Որպես հարկատուներ` տոնավաճառները հաճախ են դառնում քննարկումների առարկա եւ քննադատությունների թիրախ: Ճիշտ է, տոնավաճառներից շատերը խոշոր հարկատուներ են, սակայն միշտ էլ համոզմունք է եղել, թե նրանց ստացած շահույթը շատ մեծ է: Եվ իզուր չէ, որ տոնավաճառների տերերը պատահական մարդիկ չեն:
Հայաստանում կա մոտ 200 տոնավաճառ, որոնցից խոշորները Երեւանում են: Տոնավաճառները հարկերը վճարում են վարձակալների վճարներից եւ հաշվարկում են զբաղեցրած տարածքի չափերին համապատասխան, այսինքն՝ հաստատագրված վճարով: Ահա այստեղից էլ հասունանում է այն հարցը, թե այդ տնտեսվարող սուբյեկտները որքա՞ն վարձավճար են հավաքում, որքա՞ն հարկ են վճարում եւ որքա՞ն շահույթ են ստանում: Մենք կդիտարկենք մի քանի խոշոր տոնավաճառների օրինակներ, կհամեմատենք վճարած հարկերի եւ հավաքած վարձավճարների չափերը ու մոտավոր ճշգրտությամբ կպատկերացնենք մեզ հուզող հարցերի պատասխանները: Եվ ահա, հարկային պետական ծառայության հրապարակած 300 խոշոր հարկատուների ցանկում հայտնվել են հինգ տոնավաճառներ՝ «Ռաֆայել-Տաթեւը»՝ Մալաթիայի հայտնի տոնավաճառը 2006թ. վճարել է 420 մլն 419 հազար դրամ: Երկրորդ տեղում է Հրազդանի տոնավաճառը՝ 314 մլն 328 հազար դրամ, հետո՝ «Տաշիրն» է 314 մլն 328 հազար դրամ վճարած հարկերով, չորրորդ տեղում «Նարեկ» տոնավաճառն է՝ Ռոսիան՝ 134 մլն 324 հազար դրամ, եւ հինգերորդը «Փեթակն» է՝ 218 մլն 593 հազար դրամ: Առաջին հայացքից այս հինգ տոնավաճառների վճարած հարկերը բավականին տպավորիչ են: Սակայն երբ այս թվերը մի փոքր բացում ենք՝ համեմատում ենք հաստատագրած վճարի չափի եւ գանձած վարձավճարների հետ, տեսնում ենք, որ նրանք պետբյուջե քիչ են վճարել: Ինչպե՞ս:
Նորից հիշեցնենք, որ տոնավաճառները հաստատագրված հարկ վճարող տնտեսվարող սուբյեկտներ են: Այսինքն՝ ունեցած 1 քմ տարածքի համար վճարում են կոնկրետ գումար: Իսկ այդ հաստատագրված գումարը հաշվարկվում է հատուկ բանաձեւով՝ աշխատանքի օրերի քանակը բազմապատկվում է 1,25 գործակցով, որը ֆիքսված է Երեւան քաղաքի համար: Մարզերի համար մեկ այլ գործակից է սահմանված, հավանաբար` ավելի փոքր: Եթե տոնավաճառը փակ է՝ ինչ-որ շենքում է, ստացած թիվը բազմապատկում ենք 1,2 գործակցով, իսկ եթե բացօթյա է, բազմապատկում ենք 0,7 գործակցով: Վերջնական թիվը մեկ անգամ էլ բազմապատկում ենք 110-ով, որը ոչ մի դեպքում չի փոխվում եւ եկամուտների հաշվառման համար սահմանված ինչ-որ գործակից է: Եվ այս թվաբանության արդյունքում կստանանք տոնավաճառների համար սահմանված հաստատագրված վճարի չափը: Հաշվենք «Հայաստան» հանրախանութի 1քմ տարածքի հաստատագրված հարկի չափը, որն, ի դեպ, 300 խոշոր հարկատուների ցանկում չկա: Նաեւ նշենք, որ այս հանրախանութում ամենափոքրիկ տաղավարի վարձավճարը 500-600 դոլար է:
1 x 30 x 1,25x 1,2 x 110 = 4950. այս բանաձեւից 30-ն աշխատանքային օրերի քանակն է, 1,25-ը նշանակում է, որ տոնավաճառը գտնվում է Երեւանում, 1,2-ը, որ տոնավաճառը փակ տարածքում է գործում: Այս թվերը բազմապատկելուց հետո կստանանք, որ «Հայաստան» հանրախանութը 1 քմ-ի համար ամսական վճարում է 4950 դրամ: Հրազդանի եւ Մալաթիայի տոնավաճառների դեպքում այս թիվն ավելի փոքր է լինում, որովհետեւ բացօթյա են: Կազմենք «Հրազդան» տոնավաճառի բանաձեւը (պարզապես ավելացնենք, որ վերջինս երկուշաբթի օրերին չի աշխատում, նրա աշխատանքային օրերի գործակիցը 25 կամ 26 թվերը կլինեն): Հետեւաբար, այս տոնավաճառի բանաձեւն է՝ 1 x 26 x 1,25 x 0,7 x 110 = 2502: Քանի որ Մալաթիայի տոնավաճառը ազատ օրեր չունի, նրա մոտ հաստատագրված վճարը փոքր-ինչ բարձր կլինի՝ 1 x 30 x 1,25 x 0,7 x 110 = 2887:
Կոնկրետ «Հրազդան» տոնավաճառում տաղավարներն ունեն մոտ 9 քմ տարածք եւ ամսական վճարում են 550-630 դոլար վարձ, իսկ պետբյուջե վճարում է ընդամենը 25.000 դրամ կամ 70 դոլար եւ ստանում է 7-8 անգամ ավելի շահույթ: Շատ մանրախնդիր չենք լինի, այս թվերը մի լավ կկլորացնենք, եւ բոլոր տոնավաճառների համար 1քմ հարկը կդարձնենք 5000 դրամ: Այս դեպքում 1 տաղավարի համար ամսական հարկը կլինի 45.000 դրամ կամ 125 դոլար: Այդպես կխուսափենք նաեւ թվաբանական մանր-մունր սխալներից եւ հասցեատերերին էլ շատ չենք բարկացնի: Ակնհայտ է, որ տոնավաճառների սեփականատերերը գերշահույթ են ստանում: Մենք փորձեցինք «Հրազդան» տոնավաճառից որոշակի տեղեկատվություն ստանալ, թե քանի՞ քմ տարածք են զբաղեցնում, քանի՞ տաղավար ունեն եւ ինչպե՞ս են հարկվում: Մեզ, այդ հարցին ի պատասխան` խորհուրդ տվեցին օգտվել 300 խոշոր հարկատուների ցանկի տվյալներից: Որքան հայտնի է՝ «Հրազդանն» ունի 450-500 տաղավար: Նույն իրավիճակն է նաեւ մյուս բոլոր տոնավաճառներում: Բայց դժվար է տոնավաճառների սեփականատերերին միանշանակ մեղադրել քիչ հարկեր վճարելու համար: Օրենքով է սահմանված, որ առեւտրի այդ կենտրոնները հարկվեն հաստատագրված վճարով, եւ օրենքով է սահմանված նաեւ հաստատագրված հարկի հաշվառման մեխանիզմը: Հնարավոր է, որ տոնավաճառների տերերն իրենց տարածքների որոշակի հատվածը թաքցնեն եւ դրա համար հարկեր չվճարեն, սակայն դա մեծ փոփոխություններ չի առաջացնի: Միգուցե հաստատագրված հարկի չա՞փն է ցածր: Դժվար է ասել: Բայց մի բան հաստատ է, եթե հաստատագրված հարկի չափը բարձրացվի, համոզված եղեք, որ տոնավաճառի սեփականատերը դա իր գրպանի հաշվին չի վճարի, այլ վարձավճարները կբարձրացնի: Վարձավճարն, ի վերջո, դուրս է գալիս մեր եւ ձեր գրպանից: Իսկ իշխանությունները իբրեւ թե մինչեւ հիմա չեն կարողանում գտնել տնտեսվարողների գերշահույթը հարկելու բանաձեւը: