ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ «սառը պատերազմ» չի ցանկանում: Այդ մասին անվտանգության հարցերին նվիրված Մյունհենի միջազգային խորհրդաժողովի աշխատանքի երկրորդ օրը կայացած քննարկումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը: Պենտագոնի ղեկավարն այդ կերպ է պատասխանել ՌԴ Դաշնության խորհրդի Պաշտպանության կոմիտեի նախագահ Վիկտոր Օզերովի այն հարցին, թե ինչպե՞ս պետք է հասկանալ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Գեյթսի արած հայտարարությունը, եւ ի՞նչ օբյեկտիվ գնահատականներ են ընկած այնքան հեռուն գնացող այն եզրակացության հիմքում, թե Ռուսաստանը մի շարքում է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան եւ Իրանը, եւ այդ թեզիսն արդյոք նոր «սառը պատերազմ» սկսելու ցանկություն չէ՞, որի սանձազերծման մեղքը ցանկանում են բարդել ՌԴ-ի ուսերին: Գեյթսը նշել է նաեւ, որ «ՌԴ-ին չի ներառում այնպիսի երկրների կատեգորիայում, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան եւ Իրանը»: Բայց, միեւնույն ժամանակ, ըստ Պենտագոնի ղեկավարի, ՌԴ-ում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ «միջազգային մտահոգություն են հարուցում»: «Ես չեմ կարծում, որ նոր պատերազմ է սկսվում Ռուսաստանի հետ: Ռուսաստանը կարեւոր գործընկեր է, եւ այդ գործընկերության պահպանումը համապատասխանում է ինչպես Եվրամիության եւ ԱՄՆ-ի, այնպես էլ ՌԴ-ի շահերին»,- ասել է Գեյթսը: