Ռուսական «Ֆինանս» ամսագիրը հրապարակել է ռուսաստանյան 500 միլիարդատերերի (ռուբլիով) ցուցակը, որտեղ 8 հայեր կան: Ցուցակի 48-րդ տեղը զբաղեցնում է «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ եւ համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը, ով նաեւ վերահսկում է «Ռուս-բանկը»: Նրա կարողությունը գնահատվում է 1,3 մլրդ դոլար: 63-րդ տեղում «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմնական բաժնետեր Ռուբեն Վարդանյանն է (960 մլն դոլար): Ցուցակի 108-րդ տեղում նրան հետեւում է մյուս հայը` «Բորոդինո» հոլդինգի նախագահ եւ համասեփականատեր Տիգրան Ներսիսյանը, ում կարողությունը 490 մլն դոլար է: ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, ով կապակցված է «Դաեւ պլազա» եւ «Ցենտուրիոն» ընկերությունների հետ, հայտնվել է միլիարդատերերի ցուցակի 262-րդ տեղում (200 մլն դոլար): 404-րդ տեղում Արտյոմ Խաչատրյանն է (110 մլն դոլար), ով վերահսկում է «Կոպեյկա» ցանցի 10%-ը: «Տրաստ» ազգային բանկի տնօրենների խորհրդի անդամ եւ բաժնետեր Արտաշես Թերզյանը, ում կարողությունը գնահատվում է 110 մլն դոլար, հայտնվել է «Ֆինանս» ամսագրի ցուցակի 413-րդ տեղում: 440-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Ցենտրալ պարտներշիպ» պրոդյուսերական ընկերության գլխավոր տնօրեն եւ համասեփականատեր Ռուբեն Դիշդիշյանը (100 մլն դոլար): «Լուկօյլ» նավթային ընկերության փոխնախագահ, հոլդինգի 0,1% բաժնետոմսերի սեփականատեր Ջիվան Չելոյանցը, ում կարողությունը գնահատվում է 90 մլն դոլար, հայտնվել է ռուբլիով միլիարդատերերի ցուցակի 467-րդ տեղում: