ԱԺ դաշնակցական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը նախօրեին «Հայելի» ակումբում, անդրադառնալով Հրանտ Դինքի սպանությանը հաջորդած բազմահազարանոց բողոքի ցույցերին, որոնք տեղի ունեցան Ստամբուլում եւ Թուրքիայի խոշոր այլ քաղաքներում, ասել է, թե այդ ցույցերին մասնակցում էին հիմնականում հայեր եւ քրդեր, ինչպես նաեւ թուրքեր, ովքեր «վերեւների հրամանով էին ասում՝ մենք հայ ենք»: «Թուրքերը խիստ պետական մտածողություն ունեցող ցեղ են: Պետության շահը շատ բարձր են դասում եւ կարողացան այդ քաղաքական թատրոնը խաղալ Եվրոպայի դռների առաջ: Ինչո՞ւ չէ, կարողացան մի հատ էլ Նոբելյան մրցանակ պոկել: Անունս շատ հոլովվեց այս օրերին, թե՝ մտավորական Ալվարդ Պետրոսյանն ասում է, թե թուրքերը մշակույթ չունեն: Նորից եմ ասում, այո, թուրքերը մշակույթ չունեն: 70 միլիոնանոց ազգաբնակչության մեջ կարող են հատուկենտ տաղանդավոր մարդիկ լինել: Մի բան հստակ է, եթե մշակույթ ունենային, թուրքը թուրք չէր մնալու, քանզի մշակույթը լույս է: Ուրեմն՝ չունեն»,- ասել է Ա. Պետրոսյանը: Այսքանից հետո էլ մնում է փաստել, որ դաշնակն էլ մնում է դաշնակ ու երբեք ոչնչից հետեւություններ չի անում: Այդ կուսակցության ներկայացուցիչները զբաղված են այլատյացություն քարոզելով, որն, ի դեպ, օրենքով արգելվում է: Ա. Պետրոսյանի այս խոսքերից հետո պետք է հետեւություն անել, ու այսուհետ մեր պայքարը պետք է ուղղված լինի ոչ թե ինչ-որ մի պետության կամ ազգի դեմ, այլ մեզանում այս տեսակի ու այս մտածողության` մինիմումի հասցնելուն: