրումով վերականգնում է այն անարդարությունը, որը գործվել է մի ամբողջ ժողովրդի նկատմամբ»,- շարունակեց Գ. Մանուկյանը: Ինչպես տեսնում եք, երկքաղաքացիության ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է բացառապես ինչ-որ զգացական մոտեցումներով: Ճիշտ է, պրն Մանուկյանը նաեւ կարծիք հայտնեց, թե երկքաղաքացիության նորմը ժամանակակից աշխարհում դարձել է «ինտեգրման, գլոբալացման հիմնական դրույթներից մեկը, եւ, բնականաբար, այդ պրոցեսում ՀՀ-ն չէր կարող ետ մնալ», սակայն այս անորոշ ու լղոզված ձեւակերպումը թերեւս նպատակ ունի ցույց տալու, որ երկքաղաքացիության ընդունման անհրաժեշտությունը զուտ զգացական բնույթի ձեւակերպումներով չի հիմնավորվում: Թեեւ այստեղ զարմանալու ոչինչ չկա: Արդեն տեւական ժամանակ է, մեր երկրի ողջ արտաքին քաղաքականությունն է կառուցված զգացական հիմքերի վրա: Զարմանալին այն է, որ չնայած մեր երկրի անհաջողություններին, համառորեն շարունակում ենք պետություն «կառուցել» զգացական հիմքերի վրա: Դաշնակցականները հայտարարում են, թե Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, ու դրա համար էլ անհրաժեշտ է ընդունել երկքաղաքացիությունը, ինչի արդյունքում, նրանց խոսքերով՝ ցեղասպանությամբ կիսված ազգը կմիավորվի, սփյուռքն է՛լ ավելի թափով կմասնակցի մեր երկրի շենացմանը, եւ այլն: Թերեւս հասկանալի է, որ նմանօրինակ օրենքներով սփյուռքահայերին բարոյապես կաշառելու փորձերը չեն կարող հանգեցնել նրան, որ սփյուռքահայերը մեծացնեն իրենց ներդրումը մեր երկրի շենացման գործում: Մեր քայլերը ոչ թե պետք է լինեն զուտ բարոյական հարթության մեջ, այլ շատ կոնկրետ, տեսանելի ու գործնական: Պետք է անենք քայլեր, որոնք բոլորին, այդ թվում` եւ սփյուռքահայերին, վստահություն կներշնչեն, որ իրենց ներդրած գումարներին այստեղ ոչինչ չի սպառնում, որ այդ գումարները կբազմապատկվեն ու իրենց շատ կոնկրետ եկամուտ կբերեն: Ազգային պատկանելությունը կամ ՀՀ քաղաքացու անձնագիր ունենալն ամենեւին էլ չի կարող տվյալ անձին դրդել մեր երկրում ներդրումներ անելուն: Հիշեցնենք, որ մեր երկրում վաղուց արդեն գործում է կեցության վկայականների համակարգը: Եվ ՀՀ-ում բնակվող ու կեցության վկայական ունեցող այլ երկրի քաղաքացիները մեր երկրում օգտվում են բոլոր այն իրավունքներից (բացառությամբ` ընտրական իրավունքի), որոնցից օգտվում են ՀՀ քաղաքացիները: Եվ այս պարագայում, եթե ընդունում ենք երկքաղաքացիություն, բայց երկքաղաքացիներին ընտրական իրավունք չենք տալիս, նման երկքաղաքացիության ընդունումը դառնում է ավելորդ: Իսկ երկքաղաքացիներին ընտրական իրավունք տալը նշանակում է` զոհասեղանին դնել ՀՀ ինքնիշխանությունը, այն նույն ՀՀ-ի, որի անկախությանը դեմ էր այդ նույն ՀՅԴ-ն: Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն աշխարհի հայության ճակատագրով խիստ մտահոգված ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն է: Իսկ այդ հանձնաժողովը որեւէ կերպ նույնիսկ չի արձագանքում, երբ այս կամ այն երկրում, մասնավորապես` Ռուսաստանում, օրումեջ ՀՀ քաղաքացի են սպանում: Այսինքն՝ այդ հանձնաժողովին, ինչպես եւ` մեր պետության մյուս պատկան մարմիններին, բնավ չի էլ հետաքրքրում ՀՀ քաղաքացիների ճակատագիրը: Ու երկքաղաքացիության օրենքի ընդունումը փաստորեն նաեւ մեծացնելու է այն մարդկանց շրջանակը, որոնց ճակատագիրը մեր երկրին չի հետաքրքրում: Ցավալի է նաեւ այն, որ երկքաղաքացիներին ընտրական իրավունքի տրամադրմանը դեմ արտահայտվող ՀՀԿ-ն եւս իր դիրքորոշումը հիմնավորում է զուտ զգացական բնույթի փաստարկներով: Մասնավորապես, հանրապետականները հայտարարում են, թե որքանո՞վ է ճիշտ, որ այն մարդիկ, ովքեր Հայաստանում ապրել են «մութ ու ցուրտ տարիներին» եւ այդ ամբողջ դառնությունները զգացել են իրենց մաշկի վրա, հավասարեցվեն նրանց, ովքեր այդ տարիներին լքել են Հայաստանը: Հասկանալի է, որ մի քանի տասնյակ տարի հետո մեր երկրում այլեւս այդ «մութ ու ցուրտ տարիներին» ապրած մարդ չի լինի, ու ահա այդ ժամանակ էլ, ըստ ՀՀԿ-ականների տրամաբանության, այլեւս ոչինչ չի խանգարի, որ երկքաղաքացիներին տրվի նաեւ ընտրելու իրավունք: Այսինքն՝ այս հարցում դաշնակցականներն ու հանրապետականներն իրարից սկզբունքորեն չեն տարբերվում: Ստացվում է, որ երկրում ամեն բան վաճառելուց հետո, հիմա էլ, «ազգին միավորելու» վեհ նպատակով, ձեռնամուխ ենք եղել պետության ինքնիշխանությունն անձնագրերի տեսքով վաճառելու իրավական հիմքերի ստեղծմանը: