Վերջերս ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը ՌԴ Անվտանգության, պաշտպանության եւ իրավապահպանության հարցերով ակադեմիայի եւ Միջազգային հարաբերությունների գիտությունների ակադեմիայի հրավերով մեկնել էր Մոսկվա, որտեղ նրան շնորհվել են հիշյալ ակադեմիաների իսկական անդամի կոչումներ եւ հանձնվել համապատասխան վկայականներ: Ակադեմիան ռուս եւ հայ ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած ծառայությունների եւ անձնական մեծ ավանդի համար Ա. Ղուկասյանին պարգեւատրել է Պետրոս Մեծի I-ին աստիճանի շքանշանով: ԼՂՀ նախագահին շնորհվել է նաեւ սույն ակադեմիայի պրոֆեսորի կոչում: Մոսկովյան այցի ժամանակ Ա. Ղուկասյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տեղի հայկական համայնքի հետ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ ԼՂՀ-ում մարդասիրական եւ ներդրումային խոշոր ծրագրեր սկսելու, այդ թվում` ոռոգման համակարգի վերակառուցման վերաբերյալ: Այդ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարը տրամադրելու են մոսկվաբնակ հայ գործարարները:
Ի դեպ, վերջին շրջանում Ռուսաստանի հայերի մոտ ակնհայտորեն աճում են Ղարաբաղի հանդեպ հետաքրքրությունները: Դեռեւս անցյալ տարի անընդհատ խոսվում էր այն մասին, որ Ղարաբաղում շատ քիչ ներդրումներ են կատարում ռուսաստանցի մեր հայրենակիցները: 2006թ. առաջին քայլը կատարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որը նոյեմբերին կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից անցկացված հեռուստամարաթոնից հետո հիմնադրամին փոխանցեց 1մլն դոլար: Այժմ արդեն մոսկվաբնակ մյուս հայերն են «ակտիվացել»: Բնականաբար, այս ակտիվությունը Ղարաբաղում դիտվում է քաղաքական տեսանկյունից՝ հաշվի առնելով, առաջին հերթին, նախընտրական շրջանը: Բացի այդ, վերջերս Արա Աբրահամյանի եւ նրա խորհրդական Անդրանիկ Միհրանյանի այն հայտարարություններից հետո, թե Արկադի Ղուկասյանը պետք է երրորդ անգամ առաջադրի իր թեկնածությունը, հազիվ թե այդ ներդրումները դիտվեն այլ տեսանկյունից: Առայժմ հայտնի չէ՝ կներդրվե՞ն արդյոք այդ գումարները, թե՞ ոչ, դրանք Ղարաբաղ կմտնեն գալիք նախագահական ընտրություններից առա՞ջ, թե՞ հետո: Առայժմ պարզ չէ նաեւ, թե ովքե՞ր են առաջադրելու իրենց թեկնածությունները ԼՂՀ նախագահական գալիք ընտրություններում: