Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է 10 անգամ ավելի հզոր լինել

18/02/2007 Կառապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«Մենք ունենք մտավոր սեփականության լուրջ պոտենցիալ, եւ մեզ թռիչք է պետք»,- ասում է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը Հայաստանում բարձր տեմպերով աճ է արձանագրել: Սակայն, ըստ ոլորտի ներկայացուցիչների, այդ աճը կարող է ավելին լինել:

Ըստ ITF գործադիր տնօրեն Գարեգին Չուգասզյանի, մեր երկրի պոտենցիալն այսօր 10 անգամ ավելի մեծ աճի հնարավորություն է տալիս: Հ. Մուսայելյանի խոսքերով էլ, ՏՏ ոլորտի ընկերություններն իրենց բիզնես-գործելաոճով մոտ 20-30 տարով առաջ են մյուս ձեռնարկություններից:

2000թ. կառավարության որոշմամբ, ՏՏ ոլորտը հայտարարվեց տնտեսության գերակա ճյուղ: Շատերի կարծիքով, սակայն, դա զուտ հայտարարություն էր: Իհարկե, ստեղծվեցին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ ՏՏ զարգացման աջակցման խորհուրդը (ՏՏԶԱԽ), բայց ըստ «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Կարեն Վարդանյանի, «դա առիթ հանդիսացավ, որպեսզի իրենք մի քիչ հանգստանան պետության գործողությունների առումով»:

Այսօր այդ «հայտարարությունից» լուրջ քայլերի անցնելու, գործողությունների հստակ ծրագիր մշակելու ժամանակն է: Հենց այս խնդրին էլ նվիրված էր «Պրեսսինգ» ակումբի հերթական քննարկումը, որը վարում էր Կ. Վարդանյանը: Նա մասնակիցների ուշադրությունը հրավիրեց երկու կարեւոր կետերի վրա` ինչպե՞ս անել, որ պետությունը դառնա ոլորտի ձեռնարկությունների ամբողջական գործընկերը, եւ ինչպե՞ս կառուցել այն համագործակցությունը, որը թույլ կտա առկա լուրջ ռեսուրսներով լուծել ՏՏ ոլորտի հիմնախնդիրները:

«Ես, օրինակ, կգերադասեի, որ Հայաստանում կոշիկի բիզնեսը լիներ գերակա ճյուղ: Որովհետեւ կոշիկի բիզնեսը մարդիկ արդեն հասկանում են, իսկ բարձր տեխնոլոգիաները հասկանալու համար դեռ ժամանակ է պետք: Եթե գերակա ճյուղ ենք հայտարարել, ապա պետությանը պետք է ասենք, որ չխառնվի, մենք մեր խնդիրը կլուծենք, քանզի պաշտոնյաները չեն հասկանում այդ խնդիրը: Պետք է մենք խաղի կանոն մշակենք, պետությանը մի կողմ թողնենք»,- ասաց «Արմինկո» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը: Նրա կարծիքով, պետությունը ոլորտի մասնակիցներին կարող է առաջարկել համապատասխան նախարարություն բացել, իսկ իրենց խնդիրը պետք է լինի պետությանը հարկեր վճարելը: Ա. Ալեքսանյանը խնդիր բարձրացրեց` ի՞նչ անել, որ պետությունը ՏՏ ոլորտի ընկերություններին չխանգարի:

«Դուք համոզվա՞ծ եք, որ եթե բացեք նախարարություն, կարող եք անել այն, ինչ ուզում եք: Կառավարությունը բացեց ՏՏԶԱԽ-ը, ՁԻՀ-ը եւ ինչ-որ չափով հանգստացավ: Բայց եկեք չմոռանանք, որ այդ կառույցներն էլ մասնավոր խնդիրներ են լուծել»,- ասաց ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության ՏՏ զարգացման բաժնի պետ Ժենյա Ազիզյանը: Նա նշեց, որ ժամանակ է պետք, որպեսզի ամբողջ տնտեսության համար այս ոլորտի անհրաժեշտության գիտակցությունը բարձրանա: «Մենք ինչո՞վ կարող ենք օգնել ձեզ: Մեր խնդիրը ո՞րն է»,- հարցրեց Կ. Վարդանյանը: «Պետությունը ներկայումս ոչ մի իրավիճակի պաշտոնական վերլուծություն չունի: Պատճառը միայն այն չէ, որ չի ուզում ունենալ: Պատճառն այն է, որ կոնտակտ չենք կարողանում ստեղծել ոլորտի ձեռնարկությունների հետ: Իսկ եթե ես իրավիճակին տեղյակ չեմ, հետեւաբար չեմ կարող դրան աջակցել: Մեր նախարարությունն անում է տարբեր ոլորտների մոնիտորինգ: Երբ հերթը հասնում է ՏՏ-ին՝ վիճակագրության պրոբլեմ է առաջանում: Պետական աջակցության համար ճշգրիտ տվյալներ են պետք: Այսօրվա դրությամբ, մասնավոր ուսումնասիրություններն ենք հիմք ընդունում: Մոտավորապես կորզում եմ ինձ պահանջվող ինֆորմացիան, իսկ դա նորմալ չէ: Երբ պաշտոնյան գնում է որեւէ երկիր, եւ այս ոլորտը պետք է ներկայացնի, ես ծանոթության միջոցով եմ ինֆորմացիա քաղում: Վիճակագրական ծառայությունն էլ պրոբլեմ ունի մեր ոլորտի հետ: Մենք միայն պահանջատեր չպետք է լինենք: Ես էլ ձեզանից պահանջելու բան ունեմ: Տվեք ինձ իրավիճակ, խնդիր, որ ես իմանամ` ի՞նչ անել: Ասեք, որ եթե այս խնդիրը լուծվի, կգանք այս իրավիճակին, որպեսզի ես իմ ղեկավարներին կարողանամ դրդել այդ ուղղությամբ»,- ասաց Ժ. Ազիզյանը:

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը նրան հարցրեց, թե ինքն ինչպես է տեսնում վիճակագրության խնդրի լուծումը: «Փորձում եմ մի օր բոլորիդ համոզել, հավաքել, որ այդ խնդիրն առաջադրենք: Ես ձեզ հետ պաշտոնական կոնտակտ չունեմ»,- պատասխանեց նախարարության բաժնի պետը: Հ. Չոբանյանն էլ նշեց, որ պետությունը ՏՏ ոլորտի զարգացման վրա գումարներ է ծախսում եւ կարող է լուծել նաեւ վիճակագրության հարցը: Կ. Վարդանյանի հավաստմամբ, նույն խնդիրը նաեւ Եգիպտոսում են ունեցել: Ինչպե՞ս են նրանք լուծել այն: «Նրանք ունեն ՏՏ նախարարություն, որի շարժիչ ուժը ՏՏ Զարգացման գործակալությունն է (ITDA): Չնայած դա պետական մարմին է, պետության կողմից է ֆինանսավորվում, բայց դրա ղեկավար կազմի 60-70%-ը հենց մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ են: Եվ պետության հետ համատեղ են մշակում գործողությունների ծրագիրը: Այստեղ ՏՏԶԱԽ-ը գործնական մարմին չէ, խորհրդատվական է: Խոսքը գնում է մի մարմնի մասին, որը կառավարում է ՏՏ զարգացման բյուջեն»,- ասաց Կ. Վարդանյանը: Ժ. Ազիզյանը հավաստիացրեց, որ տարբեր երկրներ տարբեր այցերի ժամանակ նաեւ այս ոլորտում համագործակցության խնդիրներն են բարձրացվում: «Հերթական որեւէ երկրի արձանագրային նյութը ես ուղարկեցի բոլոր ընկերություններին` տեղեկացնելով, որ այս երկրի հետ միջպետական մակարդակով համագործակցության համաձայնագիր է ստորագրվել: Ոչ մի արձագանք չեմ ստացել մինչ օրս»,- դժգոհեց նա: Հ. Չոբանյանին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ իրենք ոչ մի օր նման ձեւով չեն հավաքվել նախարարությունում եւ չեն քննարկել իրենց հուզող հարցերը: «Ես, օրինակ, բացի լսելուց, չգիտեմ, որ ձեր նախարարությունը ֆունկցիոնալ դերակատարում ունի այս ոլորտում»,- ասաց Հ. Չոբանյանը: Քննարկման վարողն էլ նշեց, որ Ժ. Ազիզյանը միայն վերջերս է նշանակվել բաժնի պետ, ու հիմա իրենք, հանձինս նրա, իսկական գործընկեր ունեն նախարարությունում: Ա. Ալեքսանյանը կրկին անդրադարձավ այն թեզին, որ պետությունը պետք է չմիջամտի ՏՏ ոլորտի զարգացմանը: «Պետությունը վերջերս մի օրենք է հնարել, որ բոլոր ցանց ունեցողները պետք է ունենան լիցենզիա, ու դրա գինը 100.000 դրամի փոխարեն սահմանել է 2 մլն դրամ: Ես հիմքերն ունեմ ասելու, որ ավելի լավ է պետությունը թողներ, որ այս ոլորտն իր ճանապարհով զարգանար: Պետական պաշտոնյաները ցանկացած երկիր կարող են գնալ ու ասել, որ այս երկրում կան մասնագետներ, կազմակերպություններ, որոնք կարող են երկրի երեսը պարզեցնել: Դա ստեղծվել է այն բանի շնորհիվ, որ պետությունը 10 տարի չի խառնվել այս ոլորտին: Հիմա պետությունը եկել է պատրաստի խաշի սեղանի շուրջ, ասում է` ինձ էլ տվեք: Մի րոպե, դու ի՞նչ ես արել մեզ համար, օրինակ, իմ հիմնարկի համար, որպեսզի ես պարտավորված զգամ ու խաշ տամ: Օրինակ, 7 տարի առաջ, երբ մի համակարգիչ էինք բերում, 4 օր մաքսատանն արյուն եմ թափել»,- ասաց «Արմինկոյի» տնօրենը: Նա գտնում է, որ ՏՏ զարգացումը խաբեություն չէ, քանզի այն ապրելու գործիք է: Նրա կարծիքով, պետությունը մասնակցի թե չմասնակցի, միեւնույն է` իրենք իրենց գործն անելու են: Մնում է` ճիշտ անել: Դրա համար Ա. Ալեքսանյանն առաջարկում է սկսել ստորին օղակներից` դպրոցից, համակարգչով աշխատել սովորեցնելու համար ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնել: «Հիմա դուք ուզում եք, որ պետությունը չխառնվի՞, թե՞ խառնվի»,- հարցրեց Ժ. Ազիզյանը: «Պետությունը թող իր բոլոր ռեսուրսներն ուղղի դեպի դպրոց: Որքան փող ունի, դրանով թող մասնագետ կրթի: Մասնավոր հատվածը մնացած բոլոր հարցերը կլուծի: Ես առաջարկում եմ պետությունը թող 100 դոլարից 80-ը տա դպրոցներին, իսկ 20-ով էլ պահի մի համակարգ, որը խաղի կանոններ կմշակի»,- պատասխանեց Ա. Ալեքսանյանը:

Հովիկ Մուսայելյանը ՀՀ կրթական համակարգի մակարդակը բարձրացնելու գործում պետության մեծ անելիքների վերաբերյալ համաձայնեց Ա. Ալեքսանյանի հետ: Նա նշեց, որ ՏՏ ոլորտի ընկերությունները Ճարտարագիտական համալսարանն ավարտած, բայց վերապատրաստում չստացած մասնագետներին աշխատանքի չեն ընդունում: «Այսինքն, բուհերի կադրերին մասնավոր ընկերությունները չեն վերցնում աշխատանքի: Մեր ընկերությունները նրանց վրա հսկայական ծախսեր են անում, որը մեր խնդիրը չէ, այլ պետությանն է: Ոչ մի զարգացած երկրում ընկերությունները կադրերի վրա այսքան ներդրումներ չեն իրականացնում: Այսօր մենք ո՛չ ուսանողների թիվ ենք ապահովում, ո՛չ էլ որակ: Բայց բուհերն էլ իրենց օբյեկտիվ պատճառներն ունեն` պրոֆեսորադասախոսական կազմի որակավորումը եւ տեխնիկական բազայի բացակայությունը»,- գտնում է Հ. Մուսայելյանը: Նրա կարծիքով, ճյուղային նախարարություն պետք չէ ստեղծել, քանզի ՏՏ-ն ճյուղ չէ, այլ` համակարգ է: Ըստ Հ. Մուսայելյանի, անկախ նրանից, թե պետական ինչ կառույց է զբաղվում այս ոլորտի խնդիրներով, «պետության դերն առաջին հերթին պետք է հիմնվի կրթության վրա»: «Արտաքին աշխարհում եթե ասես, որ 10.000 ուսանող կա, որոնց պատրաստելու համար եւս 3-4 տարի է պետք, բավական է, որ ոչ ոք հետաքրքրված չլինի մեր երկրով: Սակայն կան առավելություններ, որոնց շնորհիվ ընկերությունները եկել են Հայաստան: Նրանք փող են դնում, կրթական մոդելներ են ստեղծում, որովհետեւ հայերը վստահելի են, շատ շուտ վերապատրաստվում են, տեխնոլոգիական լավ ավանդույթներ կան այս երկրում, բուհական համակարգն էլ շատ ճկուն է»,- ասաց Հ. Մուսայելյանը:

«ISMA» ընկերության փոխտնօրեն, ՀՊՃՀ դոցենտ Սուրեն Մանուկյանի հավաստմամբ, մեր դասախոսները փորձ չունեն, միջազգային պահանջների հետ շփվելու հնարավորություն չունեն, որովհետեւ չունեն պատվերներ: «Եթե պետությունը ստեղծի հնարավորություն, որ դասախոսները գիտական ոլորտից ստանան ոչ թե 50, այլ գոնե 200 դոլար, եւ այդ հնարավորությունը ստեղծվի պատվերների տեսքով, ապա դասախոսը կընդգրկի ուսանողներին, ասպիրանտներին եւ արդյունք կտա: Այդ դեպքում բուհը կդառնա բուհ»,- նշեց Ս. Մանուկյանը: «Դուք խոսում եք միայն ՏՏ ոլորտի մասին, սակայն բոլոր ոլորտներում է առկա միջազգային մակարդակին չհամապատասխանող դասախոսական կազմի խնդիրը»,- ասաց Ժ. Ազիզյանը: Իսկ Կ. Վարդանյանը նկատեց, որ եթե գտնում ենք, որ ՏՏ զարգացումն իսկապես պետք է լոկոմոտիվ լինի ամբողջ տնտեսության համար, ապա առաջին քայլը պետք է լինի այս ոլորտում կրթության մակարդակի բարձրացումը: «Պետությանը պետք է փաստերով ապացուցել, որ ՏՏ ոլորտի զարգացումը, որի համար պետք են նախեւառաջ կրթական, հետո այս կամ այն գործոնները, կարեւոր է ոչ միայն այս ոլորտի համար, այլեւ տնտեսության բոլոր ոլորտների զարգացման համար: Բանավոր բոլորս հասկանում ենք: Բայց դրան իրավական ուժ տալու եւ առաջ տանելու համար պետք են լուրջ փաստացի ապացույցներ»,- նշեց նախարարության ներկայացուցիչը: Գ. Չուգասզյանի խոսքերով, ՀՀ-ում ՏՏ ոլորտի հետ կապված քաղաքականությունն ունի որոշակի շրջանակներ: Օրինակ, կրթության պետական քաղաքականությունը մի ուղղություն է, իսկ հարկային, ներդրումային, ինովացիոն քաղաքականություններն` այլ: Դրանք, ըստ Գ. Չուգասզյանի, ամբողջությամբ չեն դիտարկվում Հայաստանում: Նրա հավաստմամբ, պետք է համեմատել այլ երկրների քաղաքականությունների հետ` տեսնելու համար, թե ինչպե՞ս են նրանք զարգացրել իրենց ՏՏ ոլորտը: «Պարտադիր չէ, որ այդ քաղաքականությունը մշակվի նախարարություններում: Այն կարող է մշակվել առանձին մտածողական կենտրոններում, հետո առաջարկվել համապատասխան կառույցներին, որպեսզի վերջիններս իրականացնեն դա: Եթե նման կառույց չկա, ապա դրա ստեղծման խնդիրն էլ է դրվում: Ինչպե՞ս են այլ երկրներն այդ քաղաքականությունն իրականացնում, ի՞նչ տիպի կառույցներ կան: Մեկում նախարարություն է` ինչպես Ադրբեջանում, մի այլ տեղ` գործակալություն` ինչպես Շրի Լանկայում, մեկ ուրիշ տեղ, ինչպես Էստոնիայում, նախարարության կազմում ստեղծվել է մի դեպարտամենտ, որին բոլորը ենթարկվում են»,- ասաց Գ. Չուգասզյանը: Սակայն նա այս ամենի հիմքում դնում է քաղաքական կամքը: «Մենք ի՞նչ անենք, որ այդ կամքը ձեւավորվի, որ ստեղծվի գործողությունների ծրագիր»,- հարցրեց Կ. Վարդանյանը: Գ. Չուգասզյանն առաջարկում է նախ ճշտել ոլորտի ասելիքները, քանի որ ՏՏ ոլորտի իրազեկության բարձրացման խնդիր կա այսօր: Ըստ Գ. Չուգասզյանի, բացի դրամական գործիքներից, պետությունն ունի նաեւ ոչ դրամական գործիքներ: Օրինակ, համալսարանական կրթության մեջ ներդրումներ կատարելու փոխարեն, պետությունը կարող է այդ ֆունկցիան կատարելու համար մասնավոր ընկերություններին այդ մասով ազատել հարկերից: «Պետությունից պետք է պահանջես որոշակի ձեւով խառնվել, այլ ոչ թե չխառնվել: Եթե մենք ասում ենք, որ պետությունը չպետք է խառնվի մեր գործերին, ապա դա ավելի շատ պաշտպանողական դիրք է, որովհետեւ որքան ասում ես` մի խառնվի, այնքան ավելի շատ է խառնվում: Եվ վատ ձեւով է խառնվում: Պետությանը պետք է ասել. «Եթե պետք է խառնվես, ապա այս ձեւով պետք է խառնվես»: Իրականում լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Եվ մի հարց էլ կա. որքա՞ն ուժեղ պետք է լինես, որպեսզի քեզ հետ հաշվի նստեն: Ով էլ լինի, որ կուսակցությունն էլ կառավարի, մենք պետք է մեր ասելիքներն ու ասելու ձեւը ճշտենք: Եթե այդ երկու նախապայմանները կան, երրորդն արդեն Աստված է` կա՛մ կստացվի, կա՛մ ոչ: Այսինքն, առաջին երկուսը մեզանից են կախված: Ես կարծում եմ, որ նախընտրական շրջանն ասելու պահի առումով դրական է, քանզի հիմա քաղաքական գործիչների ականջները բաց են լրացուցիչ ձայների համար»,- ասաց Գ. Չուգասզյանը:

«Յունիքոմփ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը համաձայն չէ քաղաքական կամքի դոմինանտ լինելու տեսակետի հետ: «Պետք է առաջին հերթին պետությանը համոզել, որ ՏՏ ոլորտը ֆինանսապես ձեռնտու է իր համար: Քաղաքական կամքն այն է, որ թուրքերին համոզենք, որ ընդունեն Ցեղասպանությունը: Իսկ տնտեսությունը մի քիչ ուրիշ մեխանիզմներով է աշխատում: Եկեք պարզապես պետությանն ապացուցենք, որ իրեն (անկախ իշխող քաղաքական կուսակցությունից) ձեռնտու է մեզ հետ միասին այս ոլորտը զարգացնել: Բայց դրա համար մենք պետք է գործ ունենանք կոնկրետ մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այդ ոլորտի համար»,- ասաց Ա. Բալդրյանը: Իսկ Ժ. Ազիզյանը գտնում է, որ ապագա իշխանավորներին պետք է այնպես համոզել ՏՏ ոլորտի անհրաժեշտության մասին, որ նրանք էլ, պաշտոն ստանալու դեպքում, կարողանան բոլորին համոզել դա:

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը քննարկման մասնակիցներին տեղեկացրեց, որ ՁԻՀ-ի պատվերով իրենք այժմ ՏՏ ոլորտի հետազոտություն են իրականացնում: «Մասնավորապես, կարող եմ նշել, որ երբ պետությունը մեկ ուսանող պատրաստելու վրա ներդրում է կատարում, ապա 7-րդ տարում հարկերի տեսքով այնքան եկամուտ է ստանում, որը տարեկան ապահովում է 120% շահութաբերություն: Բայց, իհարկե, հաշվարկն արված է ոլորտի 11 խոշոր ընկերությունների տվյալների հիման վրա: Մի ֆունդամենտալ խնդիր էլ կա, որի առջեւ այսօր կանգնած է ՏՏ ոլորտը: Դա մրցակցային մոդելի փոփոխության խնդիրն է, որովհետեւ մեր գնահատմամբ, մինչեւ այսօր ՀՀ մրցակցային մոդելը շատ հախուռն է ձեւավորվել: Մասնավորապես, օգտագործվել է ինտելեկտուալ պոտենցիալը` որոշակի խնդիրներ լուծելու համար: Օտարերկրյա ընկերությունները գնել են ծրագրավորողների խմբեր: Չի ստեղծվել պրոդուկտ, որը համաշխարհային շուկայում ստեղծեր որոշակի արժեք, կամ այդ խմբերը չեն ինտեգրվել համաշխարհային արժեքային շղթաների մեջ: Մրցակցային մոդելի առումով, ինձ թվում է, Հայաստանը պետք է ստրատեգիական որոշում կայացնի մասնավոր սեկտորի հետ միասին»,- ասաց Մ. Հերգնյանը` հավելելով, որ դրա համար մեծ գումարներ պետք է ներդնել: Հ. Չոբանյանի կարծիքով, իրականում խնդիրն ավելի պարզ է: «Պետությունը ստեղծել է ինչ-որ մոդելներ, կառույցներ, որոնք, կարծես թե, դերակատար են այս ոլորտի կազմակերպման եւ զարգացման համար: Բայց ակնհայտ է, որ որեւէ մոդել չի աշխատում: Այդ կառույցներում ի՞նչ է արվում, ինչ-որ տեղ ֆիքսվո՞ւմ է այդ արվածը, դրանց գնահատականներ տրվո՞ւմ են»,- ասաց Հ. Չոբանյանը: Նա մի քանի հարցեր բարձրացրեց` որքանո՞վ է ՀՀ ՏՏ ոլորտի զարգացումը համապատասխանում համաշխարհային զարգացման տեմպերին, որքանո՞վ է դա արտացոլում զարգացման մեր պոտենցիալը, եւ որքանո՞վ ենք մենք կազմակերպված գնում այդ քայլերին: Նա կարծում է, որ պետությունն այստեղ դեր ունի, քանզի հայաստանյան շուկան փոքր է, ու բնականաբար, արտադրության մեծ մասը պետք է արտահանվի: Իսկ վերջինիս համար պետք են գիտական պոտենցիալ, էժան աշխատուժ եւ բարենպաստ հարկային համակարգ: Ըստ Հ. Չոբանյանի, առաջին երկու գործոններն այսօր Հայաստանում թուլանում են, ուստի պետությունը պետք է հետզհետե ուշադրություն դարձնի հարկային քաղաքականությանը, ոլորտին հարկային արտոնություններ տրամադրի, ինչպես բազմաթիվ երկրներում են արվում: Ընկերության ղեկավարը նշեց, որ պետությունը հակառակ ուղղությամբ չպետք է շարժվի ու լրացուցիչ ճնշումներ, լիցենզիաներ եւ պայմաններ չպետք է սահմանի ոլորտի մասնակիցների նկատմամբ: «Պետության դերը մեծ է նաեւ այն պատճառով, որ ներքին շուկայում տեղեկատվական տեխնոլոգիաների ամենամեծ գնորդը պետությունն է: Պետական տարբեր ոլորտների բարեփոխումների ծրագրում ՏՏ բաղադրիչը բավական լուրջ է: Կարծում եմ, համակարգված մոտեցում ցուցաբերելու դեպքում, այդ բարեփոխումների արդյունավետությունը նույնիսկ մի քանի 100 անգամ կարող է մեծանալ»,- ասաց Հ. Չոբանյանը: Քննարկման մասնակիցները խոսեցին նաեւ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համախմբվածության մակարդակից ու ոլորտի լոբբինգից: Գ. Չուգասզյանը գտնում է, որ ապագա իշխանավորներն այլ շահեր ունեն, ուստի նրանց դեպի այս ոլորտ գրավելու խնդիր կա: Գ. Չուգասզյանի կարծիքով, ՏՏ ոլորտի լոբբինգի աստիճանը զիջում է մնացած ոլորտներին:

«Մեր բոլոր խնդիրները հստակ են, մենք կարիք ունենք դրանք տեղ հասցնելու: Մենք մեր անհատական ուժը չենք կարող հավաքականի վերածել, որպեսզի կարողանանք ազդեցություն ունենալ որոշումներ ընդունողների վրա»,- ասաց «Virage Logic» ընկերության գլխավոր տնօրեն Վարուժան Մասարաջյանը: Ներկաները կատակով նկատեցին, որ վատ չէր լինի, եթե նրանցից որեւէ մեկը դառնար գործադիր կամ օրենսդիր իշխանության ներկայացուցիչ: Այդ դեպքում ոլորտի լոբբինգի հարցը մասամբ կլուծվեր: Ժ. Ազիզյանը նշեց, որ եթե ՏՏ ոլորտի ձեռնարկությունների ղեկավարներն իրեն տնտեսագիտորեն ճշգրիտ հաշվարկներ ներկայացնեն ոլորտի վերաբերյալ, ապա ինքը կկարողանա դրանք փաստացի ապացույցներով ներկայացնել իր ղեկավարներին: «Իսկ ո՞վ կանի այն հաշվարկները, թե որքա՞ն ներդրումներ կարող էին գալ այս երկիր, բայց չեկան, օրինակ, միայն այն պատճառով, որ ոչ մի հարկային արտոնություն չկա ՏՏ ոլորտի համար: Այդ արտոնություններն իրականում ոչ միայն մեզ են պետք, այլ օտարերկրյա պոտենցիալ ներդրողներին: Երբ Թուրքիայում կառավարությունը քննարկում էր, թե ինչպես անեն, որ «Մայքրոսոֆթը» մտնի Թուրքիա, պարզ բանաձեւը գտան` հարկային ու մաքսային զրոյական արտոնություններ տվեցին: Ու ընկերությունը միանգամից 4 մլրդ դոլար գումար ներդրեց դպրոցներում, որպեսզի 10 տարի հետո այդ թուրք երեխաներին ընկերությունն օգտագործի որպես ինժեներներ»,- նշեց Հ. Մուսայելյանը: Ժ. Ազիզյանն էլ նկատեց, որ «Մայքրոսոֆթը» Հայաստան մուտք գործեց առանց հարկային արտոնությունների: «Մի բան է հուշագիր ստորագրելը, մեկ այլ բան է իրական ինովացիոն ծրագրի տակ խոշոր ներդրումներ իրականացնելը»,- պատասխանեց «Սինոփսիս Արմենիայի» ղեկավարը: «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը շեշտը դրեց ՏՏ ոլորտը ներկայացնելու «լեզվի» վրա: «Ոլորտի նկատմամբ հասարակական պահանջ կարող է առաջանալ այն դեպքում, երբ հասարակությունն իսկապես հասկանա ձեր լեզուն, ՏՏ-ն չընկալի միայն որպես համակարգիչ կամ ինտերնետ: Բիզնեսմենների մեծ մասը նույնիսկ չգիտի, թե տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց ինչ կարող են տալ, ինչպես կարող են թեթեւացնել իրենց աշխատանքը: Այն տպավորությունն է, թե դուք ապրանք եք բերել շուկա, բայց չեք պատմում, թե այն ինչով կարող է պետք գալ: Հասարակությունը դա չգիտի, որովհետեւ դուք պատմում եք ձեր լեզվով, բայց հասարակության հետ շփվելու այլ լեզուներ գոյություն ունեն: Օրինակ, երբ բիզնես ոլորտում հաջողված օրինակ եք ունենում, խոսեք դրա մասին»,- ասաց Ս. Սեյրանյանը: Անդրադառնալով ոլորտի լոբբինգի մեջ մամուլի դերին, նա նշեց, որ լրագրողների համար մեծ դժվարություններ են առաջանում ՏՏ լեզուն հասկանալու եւ հասարակության համար «թարգմանելու» գործում: «Ինձ թվում է, ՏՏ ոլորտի PR-ը ֆունդամենտալ թերություն ունի: Ավելի շատ գովազդում են, թե, օրինակ, չիփն ինչ է: Իրականում ավելի շատ պետք է ներկայացնել այդ ոլորտում հաջողված պատմությունները: Ու ոչ միայն ընկերությունների, այլեւ` անհատների, ուսանողների»,- նկատեց Մ. Հերգնյանը:

Քննարկմանը ներկա էր նաեւ հոգեբան Խաչիկ Գասպարյանը: «Եթե ես` անծանոթ մի մարդ, ձեզ փողոցում կանգնեցնեի ու ասեի, որ փետրվարի 16-ին Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում պետք է կայանա Հոգեբուժության եւ հոգեբանության ամբիոնի 35-ամյակը, ի՞նչ կմտածեիք իմ մասին: Այսինքն, եթե ես ձեզ մի ինֆորմացիա տամ, որով դուք հետաքրքրված չեք, հավանաբար կմտածեք, որ ինձ մոտ ինչ-որ բան ճիշտ չէ»,- ասաց նա: «Ես կմտածեի նաեւ, որ երեւի հետաքրքիր բան է, բայց մենք տեղյակ չենք: Այսինքն, կա եւ՛ մեր թերությունը, եւ՛ ձեր թերությունը»,- պատասխանեց Ա. Բալդրյանը: «Մինչեւ որոշ մասշտաբներով հետաքրքրություն չստեղծվի, այս մասին խոսակցությունները կմնան որպես որոշ մասնագիտական խմբերի նախընտրություններ: Հոգեբանության մեջ կան անձի պաշտպանական մեխանիզմներ, եւ դրանցից մեկը կոչվում է վեհացնող ինքնախաբեություն: Երբ մենք հայտարարում ենք, որ ՀՀ-ն ՏՏ առաջնահերթություններով ընթացող երկիր է, սա երեւի թե ավելի շատ ցանկալի դաշտ է, քան իրական: Ես առիթ եմ ունեցել երկար տարիներ ապրել տարբեր երկրներում եւ աշխատում եմ Երեւանի Պետական բժշկական համալսարանում, որը համարվում է ՀՀ լավագույն բուհը, որտեղ տեխնոլոգիաները ոչ թե կաղում են, այլ շատ հետ են: Մի ուրիշ վտանգ էլ կա, որ գլոբալիզացիայի մեջ մենք կարող ենք հոգեբանական առանձնահատկություններ կորցնել, որովհետեւ գլոբալիզացիան հաշվի չի առնում մշակութային կամ էթնոհոգեբանական առանձնահատկություններ: Մենք մի ճանապարհ ենք ընտրել, որը ենթադրում է մեկուսացման միտումներ: ՏՏ-ն ենթադրում է ավելի շատ վիրտուալ աշխարհի հաղորդակցություն, քան հաղորդակցություն միմյանց հետ»,- նշեց հոգեբանը: Կ. Վարդանյանը նրան հարցրեց, թե ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն ինչպիսի՞ մարդկային համագործակցություն կարող են կառուցել պետական պաշտոնյաների հետ: «Հոգեբանության կարծիքով, այնպիսի բանաձեւ չկա, որը կիրառվի ցանկացած չինովնիկի նկատմամբ եւ հաջողության հասնի: Այստեղ մոտեցումը շատ անհատական է: Միակ գործոնն այն է, որ հնարավորության սահմաններում նրանց մոտ դրդապատճառ ստեղծել` այս ոլորտով հետաքրքրվելու: Բայց եթե մարդը հետաքրքրված չէ, ապա ինքը չի էլ լսի»,- պատասխանեց Խ. Գասպարյանը: Ա. Բալդրյանը գտնում է, որ նաեւ իրենք են մեղավոր, որ ոլորտի մոտ 200 ձեռնարկություններից շուրջ 20-ն են ակտիվ մասնակցում պետության մեջ ընթացող գործընթացներին: «Եվ հենց այդ 10%-ի չափով էլ պետության ուշադրությունն է մեր նկատմամբ»,- ասաց նա: Կ. Վարդանյանն էլ նշեց, որ իրենք պետք է մտածեն ոչ միայն պետության հետ համագործակցությունը խորացնելու, այլեւ միմյանց միջեւ հարաբերությունները սերտացնելու մասին: Հ. Մուսայելյանի համոզմամբ, ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարներն առավել համարձակ են իրենց տեսակետներն ու խնդիրները ներկայացնելու մեջ, քան այլ ոլորտների ներկայացուցիչները: Այս տեսակետի հետ Ա. Բալդրյանը համաձայն չէր. «Երբ հերթը հասնում է պետության դեմ խոսելուն, այդ խոսքն ասում են առավելագույնը 3-4 հոգի»: «Ուրեմն, մյուս ոլորտներից ոչ ոք ոչինչ չի ասում: Պետական այրերի հետ հանդիպելու մենք ավելի շատ հնարավորություններ ունենք: Այլ խնդիր է, թե որքանով են համակարգված մեր կարծիքները, եւ որքանով են համահունչ պետական մոտեցումներին: Մեր ոլորտն այդ առումով առավելություն ունի»,- նշեց Հ. Մուսայելյանը: Քննարկման ամենահետաքրքիր փաստն այն էր, որ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները թեեւ խոսում էին, թե իրենք համակարգված չեն, այնուամենայնիվ իրենց խնդիրներն ու հարցերը շարադրում էին բավական համակարգված: Նկատելի է նաեւ այն, որ ՏՏ ոլորտի առավելություններից մեկն էլ ընկերությունների միասնականությունն է, որը կարող է պետության հետեւողականության եւ քաղաքական կամքի առկայության պարագայում մեծ արդյունքների հասնել ոչ միայն այս ոլորտի, այլեւ ամբողջ տնտեսության համար: Իսկ այս քննարկման արդյունքներից, կարծում ենք, նրանք կարող են գործողությունների հստակ ծրագիր մշակել: