Երեւանի քաղաքապետարանի ծրագրի համաձայն` 2007-2010թթ. մայրաքաղաքում կկառուցվեն նոր մայրուղիներ, փողոցներ եւ ստորգետնյա անցումներ: Ինչպես երեկվա ասուլիսում տեղեկացրեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը, այս տարի նախատեսվում է շինարարական աշխատանքներ իրականացնել Խանջյան եւ Տիգրան Մեծ փողոցների հանգույցում` «Այրարատ» կինոթատրոնի տարածքում: Հետիոտնի անվտանգության պահպանման նպատակով Խանջյան փողոցը կանցնի Տիգրան Մեծ պողոտայի ստորգետնյա հատվածով: Նախատեսվում է, որ Վարդանանց փողոցը կանցնի Խանջյան փողոցի ստորգետնյա հատվածով: Հետիոտնի համար ստորգետնյա անցումներ կկառուցվեն Նալբանդյան, Իսահակյան եւ Ալեք Մանուկյան փողոցների հատման վայրում, Կենդանաբանական այգու հատվածում, Իսակովի պողոտայում, Կենտրոնական ավտոկայանից Կիլիկիա ընկած տարածքում եւ այլն: Բացի վերոնշյալ աշխատանքներից, այս տարի նախատեսվում է մշակել ճանապարհային երթեւեկության կազմակերպման սխեմա, մանրամասն գույքագրել հասարակական տրանսպորտի կանգառները եւ ներկայացնել նախագծային աշխատանքներ: Ըստ Ս. Դանիելյանի, նշված աշխատանքների նպատակն է` ունենալ կենտրոնը շրջանցող ճանապարհներ: «Յուրաքանչյուր տարի մայրաքաղաք է ներկրվում 15-20 հազար մեքենա, հետեւաբար` փողոցային ցանցի վերակազմավորման խնդիրը վաղուց է հասունացել»,- նշեց գլխավոր ճարտարապետը: Նրա կարծիքով, մայրաքաղաքի ինժեներաերկրաբանական վիճակի վերաբերյալ տարբեր մասնագետների կողմից հնչեցված գնահատականները չափազանցված են: «Մանրամասն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երեւանում շինարարությունը կատարված է բարձր որակավորում ունեցող անձանց կողմից, իսկ քաղաքաշինության ֆոնը քաղաքի համար ընդունելի է»,- ասաց Ս. Դանիելյանը: Ըստ նրա, Կենտրոնում դեռ կան իրացման հատվածներ (Կոնդը, Կոզեռնը, Գր. Լուսավորիչ եկեղեցուն հարող տարածքը եւ այլն), որտեղ պետք է շինարարություն իրականացվի:
Ինչ վերաբերում է Երեւանն առանձին քաղաքների բաժանելուն, ապա գլխավոր ճարտարապետը դեմ է այս տարբերակին: «Մասնատման կարիք ունեն մեծ քաղաքները, իսկ Երեւանում ներկայումս առաջացել է կառավարման համակարգի ճիշտ կազմակերպման խնդիր: Աշխատանքներ պետք է տարվեն այդ ուղղությամբ»,- նշեց գլխավոր ճարտարապետը: