«10 տարի հետո ԱԺ նիստերի դահլիճում տեսնելու ենք սափրագլուխ, թափով կանանց»

18/02/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տաքսու վարորդներն, արդեն տեւական ժամանակ է, ինչ «զզված» են աշխատում: Զզված են, քանի որ բոլոր ուղեւորները խոսում են ԱԺ ընտրությունների մասին, բոլորը կոչ են անում հավատալ իրենց համակրած թեկնածուներին ու բոլորն առաջարկում են այս կամ այն կուսակցությանը հարել: «Ընտրությունների նոպան աննորմալ ձեւով ա սկսվել ու հանգստացնող դոզա գոյություն չունի»,- կատակեց նրանցից մեկը: Շարունակելով տաքսու վարորդների հետ ունեցած մեր զրույցներն` այս անգամ փորձեցինք ճշտել նրանց վերաբերմունքն առաջիկա ընտրություններին կանանց մասնակցության մասին:

Հանձնաժողովի նախագահ հիասթափված տաքսիստը

Վարորդ Վարդանի համար պաշտոնյայի սեռը բնավ նշանակություն չունի, նա կարեւորում է մարդու ազնվությունն ու արժանիքները: Մեքենան վարելու ընթացքում մատնացույց է անում կին վարորդին ու ասում. «Եթե կանայք սենց ջիպեր են քշում, ուրեմն՝ երկիր էլ կկառավարեն: Ընտրությունների թվերն արդեն նկարված են, եւ կանանցից ով որ պետք է անցնի իշխանության՝ արդեն անցել է: Նախորդ ընտրությունների ժամանակ ես Կոմունիստական կուսակցության կողմից նշանակված ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էի: Իմ աչքով եմ տեսել` ինչ է կատարվում, էդ գործընթացին անձամբ մասնակցել եմ»: Հարցնում եմ՝ «Ի՞նչ մեխանիզմներով էին քվեները կեղծում»: Պատասխանում է՝ «Ընտրատարածքայինը երբեք չի կարող կեղծել, արդեն սխալ տվյալները բերում են տարածքայինից, որտեղ քվեարկում են: Ընտրատարածքայինում կեղծելն անհնար է, որովհետեւ փակ բերում, փակ էլ՝ տվյալները գրած, տանում են: Մենք մենակ ասում ենք, թե ինչ ենք ստացել: Կամ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ինչ թիվ ուզում՝ այն էլ հայտարարում է: Էդ ո՞վ կարող է գնալ, ստուգել»: Թե՛ պատգամավորական եւ թե՛ նախագահական ընտրությունների հանձնաժողովների կազմում ընդգրկված Վարդանը շատ հիասթափված է եւ համոզում է, որ, միեւնույն է, ոմանց համար ցանկալի թեկնածուներն արդեն ընտրված են, իսկ ընտրողները չպետք է հավատան պաշտոնյաների այն հավաստիացումներին, թե ամեն ինչ անելու են, որ արդար ընտրություններ անցկացվեն: «Ընդդիմությունը մաքուր է ու չի էլ կարող մաքուր չլինել, որովհետեւ իր ձեռքում ոչինչ չկա: Էդ նույնն է, ոնց որ մի հանցագործի, գողի ու մի բոմժի են բռնել բանկը թալանելու մեջ: Հիմա ո՞ր մեկը բանկը թալանած կլինի, պարզ է, որ գողը: Ամեն դեպքում, որպես քաղաքացի, ես կգնամ ընտրությունների, պարտքս կկատարեմ՝ վստահ լինելով, որ իմ ձայնը բան չի փոխելու: Բայց դե՛, ես ինձ շատ ճնշված եմ զգում, որովհետեւ ընտրությունները կեղծվում են, անարժան մարդիկ` գալիս են իշխանության, իսկ ես բարձրագույն կրթությունս առած` տաքսու վարորդ եմ աշխատում: Պոլիտեխնիկն եմ ավարտել, ինժեներ-մեխանիկ եմ: Միանշանակ ասում եմ, որ հիմա արդեն ինչ-որ մի թաքուն տեղում գրած է՝ «Բարգավաճին»` էսքան տեղ, «Հանրապետականին»՝ էսքան տեղ, ու ԿԸՀ նախագահին էլ ասել են՝ կկանգնես ու էս թվերը կկարդաս: Անցած ընտրությունների ժամանակ Ստեփան Դեմիրճյանը 150%-ով էր անցել, 2-րդ տեղում էլ Գեղամյանն էր: Ես մեջն եմ եղել, իմ աչքով եմ տեսել, բայց չեմ էլ իմացել, թե Քոչարյանը վերջից որ տեղում է եղել: Ոչ 1996-ին է ընտրություն եղել, ոչ 1998-ին, ոչ էլ 2003-ին: 1998-ին էլ ողորմածիկ Դեմիրճյանն անցավ, բայց ի՞նչ կատարվեց: Ես զարմանում եմ, որ դեռ մարդիկ կան, ովքեր ասում են, թե հավատում են արդար ընտրություններին: Կարող է մի 100 տարի հետո լինի, բայց հիմա՝ բացառվում ա: Իսկ էդքան, որ միջազգային դիտորդների անունն են թմբկահարում՝ դա էլ է սուտ: Նրանք հայերեն չեն հասկանում, ու նրանց ներկայությունը լրիվ ձեւական բնույթ է կրում: Ուղղակի, եթե միջադեպ լինի՝ իրենք կարձանագրեն, իսկ կեղծումներից գլուխ չեն հանում: Մեզնից էլ ո՞վ կարա ասի` մի կեղծի, մի երկու բան ավել ասես՝ կկոխեն ավտոն, կտանեն, կսպանեն, տանդ ճամփեն էլ կմոռանաս»:

Վարորդ Սաքոն (խնդրեց` իրեն Սարգիս չասեմ), որն իշխանությունների վարած քաղաքականությունից գոհ չէ, բայց ընդդիմադիր գործիչներից էլ է հոգնել. «Մթամ իրանք ինչ ե՞ն, որ իշխանություններին կպնում են: Էն Գեղամյանը, որ խոսում ա, ուզում ես ասել՝ գոնե դու մի խոսա, կոմունիստների վախտից քաղաքականության մեջ ա, որ գա իշխանության՝ սրանցից բեթար ա լինելու: Դեմիրճյանի տղան, գոնե գիտես, տեսած ա, աչքը կուշտ ա, բայց մե՞ջն ինչ: Բա էն Արթուրը Բաղդասարյան, ընգած ռուսի ու ամերիկացու ոտները՝ դաբրոյի ա սպասում: Էդ որ իշխանության էր, խի՞ ձենը դուրս չէր գալիս, տեղը տաք է՞ր… Չգիտեմ, օրը կգա՝ կմտածեմ՝ ում ձեն տամ: Ճիշտն ասած՝ արդեն զզված ենք մինչեւ կոկորդ»:

Անբաններն ընդդիմախո՞ս են

«Դո՞ւ էլ… Մենք միշտ կարգին թեմաներից էինք խոսում՝ կյանքից, արժեքներից, բարոյականությունից, էս անգամ էս ի՞նչ ծանր թեմա ես ընտրել,- իմ հարցից զարմացած` ասում է ծանոթ վարորդներից մեկը: – Էս օրերին բոլորը քաղաքականությունից են խոսում, արդեն զզվել եմ, գիտե՞ս: Իջնում ես բակ, որ մաքուր օդ շնչես՝ տղամարդկանցով հավաքված քաղաքականություն են քննարկում, գլխից դուրս խոսում են: Ահավոր ջղայնանում եմ, երբ մարդ ոչ մի բանից չի հասկանում, բայց հռետորի պես խոսում ա: Էսօր մեր ազգը դարձել ա քաղաքագետ, բոլորը քաղաքականությունից են խոսում, գլուխ են գովում, քննադատում, հայհոյում են: Մեր շենքի ներքեւում այ տենց քաղաքագետների մի խումբ կա, որ անբանի նման ամբողջ օրը դրանով են զբաղված: Նայում ես դրանց երեխեքին՝ շոր չունեն հագնելու, ու մտածում ես, որ էդքան դատարկ խոսալու, գլուխ գովալու փոխարեն` լավ կլինի գնան-աշխատեն, ընտանիք պահեն: Համ մեր երկրի համար լավ կլինի՝ մի անբանի հարց կլուծվի, համ էլ խոսալու փոխարեն գործ կանեն»,- ասում է վարորդ Գուրգենը: Նա զայրացած է. «Ես մի բան եմ նկատել, որ հայ տղամարդիկ իշխանություններին հայաթներում քննադատելով` իրանց կարգին տղամարդ են զգում: Մեր բակում մեկը կա, որ, երբ նայես` շենքի մուտքի մոտ կանգնած` իրա նման մեկին ա սպասում, որ «գիտելիքները» ցույց տա: Մի օր չդիմացա, ասեցի՝ լսի՛, որ տենց մեծ-մեծ խոսում ես, քեզ դնում ես քաղաքագետի տեղ՝ ավելի լավ չի՞ գնաս աշխատես, քեզ ինչ ճանաչում եմ՝ անգործ ես: Ասում եմ՝ քաղաքական գործիչն ի՞նչ անի, որ դու չես սիրում աշխատել ու վատ ես ապրում: Ասում ա՝ աշխատանք չկա, որտե՞ղ աշխատեմ: Ասում եմ՝ ես բարձրագույնն ավարտած մարդ եմ, բայց առավոտից իրիկուն, մարդկանց նազը քաշելով, տաքսի եմ քշում, որ ընտանիք պահեմ, դու ինձնից լա՞վն ես, գնա բանվորություն, շինարարություն արա, հաց թխի, մեքենա քշի: Մի խոսքով՝ ներվերս չդիմացավ, վիճաբանություն սկսվեց: Հիմա, երբ ինձ տեսնում ա՝ իրա թայֆին ասում ա, որ սա իշխանամետ ա: Այսինքն՝ նա, ով աշխատում, ընտանիք ա պահում՝ իշխանամետ ա, իսկ իրա նման անբանի պես զվռնողներն ընդդիմադիր են, պիտի պարտադիր հայհոյեն էս երկրի դրվածքը»: Անդրադառնալով բուն թեմային` Գուրգենը մատնանշում է ներկայիս կին պաշտոնյաներին՝ «Հերմինե Նաղդալյան, Հրանուշ Հակոբյան, Էմմա Խուդաբաշյան, Հեղինե Բիշարյան, ա՛յ, էսքանին եմ ճանաչում, բայց էս վերջերս եմ սկսել դեմքով ճանաչել, որովհետեւ հեռուստացույցով շատ քիչ եմ տեսնում, որ ինչ-որ մի հարցի շուրջ կռիվ տան: Էս վերջին հարց ու պատասխանի ժամանակ «Օրինաց երկրի» Հ. Բիշարյանը վրա տվեց Կրթության նախարարին, իբր ժողովրդի անունից հարց բարձրացրեց, բայց պատասխանը լսելուն պես լեզուն քաշեց իրան ու սսկվեց: Ես էդ ամեն ինչի մեջ խաղ եմ տեսնում: Կամերաների վրա նայելով խստությամբ խոսում են, ձեւ են տալիս, թե ժողովրդի կողմից հարց են հնչեցնում, բայց պատասխանը լսելուց հետո շնորհակալություն են հայտնում ու նստում: Եթե խնդիր կա՝ պիտի կռիվ տան, ոչ թե դերասանի պես հարցը տան ու նստեն: Ինչքան որ գործ են անում տղամարդ պատգամավորները՝ էդքան էլ կանայք, տարբերություն չեմ տեսնում»,- ասում է Գուրգենն ու հավելում, որ, այնուամենայնիվ, ինքը կնախընտրեր տղամարդ պաշտոնյաների:

Կանայք աշխատում են, տղամարդիկ երեխային են դպրոց տանում

Վարորդ Արմենն էլ հարցը լսելուն պես դժկամությամբ ասում է. «Ես չեմ հասկանում կանանց լացուկոծը: Որ ալիքը փոխում ես` կանայք հարցազրույց են տալիս ու ասում են, իբր Հայաստանում իրենց իրավունքները ոտնահարված են: Բայց չե՞ք կարծում, որ էդ ժամանակներն անցել են, էսօր կանայք ավելի շատ իշխանություն ունեն, քան տղամարդիկ: Հայկական ավանդական ընտանիքներում էսօր կանայք ավելի շատ են լիդեր, քան տղամարդիկ: Մի անգամ հարցում արեք ու կտեսնեք, որ շատ ընտանիքներում կանայք են աշխատող ու տուն պահողը. դա իշխանություն չի՞: Ասում են՝ քաղաքական դաշտ մտնելը դժվար ա, բայց ո՞վ ա իրանց արգելում մասնակցություն ունենալ քաղաքականության մեջ: Թե՞ ուզում են, որ իրանց ամուսինները որպես թեկնածու իրանց կանանց համար բուկլետներ տպեն, ռեկլամներ տան, ու բրթեն առաջ: Եթե կինն ունի գիտելիքներ, ու իրա դերն իմաստավորված ա, ուրեմն ինքը պիտի առաջ գնա, ոչ թե պահանջի, որ իրան առաջ քաշեն,- ասում է Արմենն ու օրինակ բերում իր ուղեւորներին: Ընտանիքով մեքենա են պատվիրում, հասնում են տեղ՝ կինն ա պորտմանը բացում փողը վճարում: Մի տեսակ դերերը փոխվել են, բայց ամենավատն էն ա, որ տղամարդիկ դրանից չեն քաշվում, իրանց ինքնասիրությանն էդ տեսակ բաները էլ չի կպնում: Ես շատ ծանոթներ ունեմ, որ կանայք աշխատում են, իսկ տղամարդիկ երեխեքին են դպրոց տանում-բերում: Ձեզ թող չթվա, թե ես դեմ եմ կանանց ազատությանը, բայց նեղվում եմ, երբ ասում են, թե հայ կինը «ռամկաների» մեջ ա ապրում: Էդ լացելու սովորությունը մեր կանանց մեջ հնուց եկել ա, բայց հիմիկվա ժամանակների համար աբսուրդ ա: Կանայք էսօր շքեղ մեքենաներ են քշում, ծխում են, հարուստ են, բիզնեսով են զբաղվում, ռեստորաններում են նստում: Իսկ առաջ իրենց սկեսրայրների ոտքերը պիտի լվանային»,- հավատացնում է Արմենն ու կատակում, որ, երբ կնոջն ուզում է ճնշած պահել, հիշեցնում է, թե նախկինում հարսներն իրենց սկեսրայրների ոտքերն ինչպես են լվացել: «Ու էդ պահին մենք սկսում ենք հռհռալ, որովհետեւ հերս ասում ա՝ նախկինում շատ հակահիգիենիկ ժողովուրդ ենք եղել»,- հիշում է Արմենը:

«ԱԺ-ում սափրագլուխ, թափով կանայք կնստեն»

«Անգելա Մերկելին նայում եմ, քեֆս բերում ա, իսկ Կոնդոլիզա Ռայսը ոնց որ սեւ ռոբոտ լինի: Ես շատ կուզենայի, որ իշխանության մեջ լինեին կանայք, բայց իշխանությունն իրանց համար ինքնանպատակ չլիներ: Օրինակ՝ հիմիկվա կին պատգամավորներից ո՞վ ա բան փոխել, կամ ինչո՞վ ա աչքի ընկել: Հրանուշ Հակոբյանին շատ են գովում, բայց ես երբեք իրա ելույթների մեջ նոր բան չեմ տեսել ու լսել: Ալվարդ Պետրոսյանի վրայից էլ էն հին պարտիականների հոտն ա գալիս, որ խոսում, խոսում են, բարոյախրատական քարոզներ են կարդում, բայց գործ չեն անում»,- ասում է վարորդ Սամվելը ու հավելում, որ բոլոր դեպքերում իշխանությունը կանանց փչացնում է. «Օրինակ՝ արվեստագետներին, երգչուհիներին նայեք: Ով հարստանում ա, տարին մեկ անգամ ամուսին ա փոխում: Իշխանությունը փողն ա, իսկ փողը մարդկանց փչացնում ա, ոչ բոլորին, իհարկե, բայց չտեսած մարդուն փչացնում ա»:

Վարորդ Գեղամն, ինչպես միշտ, կարծիք հայտնելիս հումորով է խոսքի բացումն անում. «Մեղա, մեղա… տղամարդիկ դորդուբեշ արեցին՝ հիմա էլ կանանց հանձնենք մեր երկիրը: Հավատա, որ մի 10 տարի հետո Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեսնելու ենք սափրագլուխ, թափով կանանց: Կնոջ տեղը խոհանոցում էր, բայց էսօր մարդիկ իրանց խոհանոցների համար աշխատող են վարձում: Էսօրվա կին վարորդների վարքագիծը սարսափելի ա: Սիգարետն ու սոտըվիները ձեռքներին, մագը զլած, երթեւեկում են առանց կողքերը նայելու: Եթե փորձեմ մի բան ասեմ՝ էս չեղած մազերս կպռճկեն: Ես հիշում եմ, ամռանը կարմիր լույսի տակ սպասում եմ, կողքիս մեքենայի վարորդը կին ա: Սոտըվին դրել ա ականջին ու հո՜ քֆուր չի տալիս, ես էն կողմ եմ նայում, որ հանկարծ չզգա` իրա վրա եմ սեւեռվել, թե չէ ավտոյից կիջներ հերս կանիծեր… Ես կին պատգամավոր երբեք չեմ ընտրի»: