«Ռոյալ-Արմենիա» ընկերության հետ կատարվող իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող է պետականաչինովնիկական համակարգը պատժել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են պարել ոմանց դուդուկի տակ։
Երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել «Ռոյալ-Արմենիա» ընկերության տնօրեն Տոնի Էլ Լաբակին, իրավաբաններ Գեւորգ Մինասյանն ու Աշոտ Սարգսյանը եւ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը: Ասելիքը վերաբերում էր ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործին։ Վերջիններիս մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածներով՝ 178 (խարդախություն), 325 (փաստաթղթեր կեղծել), 215 (մաքսանենգություն), 190 (փողերի լվացում) եւ 205 (հարկերից խուսափել)։ Գ. Հակոբյանն ու Ա. Ղազարյանը, արդեն 1 տարի է, գտնվում են ազատազրկման մեջ։ Այժմ նախաքննությունն ավարտված է, եւ վաղը կկայանա դատական նիստը։ Ինչպես նշեց ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանը, կալանավորված Գ. Հակոբյանն ու Ա. Ղազարյանը երբեք քաղաքականությամբ չեն զբաղվել, բայց «Ռոյալ-Արմենիայի» հարցը ձեռք է բերել որոշակի քաղաքական երանգներ։ Եթե փորձենք համառոտ ներկայացնել այս բարդ եւ խճճված գործը, ապա ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Ռոյալ-Արմենիան» հրապարակային դժգոհություն արտահայտեց իրենց ներմուծած ապրանքների համար սահմանվող՝ անհիմն բարձր մաքսային արժեքներից։ Ասուլիսներից մեկի ժամանակ Գ. Հակոբյանը բացեիբաց մեղադրեց Մաքսային պետական կոմիտեին (ՄՊԿ), որ այն ստիպում է իրենց կաշառք վճարել։ Այդ ընթացքում, դրանից առաջ եւ հետո «Ռոյալ-Արմենիան» պարբերաբար դատական վեճերի մեջ էր ՄՊԿ-ի հետ։ Իսկ հետո կալանավորվեցին ընկերության ղեկավարները՝ Գ. Հակոբյանն ու Ա. Ղազարյանը։ Մեղադրանքների հիմքում ընկած էին «Ֆեդերալ Ինվեստ Գրուպ» (ՖԻԳ) ընկերության ներկայացուցիչ, ամերիկաբնակ Վաչե Պետրոսյանի ցուցմունքները։ ՖԻԳ-ը «Ռոյալ-Արմենիային» սուրճ է մատակարարել 1999թ.-ից մինչեւ 2004թ.։ Բանախոսների կարծիքով, ներկայացված բոլոր մեղադրանքները կեղծ են եւ շինծու։ Օրինակ, Թ. Մանասերյանը նշեց, որ թեեւ ինքը քրեական իրավունքի մասնագետ չի, սակայն իր համար էլ պարզ է, որ մեղադրանքները չեն համապատասխանում նյութերին։ «Գործի մեջ պարադոքսներ կան»,- ասաց պատգամավորը՝ պարզաբաներով, որ ՖԻԳ-ը չգործող ընկերություն է, եւ նրա հաշվեկշիռը զրոյական է, այսինքն` պարտք ու պահանջ ոչ մեկի հետ չունի։ Մինչդեռ, նախաքննությունը «պարզել» է, որ «Ռոյալ-Արմենիան» ՖԻԳ-ին պարտք է 164 հազար, հետո այդ թիվը դարձել է 380 հազար, 1 միլիոն, իսկ վերջում՝ 2 միլիոն դոլար։
Թ. Մանասերյանը, ով վերջերս այցելել է ազատազրկման մեջ գտնվող Գ. Հակոբյանին, տեղեկացրեց նաեւ, որ վերջինիս ֆիզիկական վիճակը շատ ծանր է։ Նրա խոսքերով. «Շինծու գործի նպատակն է մարդկանց ֆիզիկական ոչնչացումը»։ Կալանավորվածների շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանն էլ նշեց, որ գործը շատ ապաշնորհ ձեւով է կազմված։ Օրինակ, միշտ խոսք է գնացել ինչ-որ օրիգինալ կնիքների մասին, սակայն պարզվում է՝ գործը կազմված է ընդամենը դրանց պատճենների հիման վրա։ Կամ, ասենք, գործի մեջ նշվում է, որ «Ռոյալ-Արմենիան» մաքսանենգ ճանապարհով Հայաստան է ներմուծել 8մլրդ 150 մլն դրամի (մոտ 16 մլն դոլար) ապրանք, իսկ նույնի գործի մեջ մեկ այլ տեղ նշվում է, որ «ՖԻԳ» ընկերությունը «Ռոյալ-Արմենիային» մատակարարել է ընդամենը 5 միլիոն դոլարի ապրանք։ Ա. Սարգսյանը այս անհամապատասխանությունները համարում է պարզապես ցինիզմի դրսեւորում։ «Ասել են՝ գրի, շատ գրի։ Քննիչն էլ ոգեւորվել է»։
Բոլոր բանախոսներն էլ նշեցին, որ այս ամենը սանձազերծել է Մաքսային պետական կոմիտեն։ Թ. Մանասերյանն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ սա առաջին դեպքն է, երբ մարդը հրաժարվում է կաշառք տալուց եւ, որպես արդյունք` հայտնվում է այսպիսի վիճակում։ Ա. Սարգսյանը քննիչ Մարուքյանին համեմատեց կարմիր կտոր տեսած կատաղած ցուլի հետ, որը «պատվեր է ստացել եւ ուղեղն անջատել»։ Իսկ Գ. Մինասյանը խոսելով նույն մարդու մասին` ասաց. «Եթե որոշ մարդիկ մարդ արարած են կոչվում, ինձ մոտ ցանկություն է առաջանում դիմում գրել եւ հրաժարվել մարդ կոչվելուց»։ Ո՞Ւմ է ձեռտնու այս ամենը, ո՞վ է պատվեր տվողը։ Ա. Սարգսյանը խորհուրդ տվեց պատվիրատուներին փնտրել «Ռոյալ-Արմենիայի» մրցակիցների մեջ, իսկ հետո ավելի կոնկրետացրեց՝ ակնարկելով, որ ՄՊԿ պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը մասնակցություն ունի սուրճի շուկայում։ Ստացվում է՝ Գ. Խաչատրյանը հանրապետության ամենահզոր մարդկանցից մեկն է, որն ազդեցություն ունի ոչ միայն մաքսային ոլորտի, այլեւ` Ազգային անվտանգության եւ դատական համակարգի վրա։ Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ ըստ Թ. Մանասերյանի, հանրապետության նախագահը տեղյակ չէ գործի մանրամասներին։ Փաստորեն, ըստ Թ. Մանասերյանի՝ նախագահին ապատեղեկացնում են եւ իրավիճակը ներկայացնում են իրենց ձեռնտու տեսանկյունից։ Հիշեցնենք, սակայն, որ «Ռոյալ-Արմենիան» նախկինում 3 անգամ ասուլիս է հրավիրել եւ մեկ անգամ էլ բաց նամակով դիմել ՀՀ նախագահին, գլխավոր դատախազին, ԱԱԾ պետին եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին։ Դրան գումարած՝ ԶԼՄ-ները բավական հաճախ են անդրադարձել այս խնդրին։ Այսքանից հետո անտեղյակ մնալը, մեղմ ասած, զարմանալի է։ Այլ բան, որ, ինչպես նշեց Ա. Սարգսյանը, չի ուզում իմանալ։ Չէ՞ որ վերեւներին ավելի շատ հետաքրքրում են հաճելի լուրերը՝ օրինակ, այն, որ Հայաստանն իր տնտեսության ազատականությամբ աշխարհում գրավում է 32-րդ տեղը։ Հետո՞ ինչ, որ որոշ կառույցների թրի տակով չանցնելու՝ կաշառք չտալու համար, մարդկանց կարող են ցուցադրաբար պատժել։ Կարեւորը ցուցանիշներն են։