4-րդ կամ 5-րդ դասարանում մաթեմատիկա առարկայի տնային աշխատանքները կատարելիս աշակերտները մի տարածված տրյուկ են կիրառում: Դա, այսպես ասած, «թիվ կռվեցնելն է»:
Բանն այն է, որ 4-րդ դասարանից սկսած, խնդիրների եւ վարժությունների պատասխանները գրված են լինում դասագրքի վերջին էջերում: Երբ աշակերտը դժվարանում է լուծումը գտնել, դիմում է հետեւյալ մեթոդին. վերջին էջից գտնում է պատասխանը եւ փորձում վարժության տվյալները մաթեմատիկական գործողություններով, «թիվ կռվեցնելով»՝ համապատասխանեցնել այդ պատասխանին: Այսպիսով, նա ստանում է պատասխանը, բայց ոչ լուծումը: Բայց մեկ էլ տեսար` անցավ, մանավանդ, եթե ուսուցիչն աշխատանքը ստուգելիս մի քիչ հոգնած լինի:
Պարզվում է` այս գործելաոճը բնորոշ է ոչ միայն աշակերտներին: Այսպես, իշխանություններն առիթը բաց չեն թողնում գովերգելու մեր տնտեսական աճը` 13 տոկոսից բարձր: Ընդդիմությունն էլ, որպես կանոն, հակառակ ռեակցիա է ցուցաբերում` քննադատում է այս ցուցանիշը: Ընդ որում, քննադատությունը միանգամից երկու «ֆրոնտով» է ընթանում: Նախ` ասում են՝ 13 տոկոսանոց աճը բլեֆ է, թվերն ուռճացված են: Մյուս կողմից` պնդում են, որ 13 տոկոսանոց աճը շատ քիչ է՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսական աճը վերականգնողական բնույթ ունի։ Իսկ որպես օրինակ` հիշատակվում է ետպատերազմյան Գերմանիան։ Բացի այդ, տրանսֆերտների տեսքով տարեկան կտրվածքով Հայաստան է մտնում 1 միլիարդ դոլարից ավելի գումար` ստեղծելով լրացուցիչ պահանջարկ։ Այս գործոնները հառվի առնելով, շատ տնտեսագետներ գտնում են, որ մեր տնտեսության աճը պիտի լիներ նվազագույնը 30 տոկոս: Հիշե՛ք այս թիվը` 30 տոկոսը, այն բազմիցս է հիշատակվել մամուլում:
Թվում է, իշխանությունները սրա վրա ուշադրություն չեն դարձնում: 13.4 տոկոսն էլ իրենց լրիվ բավարարում է: Իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է արտասահմանցիների կարծիքը: Իսկ նրանք` արտասահմանցիները, հաշվարկներ անելիս մտածում են ոչ թե դրամով, այլ դոլարով կամ եվրոյով (ինչպես մենք` մի ժամանակ):
Բացելով Ազգային վիճակագրական ծառայության կայք-էջը` արտասահմանցին կարդում է երեկվա (14.02.2007) մամուլի հաղորդագրությունը: Այնտեղ նշված է, որ 2006թ. համախառն ներքին արդյունքը կազմել է 2665.0 միլիարդ դրամ կամ 6.4 միլիարդ ԱՄՆ դոլար: Նշված է նաեւ 2005թ. ՀՆԱ-ի ցուցանիշը` 2244.0 միլիարդ դրամ կամ 4.9 միլիարդ ԱՄՆ դոլար: Բնականաբար, այս ինֆորմացիան նա ընկալում է այսպես. Հայաստանի ՀՆԱ-ն մեկ տարվա ընթացքում աճել է 1.5 միլիարդ դոլարով` 4.9 միլիարդից հասնելով 6.4 միլիարդի: Պարզելու համար, թե դա քանի տոկոս է կազմում, դիմում ենք պարզ մաթեմատիկական գործողության. 1.5 միլիարդը բաժանում ենք 4.9-ի եւ բազմապատկում 100-ով: Եթե ձեր ձեռքի տակ հաշվիչ չկա, հոգ չէ, պետք չէ վհատվել։ Կարող եք հեշտությամբ գուշակել, առավել եւս, որ մենք այդ թիվը վերեւում հիշատակեցինք: Այո` 30 տոկոս: Ավելի կոնկրետ` 30.6 տոկոս: Սա նշանակում է, որ դոլարային արտահայտությամբ մեր տնտեսությունն աճել է 30 տոկոսով: Իսկ սա իր հերթին հպարտանալու առիթ է: Իհարկե, Արժույթի միջազգային հիմնադրամի կամ Համաշխարհային բանկի մասնագետներն այս կուտը չեն ուտի: Իսկ շատ ուրիշները` օրինակ, Հայրենիքին օգնել կամ այստեղ ներդրում անել ցանկացող սփյուռքահայերը, հնարավոր է, ոգեւորվեն եւ ուտեն: Սակայն դա էլ կախված է մատուցման ձեւից: Պղպեղը պետք է շատ չլինի: Իսկ որպես պղպեղ կարող է հանդես գալ այն ինֆորմացիան, որ Հայաստանում դոլարով արտահայտված գները թանկացել են մինչեւ 100 տոկոսով: Այդ թեման հարկավոր է ամեն կերպ շրջանցել։
Մի խոսքով, երբ մեզ հավատացնում են, որ դրամի արժեւորումը տնտեսական աճի արդյունք է, դրա մեջ ճշմարտության նշույլ կա: Սակայն մի փոքր նրբերանգ եւս կա։ Ստացվում է, որ դրամի արժեւորումն է հանգեցնում տնտեսական աճի, ոչ թե աճը՝ դրամի արժեւորման: Այնպես որ, եթե երեկ աշխատանքի գնալիս տեսել եք, որ տարադրամի փոխանակման կետերում 1 դոլարը գնվում է 355 դրամով, իսկ երեկոյան տուն գնալիս հայտնաբերել եք, որ մի քանի ժամվա ընթացքում 5 դրամով իջել է` հասնելով 350 դրամի, մի շտապեք մտքում հայհոյել եւ ասել. «Էս ի՞նչ են անում դոլարի հետ»: Ընդհակառակը, հպարտացեք, չէ՞ որ դա մի քանի տոկոսով ավելացնում է տնտեսական աճի մեր փայլուն ցուցանիշը: