Քարից հաց քամելու արվեստը

07/05/2005 Մուշեղ ՀԱՍՐԱԹՅԱՆ

Հանքարդյունաբերությունը, ի տարբերություն արդյունաբերության մյուս ճյուղերի, վերջին տարիներին ավելացնում է ծավալները: Հայաստանի ընդերքը հարուստ է քարի տարբեր տեսակներով, որոնք մեծ պահանջարկ են վայելում շուկայում: Արթիկի, Թալինի եւ Աշտարակի շրջաններում արդյունահանում են տուֆ, Լոռվա մարզում` գրանիտ, Սյունիքում՝ բազալտ, կան նաեւ ֆիլզիտի եւ տրավերտինի մեծ պաշարներ: Իսկ ինչպիսի՞ օրենսդրական դաշտ է ստեղծվել քարի արդյունահանմամբ զբաղվող սուբյեկտների համար: Ըստ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի, քարի արդյունահանմամբ զբաղվել ցանկացող սուբյեկտը նախ դիմում է Բնապահպանության նախարարության համապատասխան բաժնին, ստանում է տեղեկանք այդ ոլորտի մասին, այնուհետեւ գործընթացը տեղափոխվում է Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություն, որտեղ դրանով զբաղվում է Բնօգտագործման էկոնոմիկայի եւ հանքային արդյունաբերության վարչությունը: Փաստաթղթավորման հետագա ընթացքը կատարվում է կրկին Բնապահպանության նախարարությունում, որտեղ կնքվում է պայմանագիր շահագրգիռ կողմերի միջեւ: Հանքավայրի պաշարների գնահատումն իրականացնում է օգտակար հանածոների պաշարների գործակալությունը:

Կնքվող պայմանագրում նշվում է արդյունահանման ծավալը, որը չապահովելու դեպքում նախարարությունն իրավասու է չեղյալ համարել կնքված պայմանագիրը: Այս փաստն էլ հիմնական պատճառն է լուծարված պայմանագրերի գերակշիռ մասի համար: Նախարարը նշեց, որ միայն այս տարի չեղյալ են համարվել 79 պայմանագրեր: Բնօգտագործման վճարների հավաքագրումը 2005-ի հունվար ամսվա համար նախատեսված 72,8 մլն դրամը գերազանցել է 7 անգամ՝ հավաքագրվել է 500 մլն դրամ: Հանքավայրերի բարեխիղճ շահագործումը եղել եւ մնում է այն հրատապ խնդիրը, որը միշտ ուշադրություն է պահանջում: Բազմաթիվ են դեպքերը, երբ արդյունահանողը սկսում է աշխատել մեկ այլ տարածքում` առանց վերականգնողական աշխատանքներ կատարելու: Այս պրոբլեմի լուծումը նույնպես գտնվել է: Այժմ հանքօգտագործման պայմանագրի կնքման պահին տնտեսվարող սուբյեկտը շահագործվելիք հանքավայրի հարթեցման համար (ռեկուլտիվացիա) նախապես գումար է մուտքագրում հատուկ հաշվեհամար՝ իրականացվելիք աշխատանքների ծավալի արժեքի 15%-ի չափով: Հանքավայրում աշխատանքների դադարեցման կամ ավարտման հետ մեկտեղ` նա հենց այդ գումարով էլ պետք է կատարի հարթեցումը: Չկատարելու կամ հրաժարվելու դեպքում` այն համայնքի ղեկավարը, որի վարչական տարածքում գտնվում է տվյալ հանքավայրը, պարտավոր է մրցույթ հայտարարել եւ վերը նշված գումարով կատարել այդ գործը: Այս պայմանները միայն վերջին տարիների աշխատանքի արդյունք են, իսկ մինչ այդ շահագործված եւ լքված հանքավայրերը բազմաթիվ են: Նման տեսարանի կարելի է հանդիպել Սիսիանի շրջանի Շաքի գյուղի վարչական տարածքում, որտեղից մեծ ծավալով բազալտ են արդյունահանում: Ի դեպ, նշված հանքավայրերի մի մասն էլ շահագործել է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, որին պատկանում է Սիսիանի քարի մշակման կոմբինատը (Տեղեկացնենք, որ ԱԺ պատգամավորն իրավունք չունի զբաղվել տնտեսական գործունեությամբ): Ի դեպ, Հերմինե Նաղդալյանի կոմբինատն անմասն չէր Լինսի հիմնադրամի հատկացրած գումարներից: Երեւանի փողոցներում իրականացվող «բորդյուրների հեղափոխության» գլխավոր մատակարարը հենց Սիսիանի քարի մշակման կոմբինատն էր, չնայած այն փաստին, որ Սիսիանի բազալտը բնավ էլ ամենահարմար շինաքարը չէ բորդյուրի համար՝ այն ծակոտկեն է եւ փխրուն:

Նախարարը նշեց, որ հանքավայրերի անբարեխիղճ շահագործման փաստերի դեպքում` համայնքի ղեկավարը, որի վարչական տարածքում գտնվում է նշված օբյեկտը, պետք է ահազանգի Բնապահպանության նախարարություն, որից հետո միայն իրենք իրավասու են համապատասխան միջոցներ ձեռնարկել: Դե, իսկ եթե հանքավայրի տերը պատգամավոր է կամ մեկ այլ ազդեցիկ պաշտոնյա, համայնքների ղեկավարների ահազանգելու հավանականությունը բնականաբար կնվազի՝ ձգտելով զրոյի: Այլ կերպ ասած, հանքավայրը շահագործողը կարող է «լեզու գտնել» տվյալ համայնքի ղեկավարի հետ, եւ ամեն ինչ նորմալ կլինի: Իսկ Բնապահպանության նախարարությունը, ըստ այս տարօրինակ օրենքի, իրավունք չունի միջամտել, քանի դեռ համայնքը չի բողոքել: Համենայնդեպս, Շաքիի գյուղապետից նախարարությունը որեւէ ահազանգ չի ստացել: Լքված եւ չհարթեցված հանքավայրերը կամ ժողովրդի լեզվով՝ քարհանքները, զբաղեցնում են հետագա օգտագործման համար ոչ պիտանի հարյուրավոր հեկտարներ, պատճառ են դառնում բազմաթիվ դժբախտ դեպքերի եւ կորուստների: Իսկ առանց այդ էլ հողազուրկ Հայաստանի համար նման տարածքների կորուստն իր մեջ լուրջ վտանգ է պարունակում: Նշենք նաեւ, որ հարթեցված հանքավայրը հետագայում պիտանի է ոչ միայն որպես արոտավայր, այլեւ` շատ դեպքերում, այդ տարածքն օգտագործվում է դաշտավարության բնագավառում: Ամեն դեպքում, Բնապահպանության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում հետամուտ է լինում հատկացված հանքավայրերի, ըստ կնքված պայմանագրերի, շահագործմանը, եւ նոր հատկացված տարածքները, նախարարի հավաստմամբ, չեն հայտնվի լքվածի կարգավիճակում:

Պետության ստանալիք օգուտների մասին վերջերս բավական լուրջ խոսակցություն ծավալվեց տիկին Նաղդալյանի եւ Հարկային ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի միջեւ: Աչքի առաջ ունենալով այն փաստը, որ մեծ թվով գործարարներ, օգտվելով պարզեցված հարկ վճարելու հնարավորությունից, միտումնավոր թաքցնում են իրենց գործունեության իրական ծավալները, Հարկային ծառայությունը որոշել է այս հարկատեսակը կիրառել միայն առեւտրի եւ սպասարկման ոլորտում՝ բնականաբար, հանքարդյունաբերությունն էլ է դուրս մնում այդ դաշտից, ինչն էլ բուռն արձագանք էր առաջացրել: Հայաստանի Վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը եւ Հերմինե Նաղդալյանը հենց այս պատճառով էլ հանդիպեցին Արմեն Ալավերդյանին: Հանքավայրերի շահագործումը 100-ից 90-ի դեպքում իրականացվում է կոպիտ խախտումներով՝ անտեսելով բոլոր նորմերը: Հանքավայրից կորզելով հնարավորինս մեծ ծավալի շինաքար, սեփականատերերը ոչինչ չեն ձեռնարկում դրա փակման համար՝ ուղղակի բացում են նորը, հին հանքավայրը թողնելով բարձիթողի վիճակում: