Ընկերակցության ներկայացուցիչները հայտնել են, որ հանրության ուշադրությանն են ներկայացնում այս գործը, «քանի որ պատժված չեն Պողոսյանի տառապանքների համար պատասխանատու հանցագործները»` քննիչներն ու դատավորները:
Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանն ասաց, որ իրենք սկսել են զբաղվել Պողոսյանի գործով, երբ տեղեկացել են, որ խոստովանություն կորզելու նպատակով նրան ենթարկել են խոշտանգումների:
Իսկ Հելսինկյան ընկերակցության փաստաբան Սեդա Սաֆարյանն ասում է, որ «ցավալին այն է, որ ծեծով «խոստովանական» ցուցմունքներ կորզելու արատավոր պրակտիկան այժմ էլ շարունակվում է, եւ անմեղ մարդկանց շարունակում են դատապարտել»:
Գլխավոր դատախազությունը ներում է հայցել Պողոսյանից: Սակայն նա ասում է, որ այդքանը ոչինչ է իր կյանքից գրեթե վեց տարի խլելու համար:
«Կոշի գաղութում ինձ հետ նստած էր Արմեն Սարգսյանը (խորհրդարանում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը), որն ինձ շատ ճիշտ խորհուրդներ էր տալիս. «Ոչ մեկի դեմ մի լարվիր, ապրիր քո կյանքով եւ մոռացիր այստեղի կյանքը»: Ես միայն մի բան եմ ուզում, որ այն մարդիկ, որ ինձ անմեղ նստեցրել են, պատասխանատվության ենթարկվեն: Վերջ»,- ասում է Արմենը:
Պողոսյանին ազատ են արձակել իրական հանցագործի խոստովանությունից չորս ամիս եւ իր դատավճիռը բեկանելուց 10 օր հետո: Բեկանման որոշում ընդունած դատական նիստի մասին չեն տեղեկացվել ոչ Պողոսյանը, ոչ էլ նրա փաստաբանը:
Հելսինկյան ընկերակցության փաստաբան Սեդա Սաֆարյանի հավաստմամբ` դատարանից իրենց հայտնել են, թե նիստը հետաձգվել է, սակայն հենց նույն օրն էլ դատավճիռը բեկանվել է:
Սաֆարյանը պնդում է, որ դա միտումնավոր է արվել:
«Չեն ուզել, որ աղմուկ բարձրանա,- ասում է Սաֆարյանը: -Բնական է, որ բաց հրապարակային դատական նիստի դեպքում Արմենը բազմաթիվ անուններ էր տալու….»:
1999թ. մարտի 29-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը Պողոսյանին հանցավոր է ճանաչել 12-ամյա Գեղեցիկ Ղանդիլյանին բռնաբարելու եւ սպանելու մեջ: Դատավճիռը հաստատել են Հայաստանի եռաստիճան դատական համակարգի մյուս երկու ատյանները:
Պողոսյանն ասում է, որ իրեն մեղավոր են ճանաչել, քանի որ ոստիկանները տանջել են եղբորը` ստիպելով զրպարտել իրեն, ինքն էլ «խոստովանել» է քննիչների կողմից ծեծի ու ստորացումների ենթարկվելուց հետո:
Արմենը գյուղի հովիվն է եղել եւ եղբոր հետ դաշտում կովեր արածացնելիս նկատել է աղջկան, որն իրենց կորած հորթերն է փնտրել: Երբ աղջկա անհետանալուց հետո գյուղում աղմուկ է բարձրացել, Արմենը պատմել է, որ ցերեկը նրան տեսել է: Այսքանը բավական է եղել, որ նրան տանեն Տաշիրի ՆԳ բաժին: 5 օր այնտեղ անցկացնելուց հետո Արմենը «խոստովանական» ցուցմունք է տվել:
Դատավճռի հրապարակումից հետո Պողոսյանը դիմել է Գլխավոր դատախազություն, սակայն ապարդյուն:
«Դատախազությունն Արմենին շանտաժով պահել է»,- ասում է փաստաբանը` պնդելով, որ Հանրային հեռուստատեսության «02» հաղորդաշարով ցույց են տվել իր պաշտպանյալի «խոստովանությունը», ինչը բացասաբար է անդրադարձել նրա հեղինակության վրա:
«Ես իմ անմեղությունը հաստատող բազմաթիվ փաստարկներ եմ ներկայացրել, սակայն ո՛չ դատախազությունը, ո՛չ էլ դատարաններն իմ փաստարկները հաշվի չեն առել,- պատմում է Արմենը: -Տարիներ շարունակ ես եւ ծնողներս բողոքներով դիմել ենք Հայաստանի բարձրագույն իշխանություններին ու իրավական բոլոր ատյաններին, սակայն որեւէ մեկը դրան նշանակություն չի տվել»:
Անցյալ տարվա սկզբին ազգությամբ եզդի Բորիս Խասոեւը խոստովանել է, որ բռնաբարել եւ սպանել է Գեղեցիկ Ղանդիլյանին: Խասոեւն արել է այդ խոստովանությունն այն բանից հետո, երբ մեղավոր է ճանաչվել 2003 թվականին 13-ամյա Դիանա Ֆահրադյանին բռնաբարելու ու սպանելու մեջ: Ղանդիլյանի սպանությունը բացահայտվել է սպանության ձեռագրի նմանությամբ:
«Ճիշտ քննություն կատարելու դեպքում չէին լինի հաջորդ բռնաբարությունն ու սպանությունը,- ասում է Սաֆարյանը: – Քննչական մարմինները հաճախ գերադասում են դատապարտել անմեղ մարդկանց, քան չբացահայտված հանցագործություններ ունենալ»:
Փաստաբան Սեդա Սաֆարյանը 34 միլիոն դրամի (մոտ 70.000 դոլար) նյութական փոխհատուցման հայց է ներկայացրել դատարան, որից 17 միլիոնն Արմենի կրած վնասն է, մյուս մասը` նրա ծնողների, որոնք այսքան տարի այցելել են որդուն եւ հոգացել ծախսերը:
«Մենք բարոյական վնասի փոխհատուցման մասին օրենք չունենք: Ես ուզում եմ նյութական վնասին ավելացնել նրան ազատությունից զրկելը, խոշտանգումներն ու վարկաբեկելը»,- ասում է Սաֆարյանը:
ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «նախաքննություն եւ հետաքննություն իրականացրած պաշտոնատար անձանց նկատմամբ», որոնց «կատարած հանցագործությունների հետեւանքով` Արմեն Յուրիկի Պողոսյանին անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական եւ գույքային վնաս»:
Պողոսյանին ճանաչել են որպես տուժող: Նա մանրամասն ցուցմունքներ է տվել, թե ովքեր եւ ինչպես են իրեն խոշտանգել, ինչպիսի բռնություններ են իր նկատմամբ կիրառել, այդ թվում` սպառնացել «շշի վրա նստեցնել»:
«Առայժմ որեւէ մեկը չի ձերբակալվել: Չնայած այդ անձինք հրաժարվում են, սակայն ասում են բաներ, որոնք անուղղակիորեն հաստատում են Արմենի ասածները,- ասում է փաստաբանը: -Դատախազությունը պարտավոր է իր վերաբերմունքն արտահայտել իր իսկ աշխատակիցների նկատմամբ»:
«Ինձ համար շատ դժվար էր,- պատմում է Արմենն իր տառապանքների մասին: – Պատկերացրեք` 1500 մարդ, ամեն օր մեկը քեզ հարցնում է` դու է՞ս հոդվածով ես դատված: Հոգեկան մեծ սթրեսներ եմ ունեցել: Ինչի՞ համար, ես հանցանք չեմ կատարել եւ հայտնվել եմ այս վիճակում:
Ինձ համար այնքան ծանր էր, որ որոշել էի կախվել: Էլ հնարավոր չէր, ծանր հոգեբանական ճնշման տակ էի: Իմ միակ հույսը ծնողներս էին: Նրանք ինձ հավատում էին, եւ դա ինձ հույս էր տալիս»: