90-ական թվականների սկիզբն էր, երբ նոր-նոր Երեւանի փողոցներում, մետրոյում, կայարանում եւ այլուր հայտնվել էին մուրացկան երեխաներ: Բաղրամյան մետրոյի կանգառում իջա գնացքից եւ արագ քայլերով դեպի ելք էի շտապում: Դիմացից մի աղջիկ էր գալիս, իմ աղջկա տարիքին էր համարյա, 13 կամ 14 տարեկան, գեղեցիկ, ջինջ դեմքով եւ մի քիչ վախվորած քայլվածքով, այդպես եմ հիշում: Մետրոն գրեթե դատարկ էր, եւ մոտենալով, մոտ երկու մետր հեռավորությամբ, նա հանկարծ կանգնեց եւ դժվարությամբ (երեւի առաջին անգամ էր այդ շարժումը անում), բայց միանգամից բարձրացրեց ձեռքը եւ մեկնեց դեպի ինձ: Նրա աչքերում այնքան խորը վիրավորանք կար, եւ մանկական տարիքի համար` անբնական տառապանք, որ ես, ինձնից անկախ, գլուխս կտրուկ շրջեցի եւ, երբ կողքով անցնելիս հայացքս նորից հանդիպեց նրա աչքերին, այնտեղ արդեն ուրիշ հայացք տեսա, ամենադժվարը կարծես արդեն ետեւում էր, եւ աչքերում մնացել էր անտանելի մի հարց` ինչո՞ւ … Անբացատրելի բան է դա, երբ երկու մարդկանց միջեւ այդպիսի հաղորդակցում է լինում: Այսքան տարի անց գրում եմ, եւ դարձյալ հուզվում եմ: Ես հիմա էլ չեմ պատկերացնում, որ նրա ձեռքի մեջ կարող էի փող գցել: Բայց մինչեւ այսօր հանգիստ չի տալիս նաեւ մեղքի զգացումը:
Հիմա մասսայական մուրացկանության եմ ականատես լինում, եւ` ոչ մի հուզմունք: Այժմ շատ թեթեւ եմ «օգնում», մեծամասամբ ոչինչ չզգալով, այլեւս երբեք որեւէ մեկի հայացքին հայացքս չի հանդիպում, չգիտես ինչու: Մտքերի մեջ, կամ խոսակցությամբ տարված, արագ-արագ հանում եմ դրամապանակից գումարը եւ այնպես, իմիջիայլոց եւ «մեծահոգաբար» տալիս եմ, գոհ, որ օգնեցի երեխային գրկած աղջկան կամ տարեց կնոջը եւ փոխարենը ստացա նրանց օրհնանքները:
Ես փոխվել եմ: Իսկ գուցե այդ աղջիկը նո՞ւյնպես այլեւս չկա, որն այդպես տանջվում էր ձեռքը մեկնելիս: Փոխարենը կա ստորացնող եւ ստորացված մարդկանց մի զանգված: «Սպանությունից ավելի ծանր մեղք` մարդուն ստորացնելն է»,- գրում է դեդեկտիվի ժանրում հայտնի ֆրանսիացի գրողը:
Բայց կա ավելի սարսափելին, երբ այնքան է կոշտանում հոգին եւ բթանում միտքը, որ ոչ ստորացնողն է զգում, որ նսեմացնում է մարդուն, եւ ոչ էլ նա, ով ստորանում է:
Ազգային պատկերասրահում վերջերս Մշակութային հիմնադրամի շնորհանդեսի առիթով հավաքված մտավորականությունը, իրենից անկախ, հայտնվել էր այդպիսի մի իրավիճակում: Ընդամենը հաղորդումը տեսա հեռուստացույցով եւ լսեցի ելույթները՝ «այնպես լինի, որ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով», միայն թե այդ ելույթում, թվարկումների մեջ` որ գիտնականը պետք է զբաղվի գիտությամբ եւ այլն, չնշվեց ամենակարեւորը, որ բիզնեսմենը պետք է զբաղվի բիզնեսով, քաղաքական գործիչը` քաղաքականությամբ, եւ ոչ թե` հակառակը եւ այն էլ` Ազգային ժողովում: Այդքանը դպրոցի ցածր դասարաններում էլ գիտեն: Անկեղծ ասած, երբեմն ինձ զգում եմ այն երեխայի դերում, որը բացականչում է, «բայց …. թագավորը մերկ է»:
Ամռանն իմ ուսանողական տարիների ընկերուհին էր եկել, որն արդեն քսանհինգ տարուց ավելի ընտանիքով ապրում է Ամերիկայում: Նա տարբեր դեպքեր էր պատմում իրենց կյանքից, եւ չեմ հիշում` ի՞նչ առիթով սկսեցինք խոսել ղեկավարի եւ աշխատողի կամ, մի քիչ կոպիտ է հնչում, բայց` վերադասի եւ ստորադասի հարաբերությունների մասին, եւ նրա պատմածից ես անդրադարձա, որ իրենց մոտ ընդունված է, որ, օրինակ, երբ ռեստորան են գնում եւ, հասկանալի է, երբ ընկերներ չեն կամ հավասար կարգավիճակում չեն, վճարում է ավելի բարձր դիրք ունեցողը եւ երբեք` հակառակը: Որեւէ տոն կամ ծննդյան օր պետք է շնորհավորի ղեկավարը, եւ նվերը ղեկավարի կողմից չի արգելվում, բայց, երբեք` հակառակը: Եվ, եթե ուշադրություն եք դարձրել, Երեւանում նույնպես ամերիկյան կամ միջազգային կազմակերպությունների միջինից բարձր կարգավիճակ ունեցող աշխատակցի գալուստի կամ հրաժեշտի առիթներով ընդունելությունները եւ հյուրասիրությունները կազմակերպվում են, որպես կանոն, վերադասի կողմից, երբեմն հենց իր տանը: Ո՞րն է տրամաբանությունը: Ինչո՞ւ է, օրինակ, ճաշի համար վճարում ղեկավարը: Առաջին պատճառը, որ կնշեք, այն է, որ, եթե հակառակը լինի, դա կաշառքի հնարավորություն է ընձեռում: Իհարկե, նաեւ` դա, բայց կարեւորն այնքան դա չէ, որքան այն, որ հակառակը վիրավորական է ղեկավարի համար, թեթեւակի ստորացուցիչ է: Մի խոսքով` հյուրասիրելը ղեկավարների մենաշնորհն է: Բայց, քանի որ այդ ամենն ընդունված էթիկայի շրջանակներում է, ոչ ոք իրեն ստորացված չի զգում: Բարեգործությունը նույնպես, եւ առավել, քան կարիք ունի էթիկայի շրջանակներում գործելու: Ո՞վ կարող է բարեգործություն անել, ո՞ւմ կարելի է, ե՞րբ կարելի է եւ ե՞րբ չի կարելի, եւ այլն: Բարեգործության մեջ նույնպես, ինչպես արվեստում, կարեւոր չէ՝ ինչը, կարեւոր է ինչպեսը: Ինչպե՞ս օգնել, որ լինի կիրթ, աննկատ, ինչպե՞ս իսկապես օգնել:
Այսօր համարժեք են մուրացկանն ու բարեգործը: Այսօր բարեգործությամբ զբաղվում է ով ասես եւ մուրացկանությամբ` նույնպես: Այսօր մուրում են` մեծ թե փոքր, հարուստ թե աղքատ, վերադաս թե ստորադաս, մուրում են` կատակելով, խնդրելով, պահանջելով, խաբելով, քծնելով, սիրահետելով, աղերսելով…
Միայն թե չվարժվենք այս ամենին: