2007թ. պետբյուջեով նախատեսված էր հանրապետության ուսուցիչների միջին աշխատավարձը բարձրացնել 27 %-ով, որի արդյունքում նրանց ամսական հաշվարկային աշխատավարձը (մեկ դրույքաչափի դեպքում, որը կազմում է 22 դասաժամ) պետք է կազմեր 74 հազար դրամ: Օրերս համառորեն լուրեր էին պտտվում այն մասին, որ «2007թ. բյուջեի մասին» օրենքն արդեն ենթակա է խախտման, քանի որ եղած գումարները նույնիսկ չեն բավականացնում հանրակրթական դպրոցների շենքերի պահպանման ծախսերին:
Առկա տեղեկությունների համաձայն, բյուջեով նախատեսված 27 % հավելումն իջեցվել է մինչեւ 19 %-ի: Որոշ դպրոցներում խոսվում է անգամ 16 եւ 15 %- ների մասին: (Նշենք, որ համաձայն աշակերտների թվի հետ կապված աշխատավարձերի հաշվառման նոր համակարգի, որքան քիչ է աշակերտների թիվը դպրոցում, այնքան քիչ է ֆինանսների հատկացումը):
Չորեքշաբթի օրն ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը կասկածի տակ դնելով ուսուցիչների օրենքով հաստատված աշխատավարձերի հավելումների հավաստիությունը, հարցադրում էր արել ՀՀ Կրթության եւ գիտության (ԿԳ) նախարար Լեւոն Մկրտչյանին, թե «ինչո՞ւ առաջին հաշվարկման ընթացքում փորձել են հաշվել 27 %-ով, ու հետո հայտարարվել է, որ այդ բարձրացումները վերաբերում են ոչ բոլորին, եւ պետք է վերահաշվարկում կատարել 19,5 տոկոսով»: «Անհասկանալի է, թե այդ հաշվարկներն ինչո՞ւ են փոփոխվել մի քանի օրվա ընթացքում: Հակված չեմ հավատալ, որ խախտում կարող է տեղի ունեցած լինի բյուջեի օրենքում»,- հույս է հայտնել Հ. Բիշարյանը: ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը պարզաբանելով ստեղծված իրավիճակը, փորձել է հնարավորինս հիմնավորել խայտառակ ֆինանսական դեֆիցիտը: «Մենք ունենք ըստ աշակերտի ֆինանսավորման նոր հաշվարկ, եւ մեկ դրույքի ձեւակերպման համաձայն՝ համապատասխան չափաբաժիններ: Եվ այն, ինչ օրենքով նախատեսված է, պիտի պահպանվի, բայց խնդիրն ունի տարիների բացատրություն: Տարիների ընթացքում դպրոցներում տեղի ունեցած օպտիմիզացիայի արդյունքում օրենքով սահմանված կարգով ազատվել են ինչ-որ քանակությամբ ուսուցիչներ, եւ նույն քանակությամբ կամ դրա կեսի չափով ուսուցիչներ նորից ընդունվել են աշխատանքի: Եվ այսօր, ըստ էության, շատ դպրոցներում ունենք մի վիճակ, երբ դրույքի համար նախատեսված չափաբաժնից ավելի, դպրոցն իր ներքին ռեսուրսներով ընդունել եւ պահել է բազմաթիվ այլ հաստիքներ: Այն, ինչ-որ բյուջեով նախատեսված է, մենք ուղարկում ենք, դպրոցն ինքն է մասնատում: Եթե տնօրենները դրույքը մասնատում են 2, 3 կամ 4 մասի, ուրեմն, ըստ դրա էլ, բնականաբար, հաշվարկները փոփոխվում են: Այս խնդրով մենք հիմա լրջորեն պետք է զբաղվենք: Եթե կան կոնկրետ դպրոցներ, որտեղ բյուջեով նախատեսված խնդիրը չի կատարվում, թող դիմեն ԿԳՆ եւ մենք Ֆինանսների նախարարության, քաղաքապետարանի եւ մարզպետարանների հետ ճշգրտումներ կանենք»,- ասել է ԿԳ նախարարը: Լեւոն Մկրտչյանի պատասխանը լուրջ խորհելու տեղիք է տալիս: Առաջին հարցը, որ ծագում է, այն է, թե ինչո՞ւ բյուջեն ընդունելուց հետո են ԿԳՆ-ում գլխի ընկել դպրոցներում եղած հաստիքների գերաճի մասին: Ինչ վերաբերում է դպրոցների տնօրեններին մեղադրելու հանգամանքին, ապա հարկ է նշել, որ հանրակրթական որոշ դպրոցներից մեզ տեղեկացնում են, որ տնօրենների մեղավորությունն այս հարցում բացառվում է, ավելին, եթե, վերջիններս հետեւողական գտնվեն, իրավասու են իշխանություններին պատասխանատվության կանչել, քանի որ մինչեւ 2009թ. կնքված պայմանագրի համաձայն, տնօրենների աշխատավարձը պետք է կազմեր 71 հազար դրամ, այնինչ` 19,5 %-ի դեպքում նրանք կստանան ընդամենը 66.800 դրամ: Նշենք նաեւ, որ ըստ աշակերտի ֆինանսավորման նոր հաշվարկման համաձայն, դպրոցները դասակարգված են խմբերի: 1121 եւ ավելի աշակերտ ունեցող դպրոցները որակված են առաջին կարգի, 641-1120-ը՝ երկրորդ, իսկ մինչեւ 640 աշակերտ ունեցողները պատկանում են երրորդ կարգին: Համապատասխանաբար, սրանց բյուջեները շեշտակիորեն տարբերվում են միմյանցից: Օրինակ, առաջին կարգի դպրոցի տարեկան բյուջեն նախատեսված հավելումներով պետք է կազմեր 133 մլն դրամ, սակայն կրճատվելով՝ հասցվել է 129 մլն-ի: Կարող ենք արձանագրել, որ նախընտրական խոստումներից մեկն արդեն ի չիք է դառնում, ու փորձ է արվում մեղքը բարդել տնօրենների վրա, որոնք բյուջեի ընդունման եւ կատարման հետ գրեթե առնչություն չունեն: Հավելենք նաեւ, որ մեր տեղեկություններով, ԿԳՆ-ի ենթակայության տակ գտնվող սահմանափակ թվով դպրոցներում խոստացված 27 %-ները պահպանվել են, իսկ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում աշխատավարձերն «ընկել են կրճատման տակ»: Մասնագիտական դիտարկումներ կան այն մասին, որ բոլոր հանրակրթական օջախները պետք է պատկանեն մեկ մարմնի, ասենք` ԿԳՆ-ին: Իսկ ոլորտն ավելի կառավարելի դարձնելու համար մասնագետները նպատակահարմար են գտնում դրանք հանձնել տեղական ինքնակառավարման մարմինների տնօրինմանը: