«Հայաստանին Ստալին է պետք»

13/02/2007

Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը զավեշտալի վիճակում է հայտնվել. մի կողմից` նա ընդունում է առօրյա, կենցաղային խոսակցություններում ավելի ու ավելի լայն տարածում ստացող «Հայաստանին Ստալին է պետք» ձեւակերպում-եզրակացությունը, մյուս կողմից` նա համաձայն չէ դրա հետ: Որպես ցենտրիստ եւ, իր խոսքով` «իրականության հրամայականն օբյեկտիվորեն ընդունող», Տիգրան Ուրիխանյանը գիտակցում է ժողովրդավարության գերակայությունը, ժողովրդավարության անհրաժեշտությունը եւ հետեւաբար` քնում, արթնանում, ապրում եւ աշխատում է, նույնիսկ իրեն զոհաբերում է հանուն այդ գերակայության հաստատման Հայաստանի Հանրապետությունում: Բայց հենց այստեղ է, որ ՀԱԿ առաջնորդը, մեղմ ասած, անհարմար վիճակի մեջ է հայտնվում. հոգին այլ բան է թելադրում, գիտակցությունն` այլ: «Հոգուս խորքում ես գտնում եմ, որ այսօրվա Հայաստանի համար հասարակական կյանքի կազմակերպման ու հասարակության մենթալիտետի առումով ավելի շատ հարկավոր է մեկ մարդ, մեկ ուժ, մեկ բեւեռ` կենտրոնացված իշխանությամբ, ընդլայնված հնարավորություններով, խիստ, կոշտ միջոցներ կիրառելու ընդունակությամբ, կարողություններով եւ հնարավորություններով»: Տիգրան Ուրիխանյանի հոգին հուշում է նաեւ, որ այդ մարդը, ուժը կամ բեւեռը պետք է օժտված լինի ուժին ու կոշտությանը համարժեք ազնվությամբ, պարկեշտությամբ եւ բարոյականությամբ: Ու քանի որ մեր զրուցակցի հոգին, ի ցավ իրեն, չի հուշում, թե որտեղ փնտրել ու գտնել հիշատակված հատկություններով ու որակներով օժտված անհատին, նա իրեն դասում է ուտոպիստների շարքին: Հայաստանի անցումային շրջանի համար առաջադիմական գործիչը կոշտ ու բիրտ միջամտություններն ամենալավ ու ամենաարդյունավետ միջոցներ է համարում այնքան, քանի դեռ մեզանում գիտակցված չէ հանրային շահի կարեւորությունը: Պարզվում է, հոգու նույն կանչով էր Տիգրան Ուրիխանյանը մեկ տարի առաջ սահմանադրական բարեփոխումների օգտին քարոզչություն անում: Առավել ժողովրդավարական սահմանադրությունը, ՀԱԿ նախագահի կարծիքով` մեզ պետք է հենց հանրային շահը գիտակցելու եւ կարեւորելու համար: