Փողի պատճառով գովազդի պակաս չի լինելու

18/02/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան հասարակության ուշադրությունը սեւեռվում է դեպի Զանգվածային լրատվամիջոցները:

ԶԼՄ-ներն այս քաղաքական պատասխանատու ժամանակաշրջանում, անշուշտ, մեծ առաքելություն ունեն, այդ պատճառով վերջիններս դառնում են քննադատությունների թիրախ, իսկ ներլրագրողական շրջանակներում հաճախակիանում են միմյանց անհիմն վիրավորելու, «ծախվածության» մեջ մեղադրելու զրպարտանքները: Տեղական լրատվամիջոցների մի մասն ընտրությունները դիտում է փող աշխատելու հարմար սեզոն, մյուս հատվածը կարծում է, որ ընտրությունները չպետք է խոչընդոտեն իրենց ամենօրյա գործունեությանը: Փետրվարի 13-ին եւ 14-ին «Կոնգրես» հյուրանոցում Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների գլխավոր տնօրինության Լրատվամիջոցների վարչության եւ «Ինտերնյուսի» աջակցությամբ հրավիրված կլոր սեղանի ընթացքում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հնչեցրած տեսակետներն «Ընտրությունները լուսաբանելու ընթացքում օբյեկտիվություն, հավասարակշռություն եւ անկողմնակալություն» թեմայի շուրջ բավականին տարբեր էին: Փետրվարի 13-ին տեղի ունեցած քննարկումների առանցքը հիմնականում քաղաքական գովազդն էր եւ սահմանված սակագները: «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը կարծիք հայտնեց, թե հեռուստաեթերում գործող քաղաքական գովազդները 3-4 անգամ թանկ են առեւտրային գովազդներից: «Քաղաքական գովազդների սահմանված գներից թերթերի խմբագիրներն ինչ-որ տեղ գոհ են՝ հույս ունենալով, որ շատերի համար դա կլինի ոչ մատչելի, եւ գովազդատուները կգնան մամուլ»,- ասաց պարոն Ավետիքյանը, որին «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը հակադարձեց, նշելով, թե`«Փորձը ցույց է տալիս, որ այսօր փողի խնդիր ոչ ոք չունի` ընդդիմադիր դաշտում խաղացողները՝ նույնպես: Մենք արդեն պատվերներ ունենք ընդդիմադիր քաղաքական գործիչներից: Եթե պահանջարկ կա, ինչո՞ւ չպետք է գները բարձր լինեն: Շատերը նույնիսկ պատրաստ են վճարել ավելին, քան մենք առաջարկում ենք: Ինձ թվում է, որ գնի պատճառով գովազդի պակաս չի լինելու: Ես, որպես լրագրող, չեմ կարող հույսս դնել հասարակության, լրագրողական կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների վրա, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ մեր երկրում հաղթում է նա, ով գործարքի մեջ է մտնում հակառակ կողմի հետ: Քաղաքացիական հասարակությունը չի կարող պաշտպանել լրագրողին: Ես միայն իմ ռեսուրսով կարող եմ ինչ-որ բան անել՝ առանց խախտելու խաղի կանոնները»: Իսկ ահա «Ասպարեզ» ակումբի ներկայացուցիչ Լեւոն Բարսեղյանի կարծիքով՝ դժվար է բարեխիղճ լինել այն դաշտում, որը վաղուց եւ հիմնովին հսկվում է իշխանության կողմից: «Ինքնակարգավորման եւ բարեկրթության նորմերի միջավայրում լրագրողները լուծում ունեն, այն է` չլինել մասնագիտական տեսանկյունից անբարոյական: Թերեւս, սա կարելի էր լուծում համարել, եթե չլինեին քաղաքական եւ տնտեսական հենքերը: Այսօր մեր մասնագիտությունը վերածվում է հետզհետե մեռնող կամ վերացող մասնագիտության կամ այն տրանսֆորմացվում է գովազդի, «փիառշչիկի» կամ դրանց հետ համատեղվող ինչ-որ բանի, որը լրագրություն չէ: Կարող ենք իրավաբանական խորհրդատվություն տալ լրագրողներին, թե ինչպես պաշտպանել սեփական իրավունքները, կարող ենք նրանց սովորեցնել հայցադիմում գրել դատարաններում, կարող ենք ցույց տալ, թե «Ա1+» հեռուստաընկերության դատական ոդիսականներն ինչպիսի արդյունքներ են տալիս: Անկեղծ ասած, ես չեմ կարող միամիտ լինել եւ ասել, թե մենք ուղիներ ունենք»,- ասաց Լ. Բարսեղյանը: «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը անդրադառնալով քաղաքական գովազդներին, ասաց. «Մեր թերթում քաղաքական գովազդի գներն ի սկզբանե բարձր են եղել, իսկ առաջին էջում, առհասարակ, քաղաքական գովազդ չենք տեղադրում: Համաձայն չեմ պրն Ավետիքյանի այն կարծիքի հետ, թե այդ քաղաքական գովազդներով ինչ-որ բան պետք է լրատվամիջոցը փոխի հասարակության կյանքում: Գովազդը միայն ապրանքի ճանաչելիությունն է ապահովում, իսկ ընտրությունների ժամանակ քաղաքական կուսակցություններն ու անհատ գործիչներն այն ապրանքներն են, որոնք գովազդվում են ընտրողին: Այս ընթացքում առաջադրվող թեկնածուներից մեկը, երբ գովազդային հարցազրույց էր ուզում տեղադրել թերթում` ծանոթանալով մեր գնացուցակին, նկատեց, որ մեր գները շատ անգամ թանկ են, քան այլ թերթերում: Այնուամենայնիվ, նա տեղադրեց իր գովազդը: Նախընտրական շրջանում մենք փորձելու ենք պահպանել պրոֆեսիոնալիզմը` հնարավորինս հավասարաչափ տեղ հատկացնելով բոլորին, ինչը միայն մեզնից կախված չէ: Այսօր շատերն են ասուլիսներ հրավիրում, սակայն թերթերը սահմանափակ աշխատուժի պատճառով չեն կարող եւ պետք էլ չէ, որ բոլորին անդրադառնան: Շատ կարեւոր է նաեւ, թե հասարակությունն ինչ է ուզում կարդալ: Ընտրություններով ոչ մի բան չի վերջանում, կյանքը կանգ չի առնում: Մենք պետք է հանգիստ շարունակենք մեր գործը, ինչպես միշտ»: Լրատվություն-բիզնես բանավեճին միջամտեց նաեւ «Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնություն» հկ-ի Վանաձորի մասնաճյուղի նախագահ, «Քաղաքացիական նախաձեռնություն» թերթի գլխավոր խմբագիր Արթուր Սաքունցը: «Ինչքանո՞վ կարելի է ամեն ինչ վաճառել, եւ ո՞րն է այդ բիզնեսի բարոյական սահմանը: Ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ եթե նույնիսկ ամենամեծ գինը սահմանվի ազատությունը սահմանափակելու համար, ապա լրագրողները պատրաստ են գնալ նաեւ այդ քայլին: Լրագրողները պատրաստ են վաճառել իրենց լրագրողական կարողությունները, կախված նրանից, թե ով ինչքան կարող է վճարել դրա համար: Դա` այն դեպքում, երբ այսօր լրատվամիջոցների խնդիրը ճշմարտությունը հնարավորին չափով ներկայացնելն է հանրությանը: Կան առանձին թերթերի համարներ, որոնք ձեռքից ձեռք են խլում` կախված նյութում ներկայացված ճշմարտությունից, որը թաքնված է հասարակությունից: Հասարակական կարծիքն էական ազդեցություն չունի, որովհետեւ այդ կարծիքը ձեւավորվում է կիսաթաքնված, մակերեսային ինֆորմացիայի հիման վրա: Նույնիսկ քաղաքական գովազդի ժամանակ երեւում են լրագրողական էթիկայի, լրագրողական աշխատանքի բարոյական չափանիշները»,- նկատեց Ա. Սաքունցը:

Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալ Գնել Նալբանդյանն անդրադառնալով քաղաքային գովազդի գնային քաղաքականությանը` նշեց, որ քաղաքական գովազդի գնագոյացման մեխանիզմները բարդ են, եւ դրանք պետք է տարանջատել առեւտրային գովազդներից, որովհետեւ առեւտրային գովազդի գնագոյացման մեխանիզմը բոլորովին այլ է` առեւտրային գովազդի համար համեմատաբար էժան գներով տնտեսվարող սուբյեկտը կարող է մեկ տարվա տարածք վերցնել, ի տարբերություն քաղաքական գովազդի, որի մեկ րոպեն մի քանի օրվա համար է: Նրա համոզմունքով, եւ՛ համամասնական, եւ՛ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների համար Հ1-ի վճարովի եթերի 1 րոպեի համար սահմանված 80 հազար դրամը նույնիսկ 10 անգամ ավելի քիչ է, քան պետք է սահմանվեր: «Հանրայինի համեմատությամբ մասնավորները 20-30 տոկոս ավելի գումար են սահմանել, ինչը տնտեսվարող սուբյեկտի համար շատ մեծ բիզնես ռիսկ է: Այս ամենը տնտեսագիտական խնդիրներ են»,- ասաց Գ. Նալբանդյանը: Իսկ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով, բիզնեսի կանոնները չեն կարող խանգարել անաչառությանը եւ անկողմնակալությանը: «Պարզապես մեզ մոտ դրան խանգարում են հզոր քաղաքական լծակները, որոնք ունեն իշխանական շրջանակները: Նկատի ունեմ ոչ միայն պետական մարմիններին եւ նրանց ղեկավարներին, այլեւ բիզնես էլիտային: Եվ դա ուղղակիորեն կապված չէ լրատվամիջոցների ոլորտի բիզնեսի, նրանց եկամուտների հետ: Դա մի քիչ ավելի բարդ պրոցես է: Քաղաքական նպատակահարմարության համար նույնիսկ բիզնես շահերը կարող են զոհաբերվել, բայց ոչ երբեք` այնպիսի պրոֆեսիոնալ սկզբունքների համար, ինչպիսիք են անաչառությունը եւ անկողմնակալությունը: Ցավոք սրտի, պարկեշտության սահմաններում լրատվամիջոցների մեծամասնությունն անաչառ եւ անկողմնակալ չեն կարող լինել: Շատ մեծ նպատակներ դնել հնարավոր չէ, բայց որոշակի բարոյականության, պարկեշտության սահմաններում մնալը կարեւոր է, քանի որ, երբ խախտվում են բոլոր պրոֆեսիոնալ նորմաները, մասնագիտությունն իրոք մահանում է»,- համոզված է Բ. Նավասարդյանը: Քննարկմանը ներկա Հետազոտությունների տնօրեն Խրիստոֆորոս Խրիստոֆորուն ներկայացրեց ԵԽ անդամ երկրներում խորհրդարանական լուսաբանումների առկա կանոնները, մամուլի ազատության սահմանները եւ ընտրություններում քաղաքական ուժերից լրագրողների պաշտպանվելու մեխանիզմները: Խոսելով խորհրդարանական ընտրություններում կառավարություն-օրենսդրություն-կարգավորող մարմին հարաբերություններից` նա նկատեց, որ Եվրոպայում տարբեր մոտեցումներ կան: Օրինակ, կառավարության մասնակցության առումով, ամենալիբերալ պայմանները Ֆրանսիայում են, որտեղ քաղաքական եթերաժամի օգտագործումը թողնված է կարգավորիչի հայեցողությանը: Իսկ թե որ քաղաքական ուժն իրավունք ունի օգտվելու անվճար եթերաժամից, Ֆրանսիայում որեւէ կոնկրետ դրույթներ չեն գործում, այն նորից թողնված է ԶԼՄ-ների հայեցողությանը: Խորհրդարանական ընտրություններում լրատվամիջոցների դերի, անկողմնակալության պահպանման արեւմտյան փորձագետների փորձի փոխանակումն այս պահին մեզ համար քիչ ուսանելի է, որովհետեւ հայկական իրականությունը տարբեր է եվրոպականից: Մեզ մոտ խաղի կանոններն այլ բան են թելադրում: