«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի եւ հետխորհրդային երկրների բաժնի ղեկավար էլզա Վիդալը երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում խստորեն քննադատել է Հայաստանի հեռարձակողներին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական գովազդի չափազանց բարձր սակագներ սահմանելու համար: Հայաստանի մի քանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ արդեն մեղադրել են հեռարձակողներին բարձր գովազդային սակագներ սահմանելու համար՝ որակելով դա իբրեւ «իշխանությունների հրահրած միտումնավոր քայլ»: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչը, ըստ էության, համաձայն է այս տեսակետին: «Սա ընդդիմադիր գործչին ելույթի, բնակչության հետ հաղորդակցվելու հնարավորությունից զրկելու շատ բիրտ ձեւ է,- ասել է էլզա Վիդալը՝ շեշտելով,- Սա կիրառվող ամենադաժան մեթոդներից մեկն է: Այն հին մեթոդ է, բայց՝ անօգուտ»: Այսպիսի գնային քաղաքականությունը, ըստ նրա, նշանակում է, որ «իշխանությունը վախեցած է»: Գովազդային բարձր սակագների քաղաքականությունը, ինչպես վստահ է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչը, «կարող է գործել միայն կարճատեւ ժամանակահատվածում եւ ակնհայտորեն լավ ռազմավարություն չէ»: