Գուշակիր մեղեդին

07/05/2005 Արա ԳԱԼՈՅԱՆ

Բանկային համակարգը թերեւս ամենափակն է մամուլի համար։ Պատճառն այն չէ, որ այս ոլորտի գաղտնիքները պաշտպանված են օրենքով։ Բանկային համակարգի գործառույթները հանրամատչելի ներկայացնելը բավական բարդ գործ է։ Մյուս կողմից էլ, դրանք պակաս հետաքրքիր են հասարակական լայն շերտերի համար։ ՀՀ բանկային համակարգի ու ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ լայնամասշտաբ հետաքրքրասիրություն կար 90-ական թթ. առաջին կեսին։ Այդ տարիներին արագ-արագ բանկեր ու ֆինանսական կազմակերպություններ էին հիմնադրվում։ Ստեղծվում էին, նույն արագությամբ բնակչությունից փող հավաքվում (քաղաքակիրթ բառապաշարով` ավանդներ էին ներգրավում) ու սնանկանում։ Հետո այս լայնածավալ գործընթացը կտրուկ ընդհատվեց։ Շատերը վստահ էին, որ վերջացան բնակչության խնայողությունները (փողերը)։ Բայց հասարակության մի փոքր հատվածը, որին սովորաբար բանկիրներ են անվանում, այլ կարծիք ուներ։ Նրանք Օստապ Իբրահիմովիչի պես հստակ գիտեն` եթե պետությունում դրամանիշներ են տպագրվում, ուրեմն կան մարդիկ, որոնց մոտ դրանցից շատ կա։ Հետեւաբար, հարկավոր էր վերականգնել մարդկանց վստահությունը բանկային համակարգի նկատմամբ ու շարունակել բնակչությունից փող հավաքելու վսեմ գործընթացը։

Պետությունն իհարկե չէր կարող բավարարվել դիտորդի կարգավիճակով։ Ինքն էլ ստեղծեց իր սեփականը եւ որպեսզի այն մյուս մանր-մունր կոմերցիոն դրամատների հետ չշփոթեն, անվանեց Կենտրոնական բանկ։ Կենտրոնական բանկին, բնականաբար, տրվեց ֆինանսական դաշտը վերահսկելու ֆունկցիան։ 1996թ. ընդունվեցին օրենքներ բանկային գործունեության, ՀՀ ԿԲ-ի եւ բանկային գործունեության մասին։ Եվ դրանք մոտավորապես այն ժամանակներն էին, երբ Հայաստանում իրար ետեւից պայթում էին մի քանի տասնյակ ֆինանսական կազմակերպություններ ու բանկեր։ ԿԲ ու երկրի տնտեսական ղեկավարությունը հասարակությանը համոզում էր, որ բնակչության ավանդների նկատմամբ իրենք պատասխանատվություն չեն կրում։ Առեւտրային բանկերին առաջարկվեց բանկային ասոցիացիա ստեղծել եւ ինքնուրույն հաղթահարել ճգնաժամը։ Որ այս մոտեցումն ազատական չէ, այլ` վայրենի, բանկային ոլորտի ղեկավարները գլխի ընկան տարիներ անց։ 2003թ. ապրիլին, ԿԲ 20-րդ կանոնակարգն արդեն «ֆիզիկական անձանց բանկային ավանդների եւ հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» էր։ Չի կարելի ասել, թե սա ավելորդ զգուշավորության դրսեւորում է։ Փոխարենը` կարելի է պնդել, որ այն ընդունվեց մի քանի տարի ուշացումով։ Երկրի բանկային համակարգն արդեն ձեւավորված էր, եւ, որ ամենակարեւորն է` կայուն։

ՀՀ կայուն բանկային համակարգը հազվադեպ է դառնում հասարակական խոսք ու զրույցի թեմա։ Մասամբ` իր կայունության, մասամբ էլ` այն պատճառով, որ հստակ կանոնակարգված այս ոլորտը վատ է ինտեգրված տնտեսության մեջ։ Հայաստանի արտադրական, առեւտրական եւ բանկային համակարգերը միմյանց հետ թույլ կապեր ունեն։ Այնուամենայնիվ, դրանք իրարից բացարձակ ազատ չեն։ Հայաստանի բանկերը վարկային մի քանի տեսակի ծրագրերով ֆինանսավորում են տնտեսության որոշ ոլորտներ։

Անցած տարվանից ԿԲ-ն պարբերաբար հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում։ Այս անգամ պատճառը դրամի արժեւորումն է ամերիկյան դոլարի նկատմամբ։ Դեռեւս 1997թ. պետբյուջեի քննարկման ընթացքում ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը հայտարարեց, որ երկրի դրամաշրջանառության առնվազն կեսը տարադրամային է։ Թե ո՞ր տարադրամի մասին է խոսքը, դժվար չէ հասկանալ։ Իսկ 2004-ին ԿԲ ներկա նախագահ Տիգրան Սարգսյանն էր զարմացած պնդում, որ Հայաստանում ոչ միայն տնտեսությունն է դոլարիզացված, այլեւ` մտածողությունը։

Դրամի կուրսի ներկա տատանումից հատկապես տուժում է մանր ու միջին բիզնեսը։ ՀՀ առեւտրային բանկերի վարկային ներդրումների մոտ 45%-ը կարճաժամկետ է։ Այսինքն, տրված են մեկ տարուց պակաս ժամկետով։ Վարկ վերցրած գործարարի համար դրամի արժեւորումը դառնում է լրացուցիչ հարկ։ Ոչ կարճաժամկետ համարվող վարկերն էլ իրականում երկարաժամկետ չեն, դրանք տրվում են առավելագույնը 4 տարի ժամկետով։ Իսկ շարքային քաղաքացին հակված է ենթադրելու, որ բանկերը նորից աչք են դրել իր դոլարային խնայողություններին։ Հետաքրքիր է, որ ԿԲ-ն պաշտոնապես փորձում էր հասարակությանը համոզել, թե դրամի կուրսի տեղաշարժերի վերահսկողությունն իր գործառույթների ոլորտում չէ։ Մարդու իրավունքների պաշտպան Լ. Ալավերդյանի թեթեւ ձեռքով հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը օրենքներ վատ գիտե։ Բայց բանկային օրենսդրության չիմացության մեջ Ռ. Քոչարյանին մեղադրել առայժմ դժվար է։ Որովհետեւ 2004-ի սեպտեմբերին ՀՀ նախագահը հենց ԿԲ ղեկավարությանը որոշեց հրավիրել քննարկելու դրամի արժեւորման առեղծվածը։ ՀՀ գործող օրենքներով Կենտրոնական բանկին են տրված արժութային գործակալի լիազորությունները, եւ ԿԲ-ն է զբաղվում արժութային շրջանառությամբ եւ արժութային կարգավորմամբ։ Քննարկման արդյունքը բոլորս հիշում ենք։ Դոլարի գնի անկումը մի քանի ամսով կանխվեց։ Բայց, որ պատճառները չուսումնասիրվեցին ու չվերացվեցին, ակնհայտ է։

Վերջին շրջանում համաշխարհային շուկայում դոլարն արժեւորվում է (գինը բարձրանում է), իսկ Հայաստանում հակառակ գործընթացն է։ Ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն փաստին, որ մեր տնտեսության երկնիշ աճի նկատմամբ շրջանառության մեջ գտնվող դրամի զանգվածը անհամամասնորեն է աճում (ընդամենը` 4%)։ Հնարավոր ենթադրություն կարող է լինել այն, որ ԿԲ-ն չի հավատում տնտեսական աճի տվյալներին եւ փորձում է հստակ կառավարելիության ոլորտում պահել ֆինանսական համակարգը։ Այն, որ ԿԲ-ն զգուշավոր է իր քայլերում, չի կարելի դրական չհամարել։ Ընդգծենք, որ պետության ղեկավարությունն էլ զգուշավոր է ԿԲ-ի հանդեպ քայլերում։ Հատկապես կադրային քաղաքականության մեջ։ Դրամի ներդրումից հետո ԿԲ գործող նախագահը թվով երկրորդն է։ Բայց արդեն լրանում է Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման «ԿԲ մասին» օրենքով նախատեսված յոթնամյա ժամկետը։ Բանկային համակարգի նկատմամբ հասարակության հետաքրքրության աճը մասամբ սրանով է պայմանավորված։ Կշարունակի՞ պաշտոնավարել հին նախագահը, թե՞ կնշանակվի նոր մարդ` դժվար է ասել։ Ավելի հեշտ է հաղթել «Գուշակիր մեղեդին» հեռուստախաղում։ Որովհետեւ բանկային թեման մամուլի համար շարունակում է մնալ ամենափակը (հոդվածի սկզբում նշած պատճառով)։