Զգում է, որ բարդ չէ

09/02/2007

Հաջորդ շաբաթ Փարիզում Էներգետիկայի հարցերով միջազգային կոնֆերանսի շրջանակներում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Մեթյու Բրայզայի եւ Բերնար Ֆասյեի հանդիպումը խորհրդատվական նպատակով: Այդ մասին Բաքվում հայտարարել է Մ. Բրայզան: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հարկավոր է քաղաքական կամք: Այժմ իրավիճակը բարդ չէ, սակայն բավականին բարդ է ժամանակացույցը, քանի որ Հայաստանում ընտրությունների տարի է: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում զարգանում է ժողովրդավարությունը, ընտրություններ են անցնում՝ դա լավ է: Խնդիրը կլուծվի, ես զգում եմ դա, բայց չեմ կարող ասել, թե երբ: Կարող եմ ասել, որ լավատես եմ այս հարցի լուծման առումով, սակայն չեմ կարող ինքս լուծել այն: Մենք սպասում ենք, որ նախագահները պատրաստեն հասարակություններին: Մեր աշխատանքն է` օգնել երկու կողմերին քայլ առ քայլ բանակցություններ վարել»,- ասել է համանախագահը: Մ. Բրայզան նաեւ ասել է, որ մի քանի շաբաթից տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: