Բաղադրությունը: Ջուր` 94-96%, ազոտային նյութեր` 0,5-0,65%, ճարպեր` 0,9-0,12%, բջջաթաղանթ` 0,2-0,35%, մոխրացող նյութեր` 0,2-0,3%, շաքարներ` 1,5-17%, վիտամին C` 10-40 մգ, B խմբի վիտամիններ, 0,1-0,12 մգ` վիտամին E, 16 մգ` կալցիում, 118 մգ` կալիում, 13 մգ` մագնեզիում, 12 մգ` ֆոսֆոր, 1 մգ` երկաթ, պղինձ, ցինկ:
Կիրառությունը: Միջնադարի բժիշկները սեխին վերաբերվել են թշնամաբար, համարելով, որ այն խափանում է աղիների գործունեությունը: Վրացիները սեխն օգտագործում են լուծի դեմ:
Ֆոն Սվիտենը սեխը կիրառել է ցինգայի, մելամաղձության, հոգեկան հիվանդությունների, իսկ Բորելը` թոքախտի դեպքում:
Պեկենն այն կիրառել է բորբոքային, տենդային պրոցեսների, ջերմությունը իջեցնելու, ծարավը հագեցնելու համար:
Սեխն օգտագործում են նաեւ նյարդային համակարգը հանգստացնելու, ռեւմատիզմի, պոդագրայի դեպքում: Սերմերի ջրաթուրմն օգտագործում են որպես միզամուղ եւ երիկամները բուժող միջոց:
Սեխի եփուկն ունի կոսմետիկական արժեք. մաշկի տարբեր արատների վերացման միջոց է (օգտագործում են քսելու եղանակով):
Ըստ Ամիրդովլաթի` սեխի հյութով թրջոցներն օգտակար են աչքի ուռուցքի դեպքում: Այն առատացնում է մեզը, քարերից մաքրում երիկամները, դադարեցնում է թարախային արտազատությունները: Սերմերից ճզմումով ստացված յուղն օգնում է միզուղիների խոցի բուժմանը, նորմալացնում է դեմքի գույնը, բուժում տենդը: Կեղեւների եփուկով ոտքերը լվանալը վերացնում է ոտքերի ցրտահարությունից առաջացած ուռածությունը:
Շատ կարեւոր է իմանալ, որ սեխի հետ արգելվում է ուտել մեղր, ձու եւ կաթնամթերքներ: