Կապանի երաժշտական ուսումնարանը, որի 40-ամյակը նշվեց անցյալ տարի, անկասկած Զանգեզուրի մշակութային կյանքի խոշոր կենտրոններից է: Ժամանակին այն ստեղծվեց տարածաշրջանը համապատասխան երաժշտական կադրերով ապահովելու համար:
Այսօր, չնայած դժվարին ժամանակներին, կրթօջախը շարունակում է լավագույն ավանդույթները, ավելին` հաստատության տնօրեն Լիաննա Հակոբյանի նախաձեռնությամբ այստեղ ուսում են ստանում «Գեղանկարչություն», «Դիզայն», «Կիրառական զարդարվեստ եւ ժողովրդական արհեստներ», «Էստրադայի երաժշտական արվեստ» եւ «Քանդակագործություն» մասնագիտություններով: Տարիների ընթացքում շուրջ երկու հազար շրջանավարտ է ունեցել ուսումնարանը, որոնցից շատերը հիմա աշխատում են մայրաքաղաքում եւ հանրապետությունից դուրս: Սերտ կապերը Երեւանի պետական կոնսերվատորիայի հետ, դասական երաժշտության համերգաշարերի կազմակերպումն իրավամբ ուսումնարանը վերածել են մշակութային կարեւոր եւ անփոխարինելի կենտրոնի: Ի դեպ, այստեղ է գտնվում ժամանակին Նիկոլայ 2-րդ կայսեր կողմից հինգ հազար ոսկիով Մարիինյան թատրոնի համար Գերմանիայից գնված «Վալկեռ» ֆիրմայի երգեհոնը, եւ պարբերաբար համերգներ են տեղի ունենում անվանի երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի մասնակցությամբ: Ուսումնարանի երեկվա եւ այսօրվա կյանքում անկարելի է չառանձնացնել նրա տնօրեն Լիաննա Հակոբյանի դերը: ՈՒնենալով կառավարման զգալի փորձ, նա նոր հիմքերի վրա դրեց ուսումնական գործընթացը եւ կարողացավ պահպանել կրթօջախի շունչն Արցախյան գոյամարտի դաժան տարիներին: Մեկ րոպե անգամ չդադարեց ուսումնական գործընթացը: Երաժշտական դահլիճի պատերը դեռ կրում են պատերազմի հետքերը` մոտակայքում պայթել է արկը: Բարեբախտաբար մարդիկ չեն տուժել, անվնաս մնաց եւ երգեհոնը… ՀՀ կառավարության միջոցով հիմնովին վերանորոգվեցին մասնաշենքի եւ դահլիճի տանիքները, հարստացել են գրադարանն ու ձայնադարանը, ձեռք են բերվել ուսումնադիդակտիկ նյութեր եւ պայմանագրեր: Երկար ընդմիջումից հետո հնարավոր եղավ կազմակերպել ուսումնարանի դասախոսների վերապատրաստումը մայրաքաղաքի կոնսերվատորիայում: Վերստին սկսեց գործել ուսումնարանի փողային նվագախումբը, ուսանողների ուժերով բեմադրվեցին դրվագներ «Անուշ» օպերայից: Կրթօջախի 40-ամյակի կապակցությամբ ուսումնարանն արժանացավ ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալին, իսկ այս տարվա ամռանը 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Իսրայելյանը (դաս.` Ս. Կոստանյան) Ա. Բաբաջանյանի անվան պատանի դաշնակահարների հանրապետական 6-րդ մրցույթում արժանացավ դափնեկրի կոչման եւ արծաթե մեդալի:
Այս ամենի կողքին, անշուշտ, կան բազմաթիվ պրոբլեմներ, որոնց մասին հակիրճ խոսեց տնօրեն Լ. Հակոբյանը.
– Վերջին տարիներին պակասել է դիմորդների քանակը, որը ոչ միայն արտագաղթի հետ է կապված, այլ թեկուզ այն պատճառով, որ ծնողը, տեսնելով մանկավարժ-երաժշտի սոցիալական վիճակը, չի ուզում իր զավակին երաժշտական կրթության տալ: Աշխատում ենք շնորհալի երեխաներ հայտնաբերել գյուղերում: Շիշկերտ, Ծավ, Խնձորեսկ, Շինուհայր… Հնարավորությունների սահմաններում փորձում ենք լուծել մանկավարժների խնդիրները: Որոշակի օգնություն ենք ստանում բարեկամներից: Իհարկե, հեշտ չէ այսօր` անցումային շրջանում լուծել ուսումնարանի բոլոր խնդիրները: Սակայն մենք պարտավոր ենք պահպանել արդի, շատ դեպքերում` կասկածելի երաժշտական ճաշակ եւ մակարդակ պարտադրող մթնոլորտում` մերը, իսկականը, դարերից եկող ժողովրդականը, դասականը: Այլապես ծանր կորուստ կունենանք՝ դառնալով մեծամասամբ օտար մշակույթի կրողն ու սպառողը: