ՀՀ մշտական բնակչության թիվը 2006 թվի վերջին, ըստ օպերատիվ ամփոփված ցուցանիշների, 3 մլն 222,7 հազար է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության պետ Ստեփան Մնացականյանը նշել է, թե տարեսկզբի տվյալների համեմատ բնակչության թիվն աճել է 3,5 հազարով: Անցած տարվա ընթացքում արձանագրվել է ծնելիության բացարձակ թվաքանակի աճ. գրանցվել է 37 հազ. 568 ծնունդ` 2005 թվի 37 հազ. 499-ի դիմաց: Ծնելիության ընդհանուր գործակիցը 1000 բնակչի հաշվով պահպանվել է նույն մակարդակի վրա՝ կազմելով 11,7 պրոմիլ: Մահացության ընդհանուր գործակիցն աճել է 0,2 պրոմիլային կետով եւ կազմել 8,4: 2006-ին արձանագրվել է 27հազ. 149 մահվան դեպք՝ 2005 թվի 26 հազ. 379-ի դիմաց: 2006 թվին գրանցված ամուսնությունների թիվը 2005 թվի համեմատ աճել է 1,6%-ով՝ կազմելով 16 հազ. 887, իսկ ամուսնալուծությունների թիվն աճել է 13,4%-ով` կազմելով 2796: Հազար ամուսնության դիմաց արձանագրվել է 166 ամուսնալուծություն: