Սողանքներն ավելանում են

17/02/2007

Էրեբունի համայնքի թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքի 1200 մ երկարությամբ սողանքը դարձյալ ակտիվացել է: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, հակասողանքային միջոցառումների իրականացման խմբի ղեկավար Ռոբերտ Յադոյանը, համապատասխան ոլորտի մասնագետներն օրերս քննարկումների ընթացքում առաջ են քաշել թունաքիմիկատները գերեզմանոցից հանելու եւ ոչնչացնելու անհրաժեշտությունը: Առաջիկա 10 տարիների ընթացքում պետք է աշխատանքների իրականացման համար ֆինանսական միջոցներ փնտրվեն: Մասնագետների մի մասն առաջ են քաշում թունաքիմիկատների վերամշակման գաղափարը, ինչի արդյունքում կստացվեն օգտակար միացություններ: Ռ. Յադոյանի խոսքերով, տարեցտարի ՀՀ-ում սողանքների թիվն ավելանում է: Դրանք մասնավորապես տարածված են Երեւանի շրջակայքում, Դիլիջանում, Մարտիրոսում, Ողջաբերդում, Հաղարծինում, Ճամբարակում, Կապանում, Գորիսում, Սիսիանում, Արարատի, Լոռու մարզերում, իսկ վերջին ժամանակներում նաեւ` Շիրակում: ՀՀ-ում գրանցված է 3500 սողանք, որից 300-ը`ակտիվ (գտնվում են բնակավայրերին մոտ):