Այս տարի Հայաստանի առեւտրային շուկայում լրիվ նորություն էր զեղչի համակարգի կիրառումը: Մինչդեռ այն արտասահմանում վաղուց ընդունված երեւույթ է: Սեզոնի վերջում կամ ապրանքի նոր խմբաքանակ ստանալուց առաջ հնի գները կտրուկ իջեցնում են, որպեսզի ազատվեն դրանցից:
Ճիշտ է, անցած տարիներին էլ խանութները զեղչեր անում էին, սակայն ոչ այս չափով: Բացի այդ, վաճառողները զեղչեր անում են ամեն օր՝ մթերային շուկաներում, հագուստի տոնավաճառներում, կենցաղային իրերի խանութներում եւ այլուր: Ամենօրյա գնումների ժամանակ մենք սովոր ենք սակարկել՝ 50 դրամ` խնձորի մեջ, 2000 դրամ` կոշիկի, 10 դոլար՝ հեռուստացույց գնելիս, 50 դոլար` կահույքի մեջ, 1000 դոլար` տուն գնելիս, եւ այդպես շարունակ: Ընդ որում, սակարկելու հատկությունը կարծես թե մեր արյան մեջ բավականին խոր արմատներ ունի: Մենք չենք սիրում հագուստ, հեռուստացույց կամ կահույք գնել պիտակի վրա նշված գնով, անպայման ուզում ենք որոշ չափով էժանացնել, թեկուզ շատ չնչին չափով՝ մեր հոգու հանգստի համար: Մանավանդ, որ վաճառողները սակարկելու համար գրեթե միշտ «տեղ թողնում են»: Այս տարի սկսված համատարած զեղչերը, այն էլ՝ մեծ տոկոսներով, հաճելի նորություն էր: Խանութներով շրջագայելը մեր կանանց համար դարձավ հաճելի զբաղմունք: Նշենք, որ այդ հաճույքը տարածվում է միայն հագուստի եւ կոշիկի վրա: Էլեկտրական, կենցաղային իրերի կամ այլ ապրանքների վրա լինում է ընդամենը 10-15 % զեղչ:
Ամեն քայլափոխի հագուստի ու կոշիկի խանութներ ենք հանդիպում, որոնց դռներին ու պատուհաններին դաջված «զեղչ՝ 50-70%» հայտարարությունը հրապուրում է եւ ներս է հրավիրում: Պարզ է, որ շատերն են գայթակղվում, եւ խանութներն էլ հաճախորդներով լեցուն են լինում: Ամեն մի հաճախորդ փորձում է օգտվել ընձեռված հնարավորությունից, մեկ-երկու շոր կամ կոշիկ գնել, թեկուզ այդ հագուստն այս սեզոնին հարմար չէ: Սակայն զեղչերը մեզ միայն ուրախություն չեն բերում, դրանք երբեմն նյարդայնացնում եւ տխրեցնում են: Ոգեւորված հաճախորդների կողքին մենք երբեմն հիասթափվածների ենք հանդիպում: Նրանք, ովքեր զեղչերից առաջ են այդ խանութներից գնումներ կատարել, հիմա արդեն հիասթափություն են ապրում՝ տեսնելով, որ իրենց գնած շորը կրկնակի անգամ էժանացել է: Ընդամենը մեկ ամիս առաջ այդ շորը թանկարժեք էր, այդ պատճառով` նաեւ «պրեստիժնի» էր: Եթե մեկ ամիս առաջ քչերը կկարողանային գնել այդ հագուստը, հիմա արդեն շատերի համար է մատչելի: Այս հանգամանքը պճնամոլներին տխրեցնում է: Այդ զեղչերից մենք ինչ-որ տեղ նաեւ մեզ խաբված ենք զգում՝ մտածում ենք, թե կրկնակի, եռակի անգամ ավելի թանկ ենք վճարել, քան իրականում արժեր: Բոլոր դեպքերում մեր իրականության մեջ կատարված այս նորարարության մասին մենք փորձեցինք զրուցել հենց «նորարարների» հետ: Միայն Աբովյան փողոցում կան հագուստի, կոշիկի եւ պայուսակների մոտ 20 խանութներ, որոնք ամանօրյա տոներից հետո իրենց ապրանքը էժանացրել են 50-70 տոկոսով: Դրանցից շատերը մոտ մեկ տարի առաջ են բացվել եւ արտասահմանյան ֆիրմաների ներկայացուցիչներ են: «Մեր խանութն ինքնուրույն ոչինչ չի ձեռնարկում, հայտնի «Մանգո» ֆիրմայի ներկայացուցիչն է, եւ մեր գնային քաղաքականությունը կարգավորվում է ֆիրմայի կողմից,- ասում է «Մանգոյի» մենեջերը: -Երբ սեզոնը փոխվում է, ապրանքի գներն իջեցնում ենք, որ շուտ վաճառվի, որպեսզի նորը ստանանք»:
«Մանգոյում» հիմա 50-70% զեղչեր են, եւ մենեջերը հավատացնում է, որ իրենց խանութում վաճառվող հագուստը «ֆիրմա» է: Նույն պատկերն ու բացատրություններն էին տալիս նաեւ դրա դիմացի մայթի «Ստուդիո», Մաշտոցի փողոցի վրա գտնվող «Լեւիս» խանութներում: Իսկ «Մանգոյի» կողքին աշխատում է «Բանանա» խանութը, որը վաճառում է հիմնականում ամերիկյան «Գեփ» (GAP) ֆիրմայի հագուստ: Այնտեղ զեղչը 50% էր: Այդ խանութն ինչ-որ մի ֆիրմայի ներկայացուցիչը չէ, այլ սեփականատերն ինքն է գնում Ամերիկա եւ ապրանք բերում: Այդ պատճառով էլ ինքնուրույն է որոշում իր զեղչի չափը: «Բանանայի» մենեջերն էլ հավատացնում է, որ իրենք ստիպված են այդքան մեծ զեղչ արել: «Մեր կողքերը հագուստի մի քանի մեծ խանութներ կան, որոնք մեծ զեղչեր են արել, դրա համար ստիպված՝ մենք էլ արեցինք,- ասում է «Բանանայի» աշխատակիցը: -Թե չէ՝ մերը չէր վաճառվի: Թեպետ մենք զեղչեր անելուց ազատ ենք, մեզ թելադրող գլխամասային ֆիրմա չկա: Ինչքան ուզում ենք` այնքան ենք իջեցնում, իհարկե, հնարավորությունների սահմանում: Ուղղակի մեր հաճախորդն արդեն գիտի, որ մեզ մոտ վաճառվում է հիմնականում «GAP» ֆիրմայի ապրանքը: Մենք մյուս խանութների նման թուրքական կամ չինական ապրանք չենք բերում եւ եվրոպականի անվան տակ խաբում մեր հաճախորդներին: Այս խանութ մտնողը, թեկուզ արտասահմանցին, արդեն գիտի, թե ինչ է գնում»:
Այսպես շատ խանութներ մտանք ու զրուցեցինք, եւ գրեթե բոլորն էլ նույն պատասխանները տվեցին: Երբ հարցնում էինք, թե մեծ զեղչերի ժամանակ գներն ինքնարժեքից գոնե մի քանի տոկոս բա՞րձր են սահմանում, թե՞ ինքնարժեքից էլ ցածր են պահում, բոլոր խանութների ներկայացուցիչներն էլ հիմնականում դրական էին պատասխանում: Այսինքն՝ ինքնարժեքից փոքր-ինչ բարձր գին են սահմանում: Իսկ երբ մենք երկրորդ հարցն էինք ուղղում՝ ուրեմն խանութների տերերն այդ հագուստների վրա կրկնակի՞, հնարավոր է նաեւ` ավելի՞ բարձր գին են դնում, մեր զրուցակիցները հարցի ենթատեքստը հասկանալով՝ պատասխանները կտրուկ փոխում էին: Սկսում էին երկար բացատրություններ տալ այն մասին, թե շահույթ ստանում են մինչեւ զեղչելը, հետո սկսում են վնասով աշխատել: Բայց դա իրենց այդքան էլ չի հուզում, որովհետեւ մինչեւ զեղչելը սպասելիքներն արդեն ստացած են լինում: Սակայն պարզ դարձավ, որ այդ խանութների տերերը շահույթ ստանում են նաեւ զեղչերի ժամանակ, իսկ ընդհանրապես ստանում են գերշահույթ: Այն, որ հագուստի բիզնեսը շահութաբեր է, դա հասկանալի էր այն հանգամանքից, որ վերջին 1-2 տարիներին Երեւանում խանութներն աճել են սնկերի նման: Սակայն հետո այնպես ստացվեց, որ առաջարկը գերազանցեց պահանջարկը, եւ որոշ խանութներ էլ փակվեցին: Միգուցե դա էր պատճառը, որ լճացում առաջացավ, եւ համատարած զեղչեր սկսվեցին: Շատերն ասում են, թե միեւնույն է, զեղչային համակարգը արտասահմանից վաղ թե ուշ ներմուծվելու էր: Սակայն առաջիկա տարիների համար դժվար է հավատալ, որովհետեւ մեր զեղչը դրսի զեղչից տարբերվում է: «Արտասահմանում մեծ մասշտաբի զեղչեր լինում են հիմնականում ամանօրյա տոներին, որպեսզի նվեր անեն ժողովրդին,- ասում է «Բանանայի» մենեջերը: -Մեզ մոտ հակառակն է: Խանութների տերերը տոների ժամանակ չեն էժանացնում: Մտածում են, թե մարդիկ, միեւնույն է, տոներին նոր հագուստներ են գնելու, եւ իրենք դրանից մեծ օգուտ կունենան: Հայաստանում զեղչ արեցին տոներից հետո, որովհետեւ ժողովրդի ձեռքին էլ փող չէր մնացել»:
Այստեղ տեղին է ասել, թե մեր զեղչն ուրիշ է: Բոլոր դեպքերում համատարած զեղչերը մեր կյանքում արդեն իրականություն են, եւ մենք կարող ենք օգտվել այդ հնարավորությունից: Իսկ պճնամոլներին` չտխրելու համար կարելի է խորհուրդ տալ` չշտապել եւ սպասել մեծ զեղչերին: Միգուցե խանութների տերերը որոշեն իրենց գերշահույթի հաշվին խղճին մոտիկ գներ սահմանել: