«Տաշիրը» Մոսկվայում ընդլայնվում է

17/02/2007

Ռուսական «Ֆորբս» ամսագրի փետրվարյան համարում հրապարակվել է ՌԴ-ում անշարժ գույքի առեւտրով զբաղվող 30 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակը: 12-րդ տեղը զբաղեցնում է «Տաշիր» ընկերությունը, որի տարեկան հասույթը կազմել է 67 մլն դոլար: Ընկերությունը Ռուսաստանում զբաղեցնում է 19.700 քմ գրասենյակային եւ 104.100 քմ առեւտրային տարածք: Ըստ «Ֆորբսի»` ո՛չ «Տաշիրի» նախագահ Սամվել Կարապետյանը, ո՛չ էլ ընկերության աշխատակիցները չեն թաքցնում, որ այս ընկերության հաջողության կարեւորագույն գաղտնիքներից մեկն ամբողջ Ռուսաստանում հայկական համայնքի հետ լավ կապեր ունենալն է: «Կարապետյանը բիզնեսով սկսել է զբաղվել 1987թ. հայկական Տաշիր քաղաքում, հետագայում իր շտաբ-գրասենյակը տեղափոխել է Կալուգա: Հայրենակիցների հետ շփումների շնորհիվ` նա ձեռք է բերել բազմաթիվ տարբեր ակտիվներ` սկսած Մոսկվայի կենտրոնի եւ սեւծովյան հանգստավայրի տարածքներից, որը նախկինում պատկանում էր սիբիրյան ավտոկոմբինատին, մինչեւ «Գազպրոմի» հանքավայրերին սարքավորումներով մատակարարման պայմանագրերը: Անցյալ տարի «Տաշիրը» Մոսկվայում` «Գազպրոմի» երկնաքերից ոչ հեռու, սկսեց կառուցել «Gazoil Plaza» բիզնես-կենտրոնը»,- գրում է ամսագիրը: Ըստ «Ֆորբսի», ակնթարթորեն կնքվել են վարձակալության պայմանները, եւ այժմ «Տաշիրը» Մոսկվայի այդ հատվածում նոր տարածքներ է ձեռք բերել: Ամսագիրը գրում է, որ «Տաշիր» ընկերությունը պլանավորում է այլընտրանք ստեղծել հսկայական Մոսկվա-Սիթիին` հիմնել գործարար շրջան հումքային ընկերությունների համար: Հիշեցնենք, որ Ս. Կարապետյանն ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանի եղբայրն է: