«Երանի մի օր մեր երկրի նախագահ Քոչարյանն իմ դուռը ծեծեր»- ասում է Սոնյա տատը

18/02/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սոնյա տատիկին հանդիպեցի Լենինգրադյան փողոցի հանրակացարանի սենյակներից մեկում: Նրա հետ զրուցել եմ ընդամենը 30 րոպե, բայց սենյակից դուրս գալուց հետո արդեն սկսել եմ կարոտել:

Հանրակացարան մտնելուն պես թակում եմ պատահական դուռը: Բացում է 70-ն անց ծեր կինն ու ժպտալով ընդհատում խոսքս. «Արի՛, բալես, կարեւոր չի` ով ես, կարեւորը, որ եկել ես ինձ տեսնելու»,- ուրախությունից շնչակտուր լինելով ասում է նա ու ինձ համար իր տան անպետք ու հին աթոռներից ընտրում ամենափափուկն ու պատվավոր տեղը: Նրա կնճիռների ծալքերում միաժամանակ եւ ժպիտ, եւ թախիծ կա: Սեղանին դրված են Աստվածաշունչն ու ակնոցները: Հայացքս Աստվածաշնչի վրա բռնացնելով` ասում է. «Էս իմ կյանքի ամենաթանկ բանն ա, էս գիրքն իմ գանձն ա: Ես ամեն օր աղոթում եմ քո համար, աղոթում եմ մեր երկրի ու ժողովրդի համար: Տեսա՞ր, որ աղոթքներս Աստծուն հասնում են, ու դու էսօր եկել ես ինձ հյուր: Ես շատ մենակ եմ, բալես, մենակությունից գժվում եմ ու շատ եմ ուզում, որ ինչ-որ մեկն ինձ մոտ գա: Ես աղոթում եմ, որ մեր երկրի ղեկավարներն ազնիվ լինեն, հավատան Աստծուն ու չխաբեն մյուսներին: Աստծուն խնդրում եմ, ասում եմ՝ երանի մի օր մեր երկրի նախագահ Քոչարյանն իմ դուռը ծեծեր, հարցներ՝ ո՞նց ես, ես էլ իմ երեխու նման իրան ընդունեի ու ասեի՝ բալե՛ս, ես քեզ սիրում եմ, ես Աստծուն խնդրում եմ, որ քեզ պաշտպանի»: Սոնյա տատի բարությունն ու ջերմությունը մոռացնել են տալիս նրա սենյակի սառը ցուրտն ու խոնավ պատերը: Ոտքերը հազիվ է քարշ տալիս, բայց ստիպում է, որ չմերժեմ սուրճը: Սենյակի գորշությունն ու երիտասարդ տարիքում մահացած որդու սեւ շրջանակի մեջ առած նկարը տխուր ազդեցություն են թողնում: Բայց այդ գորշության ու մենակության մեջ ապրող ծեր կնոջ մեջ այնքան սեր կա, որ ուզում ես գրկել ու համբուրել նրան: Ասում եմ՝ «Հետաքրքիր է, բոլորն ամեն ինչից դժգոհ են, ատելության մթնոլորտ կա: Իսկ դուք ասում եք, որ իմ ու մյուսների համար աղոթում եք, որ ինձ ու մեր երկրի նախագահին սիրում եք»: Սոնյա տատը ծանր հոգոց է հանում ու ասում է, որ ափսոսում է մեզ՝ երիտասարդներիս, քանի որ մենք քրիստոնյա ենք, բայց չգիտենք` ինչպես ապրել քրիստոնյայի կյանքով: Հարցնում եմ՝ «Ի՞նչ պիտի անենք, որ չենք անում»: Պատասխանում է՝ «Պիտի Սուրբ գիրք կարդաք ու Աստծո պատգամներով ապրեք: Աստված սեր ա, ու, եթե գիրքը կարդաս, հավատաս Աստծուն, ուրեմն՝ կսիրես մարդկանց, հայրենիքդ, ժողովրդիդ: Մեր ղեկավարները պիտի Աստծո պատգամներով ղեկավարեն Հայաստանը: Դուք էլ պիտի ձեր թերթով սեր քարոզեք, որ մարդկանց լավ բան տաք, թե չէ բոլորն էլ չարություն ու ատելություն են տալիս մարդկանց»: Ընդհատում եմ նրան՝ «Ախր իմ նյութերի հերոսները սարսափելի պայմաններում են ապրում, ատում ու անիծում են երկրի իշխանություններին: Ես նրանց մասին գրում եմ ու ակամայից ատելություն եմ ներշնչում ընթերցողներին: Հիմա ես ո՞նց սեր քարոզեմ»: «Ատելը հեշտ է, սիրելը՝ դժվար: Տեսնում ես, որ ես էլ եմ շատ աղքատ ապրում, բայց սիրում եմ: Դու իրանց հետ սիրո մասին խոսա, որ իրանք էդ ատելությունից ազատվեն, ու քո հոդվածներն էլ բարի կլինեն»:

Սոնյա Փիլիպոսյանն Արարատյան Զանգվածում գտնվող իրենց բնակարանը վաճառել եւ արդեն 3 տարի ապրում է հանրակացարանում: Ճգնաժամային տարիներին շատերի պես նրա 34 տարեկան որդին մեկնել է Ռուսաստան աշխատելու: Որոշ ժամանակ անց որդուն հաշմանդամ դարձրած ուղարկել են Հայաստան: «Գլխին էնպես էին խփել, որ ոչ մի բան չէր հասկանում: Կինը բաժանվեց, չէր ուզում հիվանդ ամուսին պահել: Տունը ծախեցինք, ինձ համար էս սենյակն առան, մյուս մասն էլ հարսիս մնաց: Տղայիս մի քանի տարի տառապանքով պահեցի, բայց չդիմացավ, մահացավ»,- ասում է նա ու աչքերը լցնում: Հարցնում եմ՝ «Բա ինչո՞վ եք ապրում»: Պատասխանում է՝ «Թոշակով: 46 տարվա ստաժ ունեմ, առաջ 15.000 էի ստանում, իսկ հիմա, փառք Աստծո, ավելացրել են՝ 19.000 դրամ եմ ստանում»: Սոնյա տատը 46 տարի շինարարության վրա է աշխատել, ցեմենտի, քարի, ավազի բեռներ է կրել, ցեխ է շաղախել ու 1-ին հարկից տեղափոխել է 7,8,9-րդ հարկեր: «Փառք Աստծո, ես քչով բավարարվող մարդ եմ, ուղղակի, որ տղաս չկա՝ անտեր եմ, մենակ եմ: Ես ուրախ չեմ, միշտ դիլխոր եմ: Մենակ մարդն ինչպե՞ս կլինի, դժվար ա»,- ասում է ու երեխայի պես լաց լինում: Հետո, երբ տխրությունը թոթափում է, ասում է՝ «Ես հավատացյալ եմ, գնում եմ եկեղեցի, եթե չգնայի՝ կգժվեի, Աստված ինձ համբերություն ա տալիս»: Անսահման սիրով լցված միայնակ թոշակառուն վստահեցնում է, որ շատ վատ ժամանակներ է ապրել, պատերազմ, սով է տեսել, կորցրել է հարազատներին. «Պատերազմից հետո ցեմենտ, քար եմ թափել, նասիլկով ցեխ եմ թափել, 46 տարի դաժան աշխատանք եմ արել: Ամուսինս վթարի ենթարկվեց՝ մահացավ: Հետո էլ անլույս տարիներին հիվանդացա, անկողնային պառկեցի: Աստված պահեց, աղետից հետո շատ մարդ հավատքի եկավ: Ջահելները պիտի հավատան Աստծուն, որովհետեւ Աստված՝Հայաստանը, հայ ազգին սիրում ա: Դու նայի, թե աշխարհի ժողովուրդները ոնց են կոտորվում, ուրիշ երկրներում ամեն օր ինչ աղետներ են լինում: Ամեն առավոտ աղոթում եմ մեր բանակայինների համար, ասում եմ՝ մեր երեխեքին պահապան եղիր: Ախր ջահելները եկեղեցի չեն գնում, չգիտեն հավատքն ինչ բան ա»,- ասում է ու խստությամբ հրամայում, որ հանկարծ Եհովայի վկաների ասածները որպես ճշմարտություն չընդունեմ, քանի որ նրանք աղավաղում են մեր ճշմարիտ հավատքը: «Պիտի Աստվածաշունչ կարդաք, որ Աստծո իմաստությունները հասկանաք, իսկ էդ խաբեբաների ասածներին մի հավատացեք: Աստված ընտիր ա, անկարելի բան չկա, Քոչարյանն էլ մի օր մեզ Աստծո սիրով կսիրի ու մեր ժողովրդի վիճակը կլավացնի»,- ասում է ու մեջբերում աստվածաշնչյան խոսքերը՝ «Ընտիր գտնվեցեք Աստծո առաջ: Էս ընտրությունների ժամանակ մարդիկ չեն հասկանում, որ կաշառք վերցնելով մեղք են գործում: Կաշառք տալն ու վերցնելը մեղք ա: Ղեկավարներն էլ պիտի հասկանան, որ, եթե իրանք Աստծուն ճանաչեն՝ Աստված իրանց կընտրի: Կընտրվեն ոչ թե կաշառք բաժանելով ու խաբելով, այլ՝ Աստծո կամքով: Կյանքում կաշառք չեմ վերցնի, եթե նույնիսկ սոված սատկեմ: Ինձ համար ավելի կարեւոր ա, որ մի օր մեկը դուռս բացի ու հարցնի` ո՞նց ես, ես էլ ասեմ՝ փառք Աստծո, լավ եմ, ինձ ոչինչ հարկավոր չի: Ես շատ կսիրեմ էդ մարդուն»:

Հեռանում եմ Սոնյա տատի տանից՝ խոստանալով պարբերաբար այցելել նրան: 70 տարեկան ծեր կնոջ աչքերը փայլում են, երբ ասում եմ, որ կայցելեմ իրեն: Ասես երեխա լինի: Քայլում եմ Երեւանի փողոցներով ու անկեղծորեն ինքս ինձ հարցնում՝ սա իմ քաղաքն է, իմ հայրենակիցներն են, իմ աշխատանքն է ու իմ ղեկավարների կառավարած Հայաստանը: Սոնյա տատն այս ամենը սիրում է, իսկ ես՞… կամ, իսկ դո՞ւք:

Սոնյա տատը մեր պաշտոնյաներին տալիս է այն դեղատոմսը, որի համար նրանք մեծ ռեսուրսներ են վատնում եւ, որը ժողովրդի համար այսօր ամենաանհրաժեշտ բանն է: Հսկայական գումարներ ծախսելու, կաշառք բաժանելու փոխարեն պետք է պարզապես փոքր-ինչ ժամանակ ծախսել, մարդ լինել: Սոնյա տատիկներն այսօր շատ են, պետք է նրանց դուռը թակել եւ ընդամենը հարցնել՝ «Ո՞նց ես»: